Ինչ էին կորցրել թուրքական ուղղաթիռները Հայաստանի օդում
ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային սահմանն անցնելու մասին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանի հայտնած տեղեկությունը: Սա, թերևս, այն դեպքն է, երբ լռությունն ակնհայտորեն ավելի խոսուն է:
Ինքնին հետաքրքրական է, որ տեղեկությունը հայտնում է քաղավիացիայի վարչության պետը` այն դեպքում, երբ սահմանը ոչ թե քաղաքացիական նշանակության օբյեկտներ են հատել, այլ` ռազմական: Եթե դա այնպիսի գաղտնիք էր, որ ռազմական գերատեսչությունը, ազգային անվտանգության ծառայությունը և հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնող ռուսական սահմանապահ ուժերի վարչությունը նախընտրում են լռել, ապա ինչո՞ւ է որոշվել կատարվածը բացահայտել հենց Արտյոմ Մովսիսյանի միջոցով: Ամենայն հավանականությամբ պատճառն այն է, որ օդանավակայանի ռադարների կողմից խախտման դեպքերն արձանագրվելուց հետո հենց քաղաքացիական օդանավերի շարժմանը հետևող հայաստանցի դիսպերտչերներն են իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր ձեռնարկել` թերևս տեսնելով, որ հակաօդային պաշտպանության հայ-ռուսական համատեղ համակարգը ոչինչ չի ձեռնարկում: Չի կարելի բացառել, որ հենց դրանից առաջացած անհանգստությունն է եղել պատճառը, որ հայկական կողմը փորձում է դեպքը մասնակի հրապարակայնացնելու միջոցով ազդել Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշպանությունը ստանձնած սահմանապահ զորքերի ՌԴ հարավային օկրուգի կամ դրա ենթակայութան տակ գտնվող հայաստանյան կենտրոնակայանի վրա:
Իսկ մտահոգվելու առիթ առավել քան կա: Արտյոմ Մովսիսյանը նշել է, թե թուրքական կողմն ուղղաթիռների կողմից սահմանը խախտելու հանգամանքը բացատրել է եղանակային վատ պայմանների և ցածր տեսանելիության հանգամանքով: Սահմանը պատահականորեն հատելու այս վարկածին հնարավոր կլիներ հավատալ, եթե առկա չլինեին երկու կարևոր հանգամանք:
Նախ թուրքական ուղղաթիռները սահմանը հատել են երկու անգամ, իրար հաջորող օրերի՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին: Որքանո՞վ է համոզիչ, որ առաջին օրը սահմանը խախտելուց հետո թուրք օդաչուները հաջորդ օրը կատարեին նույն «սխալը», այն էլ սահմանի նույն հատվածում՝ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի շրջանում, և նույն հիմնավորմամբ: Ժամանակակից տեխնոլոգիաներով ռազմական մեքենաների հագեցվածության պայմաններում նման պատահականություններ, այն էլ շարունակական, չեն լինում:
Երկրորդ՝ այդ նույն օրերին թուրքական ռազմաօդային ուժերը միայն Հայաստանի սահմանը չէ, որ խախտել են: Հունական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ հոկտեմբերի 6-ին թուրքական F-16, F-4A և CN-235 ռազմական ինքնաթիռներից կազմված երեք խմբեր Թուքիային մերձ Մակրոնիսոս կղզու շրջանում 39 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանները: Այսինքն միևնույն ժամանակահատվածում իր թե արևելյան և թե արևմտյան սահմաններին թուրքական ռազմաօդային ուժերն իրականացրել են ինչ-որ գործողություններ, որոնք ուղեկցվել են երկու հարևան երկրների սահմանները խախտելով:
Այս իրողություններն ի չիք են դարձնում թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի սահմանն այդ օրերին «պատահականորեն» խախտելու մասին հավաստիացումները: Բայց ամենակարևորն այստեղ այն է, որ ի տարբերություն Հայաստանի, հունական կողմը ոչ թե նախընտրել է «փլավ կախել» սեփական հանրության ականջներին, այլ ձեռնարկել է ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ և թերևս պարտադիր միջոցները: Ինչպես հունական աղբյուրներն են նշում, սահմանը խախտած ինքնաթիռները որսացվել են հունական ՀՕՊ համակարգերի ռադարների և օդ բարձրացած ռազմական ինքնանթիռների կողմից, ինչից հետո սահմանախախտման դեպքերը դադարել են:
Այս իմաստով Հայաստանի արևմտյան սահմաններին տեղի է ունեցել մի իրադարձություն, որ անկախ մասշտաբներից, սասանում է Հայաստանի օդային տարածքի անվտանգության լիարժեք ապահովվածության մեջ հանրային վստահությունը և հավատն առ այն, որ օդային սահմանների պաշտպանությունը գտնվում է իսկապես վստահելի ձեռքերում: Այդ իրադարձությունը ոչ այնքան ուղղաթիռների կողմից սահմանը խախտելն է, ինչը, համաձայնենք, անկախ պատճառներից, հաճախակի հանդիպող երևույթ է, այլ հայկական և ռուսական կողմից դրսևորված փաստացի անգործությունը: Խնդիրն այն է, որ ըստ երևույթին, թուրքական կողմից սահմանը խախտելու վերաբերյալ նույնիսկ զգուշացում չի հնչել ՀՕՊ հայ-ռուսական համատեղ համակարգի կողմից: Հակառակ դեպքում իրավասու պետական մարմիններին՝ տվյալ դեպքում ՀՀ ՊՆ-ին կամ ԱԱԾ-ին, ոչինչ չէր խանգարում այդ մասին գոնե հպանցիկ տեղեկատվություն տարածել՝ հնարավոր տեղեկատվական արտահոսքերից, դրանց հիման վրա ծավալվելիք ասեկոսեներից և ենթադրվող խուճապային տրամադրություններից խուսափելու համար: Հաշվի առնելով, որ սահմանի պաշտպանությունն իրականացվում է ռուսական սահմանապահ ուժերի պատասխանատվությամբ, պետք է ենթադրել, որ հենց ռուսական կողմն է փորձել թաքցնել կատարվածը, իսկ հայկական կողմը կամ չի կարողացել կամ չի ցանկացել ազդել ռուս սահմանապահների այդ որոշման վրա՝ հայտնվելով իսկապես անհեթեթ վիճակի մեջ:
Ուղղակի հետաքրքիր է` եթե ի պատասխան սահմանը խախտելու պատճառների մասին հայ դիսպետչերների հարցի, թուրքական կողմը պատասխաներ, որ պարզապես տուրիստներ են հանել շրջագայության՝ Հայաստանի տեսարժան վայրերը վերևից ցուցադրելու համար, ինչ էին անելու ռուս սահմանապահներն ու հայկական ռազմաօդային ուժերը: Մինչդեռ բոլորովին դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ թուրքական կողմի արձագանքը, եթե սահմանն իսկապես վատ եղանակային պայմանների պատճառով խախտած լինեին հայկական ռազմական ուղղաթիռները:
Թուրքական ռազմաօդային ուժերի այս, ըստ էության, պրովոկացիոն քայլը տեղի ունեցավ Սիրիայի տարածքում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից Թուրքիայի սահմանը մի քանի անգամ խախտելուց և դրանց շուրջ ռուս-թուրքական հարաբերությունների լարումից հետո: Չի բացառվում, որ պրովոկացիան ուղղված էր ոչ թե ուղղակիորեն Հայաստանի դեմ, այլ Ռուսաստանի` հաշվի առնելով, որ թե Անկարան և թե Մոսկվան, որքան էլ ամոթալի լինի խոստովանելը, Հայաստանն ավելի շատ ընկալում են որպես ռուսական տարածք, իսկ ավելի կոնկրետ` ռուսական ֆորպոստ: Մանավանդ որ և, թերևս, առաջին հերթին այն պատճառով, որ Գյումրիում է գտնվում ռուսական միակ արտերկրյա լիարժեք ռազմաբազան` 102-րդ ռազմակայանը:
Թուրքական կողմն ուղղաթիռներով Հայաստանի սահմանը հատելով ուղղակի թե անուղղակի փորձել է ցույց տալ, որ ոչ միայն այդ տարածքներն ու ռազմաբազան են իր համար բավականաչափ խոցելի, այլև որ եթե Ռուսաստանը չփոխի Սիրիայում իր քաղաքականությունը, փորձի սեփական դիրքերն ամրապնդել իր շահերի ու հետաքրքրությունների հաշվին, ցանկացած պահի կարող է նրա համար գլխացավանքի նոր օջախ ստեղծել հենց Հարավային Կովկասում՝ օգտագործելով ոչ միայն Ադրբեջանի ձեռքերով ղարաբաղյան խնդրի տաքացման ռեսուրսը, այլև անմիջականորեն` Հայաստանի ողջ տարածքը փաստացի վերածելով երկկողմանի ռազմաքաղաքական առճակատման թատերաբեմի:
Ռուսական կողմը հասկացել է ուղերձը: Այն լռությունը, որը ՀՀ ՊՆ-ն և ռուսական սահմանապահ ուժերի հայաստանյան կենտրոնակայանը պահպանում են ուղղաթիռների սահմանախախտման միջադեպի առնչությամբ, ամբողջությամբ տեղավորվում է Թուրքիայի հետ սիրիական ճնաժամի հարցում առճակատման չգնալու Մոսկվայի քաղաքականության տրամաբանության մեջ: Փաստացի ռուսական կողմը, Հայաստանի անվտանգության հարցում ցուցաբերելով անգործություն, չկատարելով իր պայմանագրային պարտավորությունները, փորձում է լուծել Թուրքիայի հետ իր հարաբերությունների հարթման կամ չսրելու խնդիրը:
Չյանած հնարավոր չէ արդարացնել ռուսական կողմի այս մոտեցումը, բայց կարելի է հասկանալ: Ի վերջո, սա նման ոչ առաջին ու ոչ էլ, վստահաբար, վերջին դեպքն է լինելու: Միայն Ադրբեջանին հարձակողական զինտեխնիկա մատակարարելու անվերջանալի թվացող գործարքները բավական են դրանում համոզվելու համար: Սակայն ընդհանրապես հասկանալի չէ պաշտոնական Երևանի ցուցաբերած լռությունը, որն այլ կերպ, քան ռուսական շահերով առաջնորդվելու հերթական դրսևորում, դժվար է որակել:
Սա չի նշանակում, թե սահմանը խախտելու առաջին կամ երկրորդ դեպքից հետո թուրքական ուղղաթիռները պետք է խոցվեին: Դրա մասին մտածելն անգամ անիմաստ է: Խոսքը վերաբերում է տեղի ունեցածը դիվանագիտական մակարդակով բարձրաձայնելու համարձակությանը: Այն հանգամանքը, որ Հայաստռանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, այս դեպքում չի կարող հիմնավորում լինել: Ընդհակառակը. հենց այդ հանգամանքը պետք է ստիպեր հարցին քաղաքական չափավոր հնչեղություն տալ, որովհետև որևէ տեսակի հարաբերությունների բացակայության պայմաններում նման խախտումներն այլ կերպ, քան երկիրի նկատմամբ հնարավոր ագրեսիա, չի որակվում:
Դա անհրաժեշտ էր նաև Ռուսաստանին հասկացնելու համար, որ մեղմ ասած այնքան էլ համաձայն չէ հանուն ռուս-թուրքական եղբայրական (թեկուզ ժամանակավորապես խարխլված) հարաբերությունների, համակերպվել Հայաստանի անվտանգությունն ապահովելու պայմանագրային պարտավորությունը չկատարելու իրողության հետ: Եվ դա ունի շատ պարզ բացատրություն. հանդուրժել նման անգործությունը, նշանակում է ստեղծել դրա նախադեպը թե ռուսական կողմի համար, թե թուրքական` սահմանը ցանկացած դեպքում և ցանակցած նպատակով խախտելու իմաստով: Ի վերջո սա պետության տարածք է, այլ ոչ թե խաղադաշտ, որտեղ կարելի հանգիստ ռեգբի խաղալ:
Ի դեպ Հայաստան-Թուրքիա սահմանը նաև ՀԱՊԿ-ի սահման է: Առ այսօր ռուսական քաղաքական-փորձագիտական շրջանակները համառորեն համոզում էին, որ ՀԱՊԿ-ի իրական դերը Հայաստանի համար ոչ թե նրան Ադրբեջանից պաշտպանելն է, ինչի կարողությունը Երևանն ունի, այլ` Թուրքիայից: Արձանագրված միջադեպը փաստացի փշրում է նաև այս առասպելը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել