HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հանուն ընտրական հաղթանակի, կամ ընտրակեղծիքների քաղաքակրթում

Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի նիստին վերջերս ունեցած ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն անցկացնել ամենաթափանցիկ ու արդար ընտրությունները անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում:

«Մենք ցանկանում ենք, որ առաջիկա ընտրությունները հավաստեն մեր ուժեղ եւ անդառնալի նվիրվածությունը ժողովրդավարությանը»,- հավելել է նա:

Ըստ էության, սա այն հիմնական գաղափարն է, որ տեւական ժամանակ արդեն տիրաժավորում է իշխանությունը եւ որով նաեւ փորձում է բացատրել անցած շաբաթ նախագահի կողմից իրականացված կադրային վերադասավորումները, չնայած որ դրանք իշխանության կենտրոնացվածության եւ միահեծանության ապահովման ակնհայտ քաղաքական նպատակներ ունեին:

Երբ տեղի ունեցող գործընթացները, արվող հայտարարությունները դիտարկում ենք այս համատեքստում, ակնհայտ է դառնում, որ ընտրություններին իշխանությունը ոչ միայն սկսում է նախապատրաստվել ընտրախախտումներով, կամ ավելի ճիշտ` դրանց նախադրյալները ստեղծելով, այլեւ փաստացի պետական սահմանադրական ինստիտուտների արժեզրկմամբ ու կուսակցական շահերին ծառայեցմամբ:

ԱԺ նախագահը հրաժարական է տալիս` պատճառաբանելով, թե կուսակցությունն ավելի կարեւոր է համարում ընտրություններից 5-6 ամիս առաջ իր կողմից ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարումը: Իշխող կուսակցությունն, այսպիսով, ներկայացուցչական սահմանադրական մարմինը հավասարեցնում, նույնիսկ ինչ-որ տեղ ստորադասում է կուսակցական ժամանակավոր կառույցին` հանրությանը հստակ ուղերձ հղելով, որ ընտրություններին հաղթանակ ապահովելը ցանկացած պարագայում իր համար ավելի լուրջ ձեռքբերում է, քան, ասենք, ԱԺ-ի` որպես իշխանության թեւի կայացումն ու անկախության ճանաչումը:

Մյուս կողմից` թե ՀՀԿ նախընտրական առայժմ գոյություն չունեցող շտաբի պետը, թե նրա տեղակալի դիրքին «գործուղված» նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը հայտարարեցին, թե իրենց խնդիրը լինելու է աննախադեպ հաջող ընտրությունների անցկացումը: «Մենք պատրաստվում ենք ոչ միայն ապահովել նախագահի կուսակցության հաղթանակը գալիք ընտրություններում, այլեւ նպաստել այնպիսի ընտրությունների անցկացմանը, որից Հայաստանը դուրս կգա ուժեղացած եւ վստահորեն դեպի ապագա նայող»,- ասել էր Միքայել Մինասյանը:

Ինչպես հայտնի է, սակայն, կուսակցությունների նախընտրական շտաբների խնդիրը բոլորովին ընտրություններն այս կամ այն կերպ կազմակերպելը կամ անցկացնելը չէ: Այլ` ընդամենը տվյալ ուժի մասնակցության ապահովումը եւ նախընտրական արշավների ու քարոզչության կազմակերպումը: Ընտրությունների անցկացումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականությունն է, որը սահմանված է Ընտրական օրենսգրքով:

Եվ երբ իշխող կուսակցությունը որոշում է իր նախընտրական շտաբին վերապահել պետության գործառույթները հենց ընտրությունների անցկացման մասով, ստացվում է, որ ոչ թե պետությունը, այլ կուսակցությունն է ստանձնում պատասխանատվությունը ընտրությունների եւ դրանց որակի համար: Իսկ դա դուրս է ոչ միայն ժողովրդավարության սկզբունքների, այլեւ պարզ տրամաբանության սահմաններից: Ի վերջո, ՀՀԿ-ն պետական մարմին չէ, մասնակցելու է ընտրություններին, ունի բացարձակ մեծամասնություն կազմելու անթաքույց նպատակադրումներ, այսինքն` շահագրգիռ կողմ է, իսկ նման պարագայում ոչ թե մտածում են արդար ընտրությունների անցկացման, այլ դրված նպատակին ամեն գնով հասնելու մասին: Ի վերջո, հարց է առաջանում. եթե ՀՀԿ-ն է երաշխավորելու որակյալ ընտրությունների անցկացումը, ապա ի±նչ է  անելու ԿԸՀ-ն:

Փաստացի ընտրությունների ժամանակ ունենալու ենք հակասական մի իրավիճակ, երբ իրական որոշումներ կայացնողը լինելու է ՀՀԿ-ն կամ նրա նախընտրական շտաբը, իսկ ընտրությունների համար պատասխանատուն մնալու է ԿԸՀ-ն, որն ընդամենը ֆորմալ կերպով է կարողանալու ազդել ընտրությունների վրա: Սա ոչ միայն ԿԸՀ-ի` որպես պետական մարմնի եւ ընտրությունների կազմակերպման հիմնական պատասխպանատուի, այլեւ առհասարակ ընտրական համակարգի խեղաթյուրման նախադրյալներ է ստեղծում:

Նման իրավիճակը որեւէ լավատեսություն չի ներշնչում: Իհարկե, ՀՀԿ-ի եւ հանրապետության նախագահի տրամադրվածությունն ակնհայտ է. նրանք պարզապես փորձում են իրենց համար լրացուցիչ այնպիսի ռեսուրսներ գտնել, որ ստիպված չլինեն ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու համար ապավինել այն նույն մեթոդներին, ընտրակեղծիքների համակարգին, որը հանգեցրել է ընտրական համակարգի բացարձակ կաթվածին ու ոչ միայն մշտապես իշխանության լեգիտիմության ճգնաժամ առաջադրել, այլեւ հանրապետության նախագահին ու իշխանությանը եւ առհասարակ պետությանը կախվածության մեջ դրել ընտրակեղծիքների այդ համակարգը գործադրող կոնտինգենտից` քրեաօլիգարխիկ շրջանակներից:

Այսինքն` ՀՀԿ-ն ձգտելու է օգտվել ավելի քաղաքակիրթ տեխնոլոգիաներից, ու ողջ քաղաքական դաշտին փաստացի առաջարկում է առաջնորդվել խաղի այդ կանոններով: Եվ դա դրդում է ժամանակից այսքան շուտ տալ ընտրարշավի մեկնարկը: Սակայն այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իր շտաբի ձեւավորումն ավելի կարեւոր է համարում,  քան պետական ինստիտուտների բնականոն գործունեության ապահովումը, պարզորոշ ուրվագծում է, որ այդ պլանը կատարելու համար ՀՀԿ-ն ոչ թե օգտագործելու է միայն իր քաղաքական ու ֆինանսական կապիտալը, այլ պետական ինստիտուտները, լծակները, վարչական ռեսուրսները, առհասարակ կառավարման ամբողջ համակարգը:

Եվ ստացվում է, որ կարծես թե ամբողջ հասարակության եւ պետության շահերից բխող որակյալ ընտրությունների անցկացման առավելագույն նպատակադրումը իշխող կուսակցությունը պատրաստվում է կենսագործել` ի սկզբանե օգտվելով արգելված միջոցներից: Այսինքն` տվյալ դեպքում գործ ենք ունենում ոչ թե քաղաքակիրթ տեխնոլոգիաների կիրառման, այլ այսպես կոչված քաղաքակիրթ, ոչ այնքան էական համարվող ընտրակեղծիքներին ապավինելու հետ:

Այս իրողությունը պայմանավորված է երկու գործոնով: Առաջին` ՀՀԿ-ն իրականում ոչ այնքան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու խնդիր է լուծելու, ինչում հիմա ուզում է համոզել, որքան բնականորեն իր, կամ ինչպես Միքայել Մինասյանն է դիպուկ բնորոշել` «նախագահի կուսակցության» հաղթանակն ապահովելու: Ու քանի որ այս կուսակցությունը, զանգվածային լինելով հանդերձ, լայն հասարակական աջակցություն իրականում չունի, որի վրա կարող էր հենվել ու վստահ լինել միայն քաղաքակիրթ PR տեխնոլոգիաների միջոցով հաղթանակ տանելու հարցում, ստիպված է այդ բացը լրացնել լրացուցիչ, օժանդակ միջոցներով: Իսկ որպես այդպիսիք մնում են միայն պետական, վարչական ռեսուրսները, որոնք ամբողջությամբ գտնվում են ՀՀԿ-ի տրամադրության տակ: Երկրորդ` իշխող կուսակցության համար ընտրությունները սահմանափակվում են միայն քվեարկությամբ, քվեների հաշվարկով ու վերջնական արդյունքների հրապարակմամբ:

Նրանք կարծում են, որ եթե այս երեք փուլերում այնպիսի խնդիրներ չառաջացնեն, որոնք արձանագրվեն միջազգային դիտորդների կողմից, ուրեմն կարելի է արդար ու թափանցիկ ընտրությունները համարել անցկացված: Դա բխում է ձեւավորված այն ավանդույթից, որ, որպես կանոն, անցած ընտրություններում հիմնական շեշտադրումները կատարվել են հենց այդ փուլերում արձանագրվող խախտումների` լցոնումների, բռնությունների, ահաբեկումների, իրականից տարբերվող արդյունքների հրապարակման եւ այլնի վրա: Իսկ նախընտրական արշավների անցկացման հետ կապվող խախտումները` պաշտոնական դիրքի, կարգավիճակի օգտագործումը,  վարչական լծակների գործադրումը, հեռուստաեթերից անհավասար պայմաններով օգտվելը, աշխատանքային պարտականությունների կատարումը ընտրական քարոզչության նպատակներով ներկայացնելը, մրցակիցների նախընտրական հանդիպումների միտումնավոր ձախողումները, տարատեսակ բարդությունների առաջադրումը, խաղի մեջ արհեստական մրցակից ուժեր ներմուծելը  եւ այլն, համարվել են վերջնական արդյունքների վրա չազդող գործոններ:

Խորհրդարանական գալիք ընտրություններում հենց այս «գործիքակազմի» օգտագործումն է լինելու հիմնական խնդիրը: Որքանով ՀՀԿ մրցակից ուժերին կհաջողվի վերահսկողության տակ առնել այս միջավայրը, այնքանով կամ նորմալ, ժողովրդավարական ընտրություններ կանցկացվեն, կամ առնվազն կպարզվի, թե որքանով էր անկեղծ իշխանությունը ժողովրդավարական արժեքներին «ուժեղ ու անդառնալի նվիրվածության» մասին իր հավաստիացումներում:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter