
Այլընտրանքային էներգետիկան Հայաստանի համար «ճոխություն» է
Ամբողջ աշխարհում զարգանում է այլընտրանքային էներգիան, օգտագործում են վերականգնվող աղբյուրներ, սակայն Հայաստանում այս ուղղությամբ արդյունքները շոշափելի չեն: Այստեղ էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ «ավանդականը»՝ մեծ հիդրոկայանները, ատոմային էներգետիկան և ջերմակայանները:
«Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Աղեկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում փոքր ՀԷԿ-երի ոլորտում աննախադեպ ծրագիր է իրականացվել: Նրա խոսքով, եթե 2002թ-ին գործում էր մոտ 20 ՓՀԷԿ, այսօր դրանց թիվը մոտ 170 է: Կան նաև կառուցման փուլում գտնվողներ փոքր հիդրոկայաններ:
Լևոն Աղեկյան
Լ. Աղեկյանն ասում է, որ 2002թ-ին ՓՀԷԿ-երի կողմից արտադրվել է 150 մլն կվտ/ժ էներգիա, իսկ վերջին տարիներին մոտ 700 մլն կվտ/ժ-ից ավելի:
«Սա լուրջ հաջողություն է, աննախադեպ է: Ոչ մի երկրում նմանատիպ զարգացում, ընդամենը 10-12 տարվա ընթացքում չի կատարվել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՓՀԷԿ-երի համար տրվել է շատ ճիշտ սակագին, որը մասնավոր բիզնեսի մոտ առաջացրել է հետաքրքրություն: Բոլոր փոքր ՀԷԿ-երը մասնավոր են և կառուցվել են սեփական միջոցներով»,-ասում է Լ. Աղեկյանը:
Անդրադառնալով ՓՀԷԿ-երի կողմից առաջացրած բնապահպանական խնդիրներին, գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը նշում է, որ դրա հիմնական մեղավորը կոնկրետ ՓՀԷԿ-ն է, ոչ թե պետությունը: Ըստ նրա՝ ջրի համար գոյություն ունի սանիտարական նորմ, պետք է հետևել, որ նորմատիվային պահանջները պարտադիր պահպանվեն և գետի ջուրը 100 տոկոսով չվերցնեն և ուղղեն էներգիայի ստացմանը: Եթե չեն կատարվում այդ նորմերի պահանջները, ապա միակ մեղավորը փոքր ՀԷԿ-երն են, դրանց սեփականատերերը:
Աշխարհում մեծ թափով զարգանում է նաև հողմային էներգետիկան: Այդ ուղղությամբ Հայաստանում առաջընթաց գրեթե չկա: Լևոն Աղեկյանն ասում է, որ 2000-ական թվականների սկզբներին իրականացվել են քամու էներգիայի ներուժի հետազոտություններ: Սակայն, հողմակայանների համար գործող սակագինը բերում է նրան, որ մասնավոր բիզնեսը չի ցուցաբերում հետաքրքրություն:
«Այստեղ խնդիր կա, որը պետք է լուծել: Ոչ մի մասնավոր ներդրում չի անի, եթե ետգնման ժամկետը շատ մեծ է: Ես չեմ կարող ասել, որ լավ սակագին չէ, ինքս նմանատիպ հետազոտություններ չեմ կատարել, բայց եթե լիներ այնպիսի սակագին, ինչպիսին տրվեց փոքր ՀԷԿ-երին, ապա համոզված եմ, որ մասնավոր բիզնեսը շատ արագ այդ ոլորտում ակտիվություն կցուցաբերեր: Կարծում եմ, որ պետք է վերանայել սակագինը և հիմա այդ գործընթացը գնում է»,-ասում է Լևոն Աղեկյանը:
Ըստ նրա՝ 10-15 տարի առաջ կատարված հետազոտությունները, քամու չափագրումներն արդեն հնացել են: Այն ներուժը, որ գնահատված էր, արդեն չի համապատասխանում իրականությանը, և նվազման միտում է նկատվում: Պետք է նորից կատարել չափագրումներ:
Շատ է խոսվում հատկապես արևային էներգիայի մասին: Լևոն Աղեկյանն ասում է, որ արևային էներգիան ցրված էներգիա է և չի կարող հանդիսանալ որպես էներգիայի հիմնական աղբյուր:
«Երբ ասում են արևային երկիր է՝ իհարկե ճիշտ է, ուրիշ հարց, որ պայմանավորված գործող տեխնոլոգիաներով արևային էներգիայի ինքնարժեքը բարձր է և շահութաբերություն ապահովող սակագինն ավելի բարձր կլինի, քան թե վերջնական սպառողի համար գործող սակագինը: Արևային էներգիայի մասնագետն ասում է՝ շատ է արևը, էժան է և այլն: Ոչ, բացարձակ էժան չէ: Այո շատ է, բայց ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ արևային էներգիան կայուն չէ: Ոչ քամու, ոչ արևի էներգիաները կայուն չեն, դրանք խիստ տատանողական են ըստ ժամերի, եղանակների և տարվա սեզոնների: Դրանց վրա հիմք դնելը սխալ է: Ատոմային կայանը, գործող երկու հիդրոկասկադները, ջերմակայանները բազիսային են, արևայինն ու հողմակայանները չեն կարող հանդիսանալ որպես էներգիայի հիմնական աղբյուրներ: Դրանք և թանկ են և անկայուն»,-նշում է Լ. Աղեկյանը:
Օրինակ՝ Գերմանիայի գյուղական վայրերում համատարած օգտագործվում են արևային տեխնոլոգիաները, սակայն անհատ սպառողի համար, դրանք համակարգային չեն: Այնտեղ գոյություն ունի սուբսիդավորման ռազմավարություն: Պետությունը գումարներ է հատկացնում «կանաչ էներգետիկայի» զարգացման համար և հենց դա է բերել արևային էներգետիկայի զգալի զարգացմանը: Հայաստանում վերականգնվող էներգետիկան չի սուբսիդավորվում և էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը մնում է սպառողի հայեցողությանը:
«Մի տեղ կարդացի, որ Հայաստանի ամբողջ տարածքը կարելի է ապահովել միայն արևային էներգիայով: Դա նոնսենս է: Ասենք թե, ֆոտովոլտային կայանը կառուցեցինք: Այդ էներգիան ցերեկը պետք չէ, պետք է երեկոյան, իսկ երեկոյան արև չկա, ի՞նչ պետք է անենք: Կամ պետք է ջուր տաքացնենք, որ հետո այդ տաք ջուրը օգտագործենք, կամ մարտկոցներ լիցքավորենք, որոնք կբավարարեն էլեկտրաէներգիայով 24 ժամ: Իսկ դրա համար պետք է կայանի հզորությունից չորս անգամ ավելի հզոր մարտկոցներ տեղադրվեն, ինչը բերում է ներդրման ծախսերի ավելացմանը» -ասում է Լ. Աղեկյանը:
Արևը ամառվա սեզոնին տալիս է էներգիա օրվա ընթացքում 5-6 ժամ, ձմռանը՝ ավելի քիչ: Լևոն Աղեկյանն ասում է, որ միայն արևային էներգիայի արտադրանքի դեպքոմ հնարավոր չի լինի էներգիայի գրաֆիկի ապահովումը, քանի որ այդ էներգիան կայուն չէ:
«Մաքուր էներգիա» ՀԿ նախագահ Վահե Դավթյանն էլ կարծում է, որ այլընտրանքային էներգետիկայի ներդրման նպատակահարմարության հարցը պետք է բաժանել երկու մասի: Առաջինը տնտեսական մասն է:
Վահե Դավթյան
Հայաստանում գործող միակ հողմակայանը կառուցվել է 10 տարի առաջ՝ իրանական դրամաշնորհի շրջանակներում: Այն գտնվում է Լոռու մարզում: Քամուց ստացված էլեկտրաէներգիայի սակագինը գերազանցում է 40 դրամը, ինչն այն սակագինը չէ, որը կարող է մրցակցային և նպատակահարմար լինել սպառողի համար:
Ըստ ՀԿ-ի նախագահի, նույնը վերաբերում է նաև արևային էներգիային, թեև վերջինս ավելի էժան է: «Առանց պետական սուբիսդավորման այլընտրանքային էներգետիկան Հայաստանում և որևէ այլ երկրում չի կարող զարգանալ: Բավականին թանկ է, պահանջում է ենթակառուցվածքներ, որն այսօր չկան Հայաստանում: Նույն հողմակայանը կառուցելու համար մոտ 5 մլն դոլար է ծախսվել: Բնականաբար վերադարձնելիության խնդիր է առաջանում»,-ասում է Վահե Դավթյանը:
Զրուցակցիս խոսքերով պետության կողմից սուբսիդավորումը մեծ հարցականի տակ է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առանց այն էլ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի ավելցուկ և չգիտեն, թե որտեղ այն սպառել: Եթե տարիներ առաջ լայն թափով գործում էին գործարանները, էլեկտարական տրանսպորտը, էլեկտրագնացքները, այսօր այդ ներքին սպառումը քչացել է: Այդ տարիներին նույնիսկ նախատեսվել է էլեկտրաէներգիա արտահանել մինչև Իրաք, ինչն այսօր երազանք է:
«Այս պայմաններում լրացուցիչ էլեկտրաէներգիա արտադրող համակարգեր ստեղծելը զուտ տնտեսական տեսանկյունից նպատակահարմար չէ: Բայց մենք ունենք պետական, ազգային անվտանգության հարց: Այս առումով պետական ծրագիր պետք է իրագործվի՝ համապատասխան հզորություններ ստեղծելու համար»,-ասում է Վահե Դավթյանը և հավելում, որ եթե առաջնորդվենք միայն բիզնես շահերով, ապա այսօր նպատակահարմար չէ նույնիսկ ատոմակայանի շահագործումը:
Նրա խոսքով՝ էլեկտրագեներացման մեջ ատոմակայանի «փայաբաժինը» կազմում է մինչև 30 տոկոս: Իսկ Ռուսաստանից վերջերս ստացված 30 մլն դոլարի դրամաշնորհը և 270 մլնի վարկը լուրջ բեռ է մեզ համար և հաշվարկված է, որ այն անդրադառնալու է արտադրվող վերջնական սակագնի վրա՝ 2,5 դրամի չափով: Սակայն այն մեզ համար ազգային անվտանգության խնդիր է լուծում և մի կողմ է դրվում տնտեսական նպատակահարմարությունը: Վահե Դավթյանն ասում է, որ պետությունը նույն կերպ պետք է վարվի նաև այլընտրանքային էլեկտրաէներգիայի դեպքում:
«Մաքուր էներգիա» ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք ունեն գիտական ուսումնասիրություններ, ոլորտը զարգացնելու առաջարկություններ, սակայն տնտեսական և բիզնես շահի գործոնը խանգարում է:
Վահե Դավթյանի նկարը՝ իր ֆեյսբուք էջից
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել