Գեղարվեստի դպրոցը Գառնի այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկն է
Մետաքսե Պետրոսյան
Գառնիի գեղագիտական դաստիարակության դպրոցի համար այս տարին հոբելյանական էր՝ սեպտեմբերի 1-ին դպրոցը դարձավ քսան տարեկան:
«Չնայած մեր կյանքում առկա տեխնիկական առաջընթացի բազում միջոցներին՝ համակարգիչ, խելախոս եւ այլն, այսօր մեր երեխաները շատ սահմանափակ են ապրում: Կենսափորձը ցույց է տալիս, որ իրական նյութի հետ շփումն է՝ գույն, ներկ, կավ եւ այլն, որը նա իր ձեռքով է անում, ստեղծում եւ դրանից հաճույք, հոգեկան բավարարվածություն է ստանում»,- ասում է դպրոցի հիմնադիր տնօրեն, գեղանկարիչ Ռուբեն Բաբայանը:
Դպրոցը գառնեցի մանուկների ու պատանիների համար դարձել է դեպի գեղագիտություն ու առհասարակ արվեստ տանող ճանապարհի մեկնակետը: Քսան տարիների ընացքում դպրոցի ճիշտ ձեւավորած մոտեցումներն ու սկզբունքները հիմք են դրել երեխաների՝ իրական ու ճշմարիտ արվեստի հետ շփմանը, նրանց գեղագիտական հայացքների, ճաշակի ձեւավորմանը: Այս առընչությամբ դպրոցի գոբելենի բաժնի դասատու, նկարիչ Ռուզան Խալաթյանը նշում է. «Ինձ համար կարեւորն այն չէ, որ մեր սաները կոնկրետ այս կամ այն ճյուղի մասնագետը դառնան, կարեւոր է նրանց շփումը գեղեցիկի, արվեստի հետ: Վերջապես, կարողանա ճիշտ հագնվել, ճիշտ զարդ կրել, իրեն միջավայրում ճիշտ դրսեւորել»:

Տկն Խալաթյանն իր գոհունակությունն է արտահայտում իրենց ողջ կոլեկտիվի ներդրած ջանքերից, քանի որ այն արդյունք է տվել. այսօր դպրոց են գալիս երեխաներ, որոնց մայրերն ու հայրերն են ժամանակին եղել իրենց սաները:
Հաճելիորեն պետք է արձանագրել նաեւ այն փաստը, որ գեղագիտության դպրոցը դարձել է նաեւ Գառնի այցելող զբոսաշրջիկների նախընտրելի վայրերից մեկը: Նման այցերը շատ հաճախակի են, իսկ գնահատականները` նույնքան տպավորիչ: Նրանք բոլորը, գրեթե առանց բացառության, իրենց հիացմունքն են արտահայտում դպրոցի սաների աշխատանքների վերաբերյալ, լինի՝ նկարչություն, քանդակ, գոբելեն, ասեղանագործություն, թե՛ խեցեգործություն: «Այդ գնահատականը կարեւորվում է նրանով, որ տալիս է օտարը, որն անաչառ է իր կարծիքն արտահայտելիս»,- մեկնաբանում է Ռուզան Խալաթյանը: Նա ներկայացրեց ամռանը դպրոց այցելած ֆրանսիացի զբոսաշրջիկների տպավորությունը, որոնք շրջել են դասարաններով, ապա դպրոցի սաների տարեկան ցուցահանդեսը դիտելուց հետո միաբերան հավաստել են. «Փարիզից դուրս գանք, նման դպրոց չենք գտնի»»:
Դպրոցի սաները մեկ անգամ ոտք դնելով ներկերի ու գույների այդ զարմանահրաշ աշխարհը, այլեւս կապվում են դպրոցի հետ եւ դժվար է նրանց կտրել այդ աշխարհից: Նրանց միտքն ու երեւակայությունը կարծես թռիչքներ է գործում, որն առօրյայում, գուցեեւ, չնկատես երեխայի մեջ: Դպրոցի պատերից ներս կարծես բոլորովին այլ աշխարհ է: Այստեղ կյանքի գույները վառ են, լավատեսական ու պայծառ, կա մի իրական հեքիաթ, որը դիտողին կլանում է ու կտրում առօրյա մտահոգությունների ու հոգսերի թնջուկից:
Պատերին փակցված նկարներում տեսնում ես քո միջավայրում ապրող մարդկանց՝ այս մեկը հարեւան արհեստավորն է, մյուսը՝ վարորդը, երրորդը՝ հողագործը, չորրորդը՝ գլխաշորով տատիկ է՝ համեստորեն գլուխը փոքր ինչ կողք թեքած: Իհարկե, նրանց կողքին են հեքիաթների թագավորները, արքայազներն ու արքայադուստրերը, ծաղրածուները եւ այլն: Բայց այս ամենում առկա մանկական վառ տպավորություններն ու երեւակայությունն են ապշեցնողը, հիացնողը, որը կարող է նաեւ այսքան հասուն լինել: Ասվածի տրամաբանական շարունակությունն է նաեւ անցնող ուսումնական տարվա հաշվետու ցուցահանդեսը, որը հիացրել ու զարմացրել էր ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին, մինչեւ իսկ երեխաների ծնողներին: Վերջիններս բավարարված էին զգում թե՛ իրենց, թե՛ ուսուցիչների ներդրած ջանքերից:
Իմ այն հարցին, թե ինչպես է հաջողվում նման արդյունքի հասնել, տեր եւ տիկին Ռուբեն Բաբայանն ու Ռուզան Խալաթյանը հավաստում են, որ կարեւորը երեխաներին գեղագիտությանը կապելն է, ինչը՝ հուրախություն իրենց, հաջողվել է եւ իրենց եւս բավարարում է աշխատանքների ներկա մակարդակը: Իսկ մյուս ոչ պակաս կարեւոր հանգամանքն իրենց դպրոցի ավանդույթն է՝ թողնել ազատ երեխային իր մտքերի, երեւակայության հետ: «Կարծում ենք, որ հենց այդ ազատությունն էլ նրանց կապում է դպրոցին»,- եզրահանգում են նրանք:
Դպրոցն այսօր շատ կենսունակ է. ունի որակյալ, փորձառու մասնագետներ, որոնք տեղաբնակներ են եւ դպրոցին ու իրենց գործին նվիրյալներ: Գրեթե ամեն ամիս տարբեր մրցույթների մասնակցելու հրավերներ են ունենում ՝ մարզային ու հանրապետական, իսկ տարվա ընթացքում նաեւ մի քանի միջազգային մրցույթների հրավերներ: «Սակայն, քանի որ բյուջեն սահմանափակ է, մենք չենք կարողանում առավելագույնս օգտագործել մեր հնարավորությունները: Ես կցանականայի հաճախակի երեխաներին տանել ստեղծագործական շփումների, հանդիպումների, բայց չունենք բավարար ֆինանսական միջոցներ: Հարկադրված՝ ընտրողաբար ենք մասնակցում: Իսկ արտերկրից ստացվող հրավերքներին մասնակցում ենք ուղարկելով մեր աշխատանքները»,- ափսոսանքով ասում է Ռ. Բաբայանը:
Այդուհանդերձ, նրանց աշխատանքները հաճախ են արժանանում եւ՛ բարձր պարգեւների, եւ՛ պատվոգրերի ու շնորհակալագրերի: «Ռուսաստան-Իսրայել-Հայաստան» մանակապատանեկան եռակողմ մրցույթին, որն անցկացվել է անցյալ տարի, Հայաստանը ներկայացրել է իրենց դպրոցը: Նրանց սաների աշխատանքներն ընդգրկվել են լավագույնների ցանկում եւ տպագրվել այդ մրցույթի շրջանակում հրատարակված կատալոգում: Դրան նախորդել էր Ռուսաստան-Հնդկաստան-Եգիպտոս-Լեհաստան-Հայաստան մանկապատանեկան մրցույթը: Այս շարքը կարելի է էլի շարունակել:
«Ցուցահանդեսները շատ դրական ազդեցություն են թողնում հենց երեխաների վրա: Ամեն տարեվերջի ցուցահանդեսը հաշվետվություն է ոչ այնքան մեզ համար, որքան հենց երեխաների: Նրանք անհամբեր սպասում են դրան՝ տեսնելու իրենց աշխատանքի արդյունքը: Վստահ կարող եմ ասել, որ այսօրվա աշխատանքները տասնհինգ տարի առաջվա գործերից շատ ավելի լավն են»,- գոհունակություն է արտահայտում Ռուզան Խալաթյանը: Տնօրենի գնահատականն ավելի զուսպ է. « Ընդհանուր բավարար եմ գնահատում: Կարող էր ավելին լինել»:
Խոսել Գեղագիտական դաստիարակության դպրոցի մասին եւ շրջանցել կամ առանձնացնել Ռուբեն Բաբայանի ու Ռուզան Խալաթյանի` որպես ստեղծագործող արվեստագետների անձնական ստեղծագործական գործունեությունը, սխալ կլիներ: Որպես նկարիչ ու նկարիչ- գոբելենագործ, նրանք ակտիվորեն ստեղծագործում են: Նրանց աշխատանքները եւս պարբերաբար ներկայացվում են ցուցահանդեսներում թե՛ մեր երկրում, թե՛ արտերկրում: Իրենց առանձնատան վերնահարկում, որտեղ նրանց արվեստանոցն է, նույնպես կա մշտապես գործող ցուցահանդես, որտեղ եւս այցելուների պակաս չեն ունենում: Թե՛ տեղաբնակներին եւ թե՛ օտարերկրացիներին նրանց հյուրընկալ հարկի տակ տեսնելն այլեւս առօրեական է:
Ցուցասրահի ստեղծագործությունները պարբերաբար համալրվում են նոր աշխատանքներով, որոնք խոսում են տարիների ընթացքում այս արվեստագետների անցած ճանապարհի, ստեղծագործական աճի ու հասունության մասին: Վերջին տասնամյակի կտավներում ու գոբելեն աշխատանքներում արտահայտված թեմաներն աչքի են ընկնում թեմաների ընդգրկունությամբ ու ասելիքի խորությամբ: Բաբայան նկարչի դիմանկարները շատ խոսուն են, նրանցում արտահայտված են կերպարի ներքին հոգեվիճակը, տրամադրությունը, հույզը, որը այնտեղից հեռանալուց հետո էլ երկար ժամանակ ուղեկցում է դիտողին: Կամ մատիտանկար գրաֆիկական աշխատանքները. մատիտի ընդամենը մի քանի շարժում կամ ուրվագիծ եւ թղթից քեզ է նայում հստակ ընդգծված մի հայացք, որն իր մեջ բողոքի, խռովքի, սպասման կամ հուզական մեկ այլ դրսեւորման խտացված ասելիք է պարունակում:
«Ես ուզում եմ, որ Ռուբիկը նկարի: Նա կարող է ավելին անել, սակայն դպրոցը կլանում է նրա ժամանակի մեծ մասը: Նա ուղղակի ապրում է այդ դպրոցով»,- ասում է կինը:
Ռուզանի գոբելենները նույնպես լուրջ թեմաներ են շոշափում: Նա կարողանում է թելերի միջոցով արտահայտել իրեն հուզող խնդիրները, քննարկման դնել թեմաներ, որոնք մտածելու տեղիք են տալիս: Նա համարձակորեն խախտել է նաեւ հայկական ավանդական գոբելենագործության կանոններն իր աշխատանքներում. հայկական կարպետագործության մեջ օգտագործվող բրդյա թելերի հետ հավասարապես օգտագործում է առավել «ժամանակակից» թելեր ու նախշեր, կարողանում է ավելի ազատ լինել թեմաների ընտրության հարցում: Այս նորամուծություններն առավել հարստացնում ու գունեղ են դարձնում նրա աշխատանքները, արդիականություն հաղորդում դրանց:
Գեղարվեստի դպրոցի կայանալը, կարելի է ասել, նրանց ամենակարեւոր ձեռքբերումներից է, որի ապագայի նկատմամբ միայն մի մտահոգություն ունի Ռուբեն Բաբայանը՝ իրենցից հետո պահպանվի ու շարունակվի դպրոցի ձեւավորած գեղագիտության ու արվեստի ճշմարիտ ավանդույթներն ու սկզբունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել