HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բաբայան. «Գերմանիայում լրագրողները, հասարակությունը կոռուպցիայի նշույլ բացահայտելուց հետո քաղաքական դիակ են դարձնում պաշտոնյային»

Լուսինե Ստեփանյան

Մեր հայրենակից Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, նկարիչ Գագիկ Բաբայանն արդեն 24 տարի Հայդելբերգի նկարիչների միության անդամ է: Նա ցուցադրվել է Գերմանիայի բազմաթիվ մեծ ու փոքր քաղաքներում և առայսօր հանդես է գալիս բավականին հետաքրքիր նախագծերով: Հայդելբերգի նկարիչների միության նախագահ Վերներ Շաուբը նաև ԳԴՀ ողջ տարածքի նկարիչների միության նախագահն է, որի ղեկավարած կառույցը ոչ միայն կարևորագույն նշանակություն ունի արվեստի, այլ նաև` երկրի քաղաքական ընտրությունների համար:  

Մոտ 150 000 բնակչություն ունեցող այս քաղաքն առանձնահատուկ է իր բացառիկ ճարտարապետությամբ, մշակութային արժեքներով և զբոսաշրջիկների աննախադեպ հոսքով: Նշենք նաև, որ Հայդելբերգը Գերմանիայի այն հազվագյուտ քաղաքներից է, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրեթե չի ռմբակոծվել միայն այն պատճառով, որ ամերիկացիները, հմայվելով քաղաքի գեղեցկությամբ, որոշել են իրենց ռազմական շտաբը Հայդելբերգում տեղակայել` արգելելով տարածքի ռմբակոծումը: Ոչ միայն ԳԴՀ-ում, այլ նաև` աշխարհում, Հայդելբերգը համարվում է փիլիսոփայության և միֆական քաղաք, որն ունի հրաշալի ամրոց, հնագույն և մոդեռն քանդակներով, ճարտարապետական նուրբ լուծումներով ինքնուրույն դեմք:

Նեկար գետը քաղաքը կիսում է երկու մասի` ստեղծելով բնության մեջ քաղաքի, քաղաքի մեջ բնության, պատմական և ժամանակակից քաղաքի առեղծվածային հրաշալի համապատկերը: Հայդելբերգը հայտնի է նաև իր մտավորական, ինտելեկտուալ, գիտական ներուժ ունեցող բնակչությամբ, որտեղ, ի թիվս բազմաթիվ օտարերկրացիների, նաև բնակվում են հայ գիտնականներ, արվեստագետներ, ֆիզիկոսներ, բժիշկներ և ուսանողներ: Համաշխարհային ճանաչում ունեցող, Եվրոպայում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը` 1386թ. հիմնադրված Հայդելբերգի համալսարանն իր` մասնավորապես իրավաբանական և բժշկական ֆակուլտետներում տարեկան ընդունում է միլիոնավոր օտարերկրացի ուսանողների, որոնք հետագայում իրենց երկրներում կարողանում են իրացնել ուսումնական հաստատության փոխանցած բարձր գիտելիքները: Այս քաղաքում է գտնվում աշխարհի ամենահայտնի հակաքաղցկեղային խոշոր կլինիկաներից մեկը, որտեղ քաղցկեղով հիվանդությունների պայքարում մասնագետներն ուղղակի հրաշքներ են գործում: Հակաքաղցկեղային կլինիկա են ուղևորվում աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ: Ի դեպ, կլինիկայի մասնագետների մոտ տարակուսանք է առաջացնում Հայաստանից կլինիկա դիմողների անհավանական մեծ հոսքը, որի մասին առաջիկայում մանրամասներ կհրապարակենք:

Նկարիչ Գ. Բաբայանը Գերմանիայում քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ակտիվ ընտրող և տեղեկացված քաղաքացի է: Ի տարբերություն Հայաստանի քաղաքացիների` Գերմանիայում հասարակությունն այն հզոր ուժն է, որը ձևավորում կամ տապալում է իշխանությանը: Այլ կերպ ասած` ԳԴՀ յուրաքանչյուր քաղաքացի իր քվեի հետ ստեղծում է իր ապագան` հավատալով, որ իշխանության ձևավորման գործընթացում իր ձայնն ապահովելու է կյանքի որակի իր ընտրությունը: Մենք փորձեցինք Գ. Բաբայանի հետ զրուցել ոչ միայն արվեստի, այլ նաև` Գերմանիայում քաղաքական ընտրությունների մեխանիզմների թեմայի շուրջ:

այաստանի նկարիչների միությունը, ինչպես գիտեք, թեև համարվում է անկախ կառույց, այդուհանդերձ, ընտրությունների ժամանակ շատ դեպքերում ծառայում է իշխանություններին: Ասում եք` Հայդելբերգի նկարիչների միությունն իր անդամներով հանդերձ, ընտրում է թեկնածուների արվեստի զարգացման ծրագրերը, մինչև անգամ սատարելով ձախ ուժերին: Մեզ` հայերիս համար մի տեսակ անհավանական է թվում:

-Նկարիչների միությունը նաև համագործակցում է քաղաքական ուժերի հետ` սատարելով այն ուժին, որն արվեստի զարգացմանն ուղղված խելամիտ ծրագիր կարող է առաջարկել: Օրինակ` Հայդելբերգի նախկին քաղաքապետը, ով ձախ ուժի ներկայացուցիչ էր, աջակցում և համագործակցում էր Նկարիչների միության հետ: Նոր քաղաքապետն անկուսակցական և ավելի կենտրոնամետ հայացքներ ունի, ով արվեստի դաշտում զգալի փոփոխություններ չի կատարում: Ազատ են նաև Նկարիչների միության անդամները, ովքեր կարող են նաև այս կամ այն կուսակցության անդամը լինել, որն ամենևին չի անդրադառնում ստեղծագործական կյանքի վրա:

Պետք է նշեմ, որ Հայդելբերգի նկարիչների միության անդամներն ունեն շատ քննադատական հայացքներ: Ցանկացած ընտրությունների կարևորագույն հարցը ֆինանսավորումն է` նոր բյուջեի բաշխմամբ ու քանակով: Երբ որևէ թեկնածու կամ գործող ղեկավար փորձում է արվեստի ոլորտում կրճատել ֆինանսավորումը կամ վնասել զարգացմանը, բնականաբար, անմիջապես մեծ ընդդիմություն է ձևավորում: Այսպես է, եթե օրինակ` որևէ քաղաքական ուժ կամ թեկնածու ներկայացնում է ծրագիր, համաձայն որի` արվեստի դաշտում զարգացում, ֆինանսական ռեսուրսներ է ապահովելու, ուրեմն` նա ունենում է ընտրողների, կողմնակիցների մեծ բանակ, որն, իհարկե հետագայում խոստումները չիրականացնելու դեպքում նույն ընտրողների միջոցով էլ զրկվում է իշխանությունից:

-Իսկ Նկարիչների միության նախագահը որքանո՞վ է ազատ քաղաքական ընտրությունների հարցում: Այսինքն` իշխանության ներկայացուցչին չընտրելու դեպքում չի՞ վտանգում իր իշխանությունն իր ղեկավարած կառույցի նկատմամբ:

-Անկասկած ազատ է: Խոսքի ազատությունն այստեղ սահման չունի, ընդ որում` միության նախագահից սկսած` մինչև անդամները, ունեն խիստ քննադատական հայացքներ: Նույն նկարիչները կարող են արվեստի միջոցով քաղաքական սուր հարցադրումներ անել, խայտառակ քաղաքական ծաղրանկարներ տպագրել լրատվամիջոցների էջերում և այլն: Ընդհանրապես Գերմանիայում մարդիկ շատ լուրջ  են վերաբերվում ընտրություններին, թերթեր են կարդում, տեղեկատվությանն ուշադիր հետևում են, որպեսզի հանկարծ չսխալվեն ձայնը տալիս: Ոչ այնքան երիտասարդությունը, որքան աշխատանք ունեցող մարդիկ քաջ գիտակցում են, որ իրենց ընտանիքի ապահովությունն անմիջականորեն կախված է ընտրություններից: Քաղաքական բոլոր ակտուալ հարցերը քննարկվում են քաղաքացիների կողմից, օրինակ` հիմա փախստականների նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշումը հասարակական ընդվզում է առաջացրել: Աշխատող մարդը, ով հարկատու է, չի կարող անտեսել քաղաքական զարգացումները, քանի որ դրանք ուղիղ անդրադառնում են մարդկանց կյանքի կենսամակարդակի վրա: Մեր կյանքի կենսաապահովումն այսպես թե այնպես կապված է իշխող կուսակցության որոշումներից: Այսինքն, եթե ինքդ քո կյանքի որակի մասին չես մտածում, ուրեմն` կարող ես արհամարհել այդ հարցերը:

Նույն փախստականների վերաբերյալ քննարկումները շատ բազմակարծիք են, բայց մեծ հաշվով, այս իրավիճակը կարող է քաղաքական նոր խնդիր ստեղծել: Բողոքական մասը շատ մեծ է, հարցը լուծում չի ստանում և հասարակական այդ բողոքական շերտը սպասում է ընտրություններին, որպեսզի իր ընտրությունը կատարի այն ուժի օգտին, ով հարցին լուծում կտա: Կարող եմ վստահեցնել, որ բոլոր կուսակցություններն էլ շատ ուշադիր և զգայուն են վերաբերվում մարդկանց կարծիքին և պահանջին: Օրինակ` Լիբերալիստական կուսակցությունն ամենահներից է Գերմանիայում, որը տվել է մեծ քաղաքակական գործիչներ, բայց, քանի որ նախորդ ընտրություններին տված խոստումները չկատարեց, հաջորդ ընտրություններին նույնիսկ 10% չհավաքելով` ուղղակի տապալվեց պատմական մասշտաբներով: Հասարակությունը պատժեց այդ կուսակցությանը` թույլ չտալով անգամ մտնել Բունդեսթագ: Քաղաքականությունը շատ կապված է մեր կյանքի հետ և հնարավոր չէ անտեսել:

-Պատկերացնո՞ւմ եք` ՀՀ ԱԺ պատգամավորական ընտրությունների ժամանակ Հայաստանի նկարիչների միությունը քննարկի և որոշի ամբողջ կազմով ձայն տալ ընդդիմադիր ուժի:

-ԲայցՀայաստանում ընդդիմություն կա՞...

-Անդրադառնանք արվեստի խնդրին. Տեսե’ք, Հայաստանում միֆ ենք ստեղծել, թե եվրոպական երկրներում պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների հոսքը շատ մեծ է, մինչդեռ այդպես չէ: Նույն գերմանացիներն այդ խնդիրը համարում են սուր` վստահեցնելով, որ հատկապես երիտասարդությունն առանձնապես հետաքրքրված չէ մշակութային արժեքներով: Օրինակ` վերջերս Ֆրանկֆուրտի Ժամանակակից արվեստի թանգարանում միջազգային ցուցահանդես էր, որի այցելուները հիմնականում զբոսաշրջիկներն էին: Ասել, որ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է` իրականությունից հեռու է:

Մյուս կողմից էլ Գերմանիայում արվեստն ամենուր է: Մշակութային խելամիտ  քաղաքականություն է կիրառվում: Ժամանակակից մոդելներ են ստեղծում, օգտագործում են բոլոր գործիքներն արվեստը հասարակությանը մոտեցնելու համար: Ընդ որում` ուր պտտվում, արվեստ ես տեսնում: Վարչական բոլոր կառույցներում, մասնավոր հաստատություններում, բուժհաստատություններում էքսպոզիցիաները վկայում են, որ արվեստը եռում է, այն մարդու հետ շարժվում է, մարդու աչքի առաջ է: Անգամ արվեստի հանդեպ անտարբեր մարդն է անկախ իր կամքից շփվում դրա հետ, քանի որ քաղաքները երաժշտության, կերպարվեստի, ներկայացումների մեջ են և ոչ թե` դրանք են քաղաքի մեջ: Այսինքն` մշակութային կառույցներն այլևս կորցնում են իրենց կենսունակությունը և արվեստը սրահից տեղափոխվում է ազատ գոտի` ամենուր:

-Արվեստի շուկան է զտվել: Եվրոպա մտնելուց առաջ, այսպես ասած` հին Գերմանիայում կար մի խավ, որը պատրաստ էր պատկերասրահներից խոշոր գումարներով նկար գնել: Եվրոյի մուտք գործելուն զուգահեռ հասարակությաան ֆինանսական դրությունը զգալի փոխվել է, քանի որ միջին խավը բավականին սննկացել է: Իսկապես կար ավանդույթ նկար գնելու, որը մարդկանց ֆինանսական կարգավիճակի հետ զուգահեռ որոշակի անկում ապրեց:

-Բայց այդ ավանդույթն այսօր էլ կա. Ամեն երկրորդ գերմանացին փոքրիկ կամ մեծ կոլեկցիա ունի և իրենք շատ սիրում են տան պատերին նկար տեսնել: Այլ հարց է նկարի որակն ու գեղարվեստական արժեքը:

-Ես ինչ լսում եմ գալերիստներին` դժգոհում են նկարի վաճառքից: 1995թ., երբ եկա Հայդելբերգ, մեծ թվով գալերեաներ կային, որոնք, սակայն ժամանակի ընթացքում փակվեցին, ընդ որում` շատ լավ, մոդեռն արվեստ, հայտնի նկարիչների ներկայացնող գալերեաներ էին: Այսօր էլ` նկարներ վաճառվում են, բայց գալերեա մուտք գործելը բավականին բարդ է: Ես մինչ օրս իմ գալերիստին չեմ գտել, որովհետև այս կամ այն կերպով պետք է կոմպրոմիսի գնամ, որպեսզի իրենց պրոֆիլին համընկնեմ: Այն, ինչը ես եմ անում` անում եմ մաքրասրտորեն, որն իմ արվեստն է և թե որքանով է հասկացվում` ինձ քիչ է հետաքրքրում: Գալերեաները շատ ակտիվ են մեծ քաղաքներում, որտեղ ցուցահանդեսները եռում են և մարդիկ գնում են նկարներ:

Բայց ինչ խոսք, արվեստը գնահատելու հատկությունը ամենուր կորում է աստիճանաբար: Ի դեպ, այստեղի շուկան այնքան մեծ է, որ Հայաստանի հետ համեմատությունն է սխալ: Պոստեվրոպա, Ռուսաստան, Արևմտյան եվրոպա բոլորն աշխատում են գերմանական շուկայում` համարելով այն հարուստ շուկա: Այսինքն` առաջարկն ահավոր մեծ է: Իմ ցուցահանդեսներին ներկա են լինում հիմնականում տարեց մարդիկ: Եվ հետո գաղտնիք չէ, որ վերջին շրջանում շատ նկարիչներ իրենց արվեստը հարմարեցնում են կոմերցիային` այդ դարձնելով աչքի խաղ և արժեզրկելով մաքուր արվեստի գոյությունը: Ինչ վերաբերվում է թանգարաններ այցելություններին, ապա մարդկանց հոսքը շատ մեծ է:

-Մեծ հաշվով, ինչպես նշեցի, գալերեաներն այլևս կենսունակ չեն, քանի որ նկարի ցուցադրության կոնցեպցիան է փոխվել: Ինձ համար ապշելու բան էր, երբ Ֆրանկֆուրտի մայր տաճարի պատերին տեսա բավականին ազդեցիկ աբստրակտ նկարներ: Այսինքն` անգամ Կաթոլիկական եկեղեցին է հոգևոր արժեքների մասին արվեստի լեզվով խոսում: Վորմս քաղաքի մայր տաճարում լուսանկարչական ինքնատիպ ցուցահանդես էր, որով հոգևոր դասը Աֆրիկայի աղքատ ու հիվանդ բնակչությանը ձեռք մեկնելու քարոզչություն էր անում: Լուսանկարչական շարքը և’ լավ արվեստ էր, և’ սոցիալական հարցարդում: Մինչդեռ Առաքելական եկեղեցին սրբապատկերներից այն կողմ արվեստի ոլորտի նախագծերի տեսլական չունի: Հասարակական մշակութային պահանջները փոխվում են, իսկ արվեստի ցուցադրման մեխանիզմները մնում են նույնը:

- Մշակութային արժեքների քարոզչության գործում, անշուշտ, Կաթոլիկ եկեղեցու դերակատարումը մեծ է: Մյուս կողմից էլ` կա խնդիր, հավատացյալների թիվը զգալի պակասում է, և եկեղեցին փորձում է ալտերնաատիվ համերգներով, ցուցահանդեսներով բաց լինել հասարակության առջև: Այս պահին Հայդելբերգի մեծ եկեղեցում էլ ցուցահանդես կա: Իսկապես նման միտում կա:

- Մի քիչ խոսենք մեր ազգային առանձնահատկություններից: Հայաստանում մենք միֆ ենք ստեղծել, թե հայերն աշխարհի համար յուրահատուկ են մշակույթով, ավանդույթներով, գեներով և այլն: Դրսում հասկանում ենք, որ մենք մեզ խաբում ենք, օրինակ` միջին գերմանացին տեղյակ չէ, որ աշխարհում գոյություն ունի Հայաստան և հայ ազգ: Էլ չեմ ասում, որ մենք պահանջում ենք ճանաչել Ցեղասպանություն մի ազգից, որը տարրական տեղեկատվություն չունի մեր մասին, էլ ուր մնաց պատմական անցյալից:

-Իսկապես կա նման խնդիր: Մենք ունենք մեծ մշակույթ ստեղծելու, աշխարհի համար հետաքրքիր լինելու պոտենցիալ, բայց… Մեր աշխարհագրական իրավիճակը մեզ շատ է փակում աշխարհից, քանի որ ունենք անհաջող հարևանություն: Իսկապես մեր ամբիցիաները մեզ վնասում են, մենք չհիմնավորված մեծամտություն ունենք: Գուցե մեր տարածաշրջանում մշտապես համեմատվելով վատ օրինակների հետ, մենք ստեղծել ենք այդ միֆերը, բայց, եթե ռեալ նայելու լինենք, իսկապես պետք է օբյեկտիվորեն վերանայենք մեզ:

Անշուշտ, մենք հետաքրքիր ենք աշխարհի համար, եթե մենք մեզ կարողանում ենք ներկայացնել: Նույն գերմանացիները շատ դրական տրամադրվածություն ունեն հայ ազգի նկատմամբ և իրենց հետաքրքիր է մեր մշակույթը, մենթալիտետը, մարդկային տեսակը: Մեր ժողովուրդն իսկապես առանձնահատուկ է, պարզապես ստացվել է այնպես, որ մի բանդիտական սիստեմից մյուս բանդիտական սիստեմի ձեռքն անցնելով` այլևս չի դիմանում: Նույն բավարացիները երբեք իրենց հողը չեն լքում, շատ կպած են իրենց հողին և օտարերկրացիների հանդեպ էլ առանձնապես հանդուրժող չեն: Հարուստ ու հողին կպած բնակչությունով երկիր է, բայց հայերն էլ ունեն նույն հատկությունն, ուղղակի արտագաղթում են` այլևս հույս չտեսնելով երկրի իշխանության փոփոխության մեջ:

Մի խումբ ֆեոդալներ միջնադարյան սիստեմով ֆեոդաալիզմ են ստեղծել, որոնք երկիրն իրենց մեջ բաժանած ապրում են: Ձեռք չի՞ տալիս, թող գնա: Վերջերս էի Հայաստանում և կարող եմ ասել` ինչ արվում է, արվում է ոչ թե մարդու համար, այլ` մի խումբ մարդկանց շահերի համար: Ժողովրդի վիճակը գնալով վատանում է: Ինքս թոշակառու մայր ունեմ Հայաստանում, ում եթե ես չօգնեմ, թոշակով չի կարող գոյատևել: Միակ լավ բանը ռեստորանային սպասարկման ոլորտն է, որն, ի դեպ անգամ Գերմանիայի նման հարուստ երկրում անգամ այդ որակը չկա:

-Մյուս կողմից էլ` Հայաստանի իշխանությունների համար շահեկան չէ դրսի հետ կապը: Օրինակ` Գերմանիայում ուսումնասիրում ես մարդու իրավունքների դաշտը, անկախ դատական իշխանություն, բուժհաստատությունների անկախ կառավարում, վարչական կառույցների անկախ գործունեություն, որոնք պաշտպանում և աշխատում են մարդու համար և ոչ թե` ծառայում են իշխանությանն ու հանդիսանում են դրա գործիքը: Ավելի անհանդուրժող ես դառնում սեփական իշխանության նկատմամբ և հասկանում ես, որ Հայաստանում ուղղակի մարդն իրավունքները պաշտպանելու եղանակներ չի գտնում: Բոլոր ոլորտները թաղված են կոռուպցիայի մեջ և բոլոր ոլորտներում իրավունքի պաշտպանության հարցում արդարության հասնելու երաշխիք չկա: Այսինքն`կայացած, դեմոկրատական երկրների հասարակական պաշտպանության մոդելի ուսումնասիրությունը մեզ` հայերիս ավելի զգայուն է դարձնում մեր խնդիրների հանդեպ:

-Իսկապես Գերմանիան այն պրոգրեսիվ երկրներից է, որը մարդու իրավունքների պաշտպանության փայլուն մոոդել ունի և, որը չի դոփում, շարունակ վերանայում և բարեփոխումներ է իրականացնում: Այստեղ ամեն ինչ արվում է մարդու համար, Հայաստանում` մարդու դեմ: Տեսնում ես ցուցարանների փոքր քանակն ու հազարավոր ոստիկանական շարասյուները, սարսափում ես, նրանք հայեր չե՞ն… Ես ունեմ իմ համոզմունքը` Ռուսաստանը չի թողնում, որ մենք ոտքի կանգնենք: Սրիկաներին դրել է իշխանության մեջ, որպեսզի իր հետաքրքրությունները պաշտպանեն, իսկ ժողովուրդն ուղղակի տառապում է:

Ես համոզված եմ, որ Եվրոպան մեծ պատրաստակամություն ունի Հայաստանի հետ համագործակցելու, բայց ՀՀ իշխանությունը երկիրը դարձրել է Ռուսաստանի ստրուկը: Հայաստանում միտումնավոր հակաեվրոպական պրոպագանդա է տարվում, որը նույն Եվրոպայի և ԱՄՆ-ի դեմ հակաքարոզչություն անող Ռուսաստանի ձեռագիրն է: Ռուսաստանն ուզում է իր արժեքները տարածել, իսկ որն է իր արժեքն ինձ համար գոնե պարզ չէ` ֆաշիզմն է: Հայաստանում ինքնավարությունը Ռուսաստանին հանձնած ֆեոդալիզմ է: Մարդիկ չգիտեն ներսի թշնամու դեմ պայքարեն, թե` սահմանի:

-Ի դեպ, Գերմանիայի շատ քաղաքացիներ ոչ միայն դժգոհում են երկրի կառավարման համակարգից, այլ նաև` ընտրակեղծիքների և կոռուպցիոն ռիսկերի մասին են խոսում:

-Ընտրություններ կեղծելը բացառվում է: Դա առնվազն անիրական բան է, որովհետև ընտրական համակարգը դա թույլ չի տալիս: Վստահեցնում եմ ձեզ, որ սուտ է, ինքս ակտիվ ընտրող եմ, ակտիվ ընտրողներ են նաև իմ ճանաչած մարդիկ, որոնց մոտ այդ պնդումը կարող է ծիծաղ առաջացնել: Կոռուպցիան նույնպես: Եթե կոռուպցիոն երևույթ բացահայտվեց, ոչ միայն դատարանն է խիստ պատժում, այլ նաև` իրականացնողը հասարակության կողմից գամվում է անարգանքի սյունին: Դատարաններն անվերապահորեն անկախ են, կարող են իշխանավորից սկսած մինչև ընդդիմադիր, դատել: Ոչ մի վերապահում գոյություն չունի:

Նախկին նախագահ Քրիստիան Վոլֆը հեռացավ պաշտոնից, քանի որ հյուրանոցային համարի ծախսը մեկ ուրիշն էր կատարել: Էնպես չէր, որ կաշառք էր վերցրել, բայց համարվեց պաշտոնական դիրքի չարաշահում: Լրագրողներն էնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ մարդը խայտառակվելուց հետո ստիպված եղավ հեռանալ պաշտոնից: Կամ վերջերս երիտասարդ նախարարներից մեկը, ով եղել է և’ Պաշտպանության, և’ Տնտեսության նախարար և, անգամ կանցլեր դառնալու հավակնություններ ուներ: Նա ուղղակի քաղաքական դիակ դարձավ միայն այն պատճառով, որ լրագրողները բացահայտեցին նրա դոկտորական աշխատանքի մոտ քսան էջ կրկնօրինակելու փաստերը: Նա փորձեց, անշուշտ ներողություն խնդրել, բայց հասարակությունը հրաժարական պահանջեց: Գերմանիայում լրագրողները, հասարակությունը կոռուպցիայի նշույլ բացահայտելուց հետո ուղղակի հոշոտում, քաղաքական դիակ են դարձնում պաշտոնյաին: Կոռուպցիան անհնար է Գերմանիայում: Որևէ մեկի համար դա կլինի ճակատագրական խայտառակություն:

Ի դեպ, մի դեպք հիշեցի. Գերմանիայում չեմ հիշում որ հողի, թե` համայնքային ընտրություններին մասնակցել են նաև մի պարսկահայ և թուրք թեկնածուներ: Երկուսն էլ կեղծիքներ են արել, որոնց կեղծարարությունը շատ արագ բացահայտվել է:

Հայդելբերգ քաղաքի լուսանկարների հեղինակը Թոմաս Դերլետն է։

Մեկնաբանություններ (3)

Մարտիկ
Նման նյութին տափակ ասողը պարզ է, թե ինչ նկարագիր ունի։ Իհարկե, ոմանց դուր չի գալիս, երբ Եվրոպայի մասին դրական բան են ասում, իսկ ՀՀ կոռումպացված իշխանություններին՝ քննադատում։ Ամոթը քեզ, Հայկ։
Armo
Հայկ, հոդվածը կարդալուց հետո աչքիս ընկավ քո մեկնաբանությունը ու նորից դանդաղ կարդացի ամբողջ հոդվածը, փորձելով մեկնաբանել ամեն մի պարբերություն ու կռահել թե ինչն է քեզ ստիպել տափակ որակել այս հոդվածը: Միակ բացատրությունս հետևյալ համեմատության մեջ է. Երկիրն էլ է տափակ երևում մեր աչքին, քանի դեռ...
Հայկ
Շատ տափակ նյութ էր: Ամոթ ձեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter