
Ստեփանակերտի «Թումո» է հաճախում ավելի քան 700 պատանի
12-18 տարեկան ավելի քան 700 արցախցի երեխաներ Ստեփանակերտից, Շուշիի ու Ասկերանի շրջաններից արդեն սկսել են ուսումը Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։ «Թումոյում» դասերը մեկնարկել են հոկտեմբերի 5-ին, սակայն ընդունելությունը դեռ շարունակվում է։
Ապագա ծրագրավորող 13-ամյա Թամարա Սարգսյանն առաջին անգամ «Թումոյի» մասին լսել է Գյումրիում։ Այդ ժամանակ այնտեղ դեռ նոր էր բացվել կենտրոնը։
«Երբ որ տեսա Գյումրիի «Թումոն», երազում էի, որ մի օր էլ Ստեփանակերտում նման կենտրոն բացվի։ Երազանքս կատարվեց, ու ես այստեղ կայքերի ծրագրավորում եմ սովորելու»,- ասում է Թամարան։
Ստեփանակերտի «Թումոյի» տնօրեն Վիգեն Բալայանի խոսքով՝ իրենք պատրաստ են ընդունել մինչ 900 դիմորդ։ Սահմանված տեղերը լրացնելու հետո, սակայն, չի դադարեցվի դիմումների ընդունելությունը։ Ուշացածներին կգրանցեն «waiting list»-ում, այսպես ասած, սպասողների ցուցակում։
«Աշխատանքային երկորդ շաբաթն է, և մենք շատ տպավորված ենք։ Երեխաները շատ արագ են կատարում բոլոր վարժանքները, և մենք ստիպված ենք ավելի բարդացնել դրանք։ Աշխատում ենք հնարավորինս շատ նյութ տալ, քանի որ այստեղի երեխաները շատ խելոք են»,- ասաց Վ․ Բալայանը։
Բացի հիմնական վարժանքներից շուտով կլինի առաջին հատուկ դասընթացը, որը կվարի իտալացի հայտնի ռազմական լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոն։
«Թումոյում» երեխաները սովորում են 4 հիմանական ուղղություններում՝ կայքերի, խաղերի ու ֆիլմերի ստեղծում և անիմացիա։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել