«Ցմահների խնդիր» արտահայտությունը կմոռացվի` մեկ կոճակ սեղմելով
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Այո, ես այն կարծիքին եմ, որ «ցմահների խնդիր» արտահայտությունը կմոռացվի մեկ կոճակ սեղմելով, եթե նախագահական նստավայրից թույլ տան այդ կոճակը սեղմել:
Խոսքն այն մասին է, որ Ազգային ժողովն օրենքով ամրագրի` 2011 թ-ի մայիսի 23-ին քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունը մեղմացում է ցմահ ազատազրկման պարագայում: Այդ փոփոխությամբ, որոշակի տարիների տեսքով առավելագույն պատժաչափը 15 տարուց դարձավ 20 տարի: Եվ արդեն, 4 տարի է` ցմահ ազատազրկվողների թիվը Հայաստանում զգալի կանգ է առել շնորհիվ այս փոփոխության: Նախկինում դատարանները ընտրում էին 15 տարվա ու ցմահի միջև: Համարում էին, որ 15 տարվա ազատազրկումը մեղմ պատիժ է ու նշանակում էին ցմահ ազատազրկում: Այդպիսով` ունենք Եվրոպայի մասշտաբով մեկ շնչին ընկնող թվի համեմատ ցմահ ազատազրկվածների ամենամեծ թիվը` 104: Մեր քանակի բնակչություն ունեցող պետություններում այդ թիվը չի անցնում 30-ը: Իսկ, օրինակ Բոսնիա Հերցեգովինայում, որտեղ 1990-ականներին մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել, պատժի առավելագույն չափի 2 բանտարկյալ կա, այն էլ` պատերազմի հանցագործներ են:
Ինչևէ, պատժաչափերի այս խզվածքը փոքրացավ ու 15-20 տարվա ազատազրկման միջակայքում դատավորները ստացան հայեցողության լայն շրջանակ, որն այսօր հանգիստ կիրառում են: Եթե չլիներ այս փոփոխությունը վերջին 4 տարվա ընթացքում 16,17… մինչև 20 տարվա ազատազրկում ստացած դատապարտյալների մի մասը հնարավոր է դարձյալ դատապարտվեին ցմահ, քանի որ դատարանները չէին ունենա այլընտրանք, ինչպես չունեին մինչև 2011 թ-ի մայիսի 23-ը:
Ամենազավեշտալին, միևնույն ժամանակ ամենապարադոքսալն այն է, որ օրենքի այդ փոփոխությունը հենց մենք` ցմահ բանտվածներս ենք առաջարկել դեռևս 2009 թ-ին: ՀՀ գլխավոր դատախազությունն այն համարեց օբյեկտիվ, մշակեց նախագիծ: Հիմնավորումների մեջ էլ մեր բերած արգումենտները ներառեց: Օրենքն ընդունվեց, մենք ոգևորվեցինք, 97 մահապատժացմահականի քրեական գործ մտավ դատարան: Սակայն, այ քեզ հրահանգ «վերևներից»` բոլորիս պատժաչափը մնաց անփոփոխ: Դատարանները համարեցին, որ փոփոխությունը ոչ թե մեղմացում է, այլ խստացում, այսինքն`15 տարին դարձել է 20: Բայց այդպես էլ չէին ուզում լսել, որ ցմահի տեսանկյունիցնայելիս փոփոխությունը մեղմացում է: Հետևաբար հարց եմ տալիս` ո±րն է ցմահ ազատազրկման խստացումը, մի±թե 20 տարին: Աբսուրդ է ստացվում:
Պարզ ու տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք նորանկախ Հայաստանի պատմության 25 տարիների ընթացքում արդեն 100-ից անցնող մահապատժացմահականների խմբում չկան այնպիսիներն, ովքեր եթե մեր օրերում դատապարտվեին, դատարանները բավարարվեին 16, 17, 18… այսինքն` մինչև 20 տարվա ազատազրկմամբ: Եթե չկան այդպիսիք, ըստ մեր դատարանների, ապա իրականությանը չեն համապատասխանում հենց օրենքի փոփոխության հիմնավորումները, ավելին`այդ տրամաբանությամբ ուրեմն նման փոփոխության անհրաժեշտություն չկար:
Բայց հիմա էլ ուշ չէ, հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահին ուղղված դիմումի մեջ մենք նշել ենք այս կետի մասին: Կարելի է հիմա ԱԺ-ում քվեարկություն կազմակերպել` նշելով, որ այդ դրույթը մեղմացում է ցմահ դատապարտյալների համար: Եվ արդեն դատարաններում կորոշվեն պատժաչափերի հարցերը: Վերջապես վեր կհանվեն կասկածելի գործերը, 90-ականների փոշուց դուրս կգան և որոշ պատժաչափեր հնարավոր է փոխվեն:
Անկախ Հայաստանի պատմության մեջ սա եզակի իրավական հնարավորություն է օրենքի տառին համապատասխան, ի վերջո, ցմահ դատապարտյալների քրեական գործերի ԱՆՀԱՏԱԿԱՆ վերանայման միջոցով (որի նախադեպը մենք չունենք), ըստ արարքի ծանրության աստիճանի, որոշ դեպքերում ցմահ ազատազրկումը փոխարինել կոնկրետ տարիների տեսքով պատժաչափերի: Հենց այդպես են վարվել հետխորհրդային որոշ երկրներում՝ մահապատժից հրաժարումից հետո:
Սակայն այսօր այն միամիտ ու երդվյալ լավատես 20 տարեկան երեխան չեմ, ում առանց ապացույցների, 1 ցուցմունքով դատապարտեցին մահապատժի. լավ գիտեմ, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, գիտեմ, որ ԱԺ-ում քվեարկություն կազմակերպելու համար բարձրագույն իշխանության գլխի դրական շարժումն է պետք: Առանց երկրի ղեկավարի համաձայնության որևէ պետական կառավարման օղակ, առավել ևս` օրենսդիր մարմինն ու դատականը չեն աշխատում մեր երկրում:
Այս ֆոնի վրա ավելի անկեղծ կլինի, եթե,օրինակ, արդարադատության նախարարության, գլխավոր դատախազության պաշտոնյաները, Ազգային ժողովի մեծամասնությունը, դատավորները բարձրաձայն խոստովանեն, որ ինքնուրույն չեն կարող որոշումներ կայացնել, քան իմիտացիա անեն, թե ուզում են բարեփոխումներ անել: Գան ու ասեն` գիտեք, մենք անկարող ենք որևէ լուծում տալ հարցերին, որովհետև մեզ թույլ չեն տալիս: Բայց դրան պետք է հետևեն հրաժարականներ: Դեռ նման քաղաքական խիզախության ականատես չենք եղել:
Օրեր շարունակ այստեղ` կլոր բանտում մեզ ներկայացնում են, որ ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր օրինագիծ են մշակում արդարադատության նախարարությունում: Մարդ չգիտի` ծիծաղի, թե… ինչ նոր օրինագծի մասին է խոսքը, երբ գոյորթյուն ունեցողներն են մնում թղթի վրա, լավագույն դեպքում` համառպայքարի գնով գործում: Իսկ այս հարցը որևէ քննադատության չի դիմանում. դարձյալ մեր` ցմահ բանտարկյալներիս առաջարկով արդեն 4 տարի ԱԺ-ում է մի օրինագիծ, որն այդպես էլ օրենքի ուժ չի ստանում: Արդյունքում` մոտ 50 ցմահ բանտարկյալ այժմ կլիներ կիսափակ ու կիսաբաց ռեժիմներում: Բայց քանի որ նախագահը համաձայնություն չի տվել, այդ օրինագիծը մնացել է թղթի վրա:
Մենք բազմիցս դիմումներ ենք գրել, հացադուլներ արել, բարձրացրել գրեթե նույն հարցերը: Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մեծ-մեծ խոստումներ են տվել, թե քարտեզագրում ենք խնդիրները, երկու ամիս է պետք: Բայց այդպես էլ ոչինչ չի փոխվել:
Այս նամակում նշեցի երկու ճանապարհ, որոնք բացարձակ կապ չունեն ոչ ժամանակի հետ, ոչ գումարների, դրանք պարզապես ցանկության հարց են: Իսկ հիմա նույնիսկ կախյալ հեռուստաընկերություններին են հրահանգում, որ տեղեկատվություն չտան մեր խնդիրների մասին, որոնք շարադրել ենք տասը կետով ու ուղարկել նախագահին:
Ու հիմա հիմնավորված կարծիք եմ հայտնում, որ արդարադատության նորանշանակ նախարարը նույնպես չի կարողանալու ոչինչ փոխել: Ու նա, կարծում եմ, սա լավ գիտի: Չի կարող փոխել, քանի որ թույլ չեն տա նրան հոսանքին հակառակ լողալ: Թող, որ ժամանակն ու նրա գործերը վկայեն, որ ես սխալվել եմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել