
«Հետքի» հրապարակումից հետո քաղաքաշինության վարչության պետը ազատվել է աշխատանքից
Կոտայքի մարզպետի հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր անձնական դիմումի համաձայն:
«Հետքը» հոդված էր հրապարակել այն մասին, որ Կոտայքի մարզպետարանի պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց ընկերությունները մարզում հաղթում են պետգնումների մրցույթները: Այդ ընկերությունների թվում էին Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանին պատկանող «Աննար» և մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետ Կոմիտաս Հունանյանի կնոջ՝ Լիանա Հունանյանի «Մարմար-Էտուալ» ՍՊԸ-ները:
Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ քաղաքաշինության վարչության պետը ազատման դիմում գրել է ոչ ինքնակամ: «Հետքի» հրապարակումից հետո, խորհրդակցություն է եղել և որոշվել է, որ վարչության պետը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների փորձագետ Արտակ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հետքի» հրապարակումը եղել է տիպիկ շահերի բախման օրինակ: Նա կարևորում է գնումների ոլորտում վերահսկող օղակի ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի շահերի բախման դեպքում պաշտոնյաները հայտարարագրեն այն, իսկ վերահսկող մարմինը պարզի, ուսումնասիրի՝ արդյոք պաշտոնյաները որևէ բան չեն թաքցնում:
Մեկնաբանել