HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզ հիվանդության դեպքեր. հայտարարվել է շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտության մասին

Լիլիթ Թադևոսյան

Նախորդ ուրբաթ հայտարարվեց շների մակաբուծային հիվանդությունների անվճար հետազոտություն անցկացնելու մասին, սակայն շատ քիչ թվով քաղաքացիներ են դիմել ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Այդ մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեության հասարակայնության և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ Գեորգի Ավետիսյանը:

Ավետիսյանը մեզ պատմեց, թե ինչպես ծնվեց այդ նախաձեռնությունը:

Նա նշեց, որ Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարների համատեղ հրաման եղավ լեյշմանիոզ հիվանդության հետազոտության վերաբերյալ, և միջազգային առողջապահական կազմակերպությունը տրամադրեց արագ թեստեր լեյշմանիոզի հետազոտության համար: «Եվ քանի որ ծրագրի մեջ նշված է նաև շների հետազոտություն, մենք էլ լաբորատորիայում որոշեցինք այդ ծրագրի շրջանակներում ստուգել այլ մակաբուծային հիվանդությունների առկայությունը շների մոտ, որպեսզի հասկանանք՝ ինչ մակաբուծային հիվանդություններ կան տնային պայմաններում պահվող և դրսում թափառող շների մոտ և որոշեցինք անվճար հետազոտություններ անել: Անցյալ ուրբաթ հայտարարեցինք, որ ակցիան սկսում ենք մեկ շաբաթով, երեկ փաստորեն, ակցիան պետք է վերջանար, սակայն որոշեցինք այն երկարացնել ևս մեկ շաբաթով, քանի որ դիմողները քիչ եղան: Հստակ չեմ կարող ասել՝ ինչն է պատճառը, բայց ես երեք պատճառ կարող եմ մատնանշել: Կարծում եմ, որ մեկը հավանաբար տեղեկատվության պակասն է, բայց մենք բոլոր լրատվամիջոցներին ուղարկել ենք այդ հայտարարությունը, մեկ այլ պատճառը հասարակության անլուրջ վերաբերմունքն է պարազիտար հիվանդությունների նկատմամբ և հաջորդը, որ հավանաբար ալարում  են շանը բերեն հասցնեն Էրեբունի փողոց հետազոտելու համար: Լաբորատորիան գտնվում է Էրեբունի 12 հասցեում»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

Ինչ վերաբերում է լեյշմանիոզ հիվանդությանը, ապա Գեորգի Ավետիսյանի խոսեքերով՝ դրանով վարակվում են նաև մարդիկ, հատկապես՝ երեխաները: Նա տեղեկացրեց, որ արձանագրվել են դեպքեր, մամուլում էլ եղան հրապարակումներ, որ լեյշմանիոզով հիվանդ երեխաներ կան, իսկ լեյշմանիոզի աղբյուր հանդիսանում են հիմնականում շները, բայց հիվանդությունը փոխանցվում է մլակների միջոցով:

«Այսինքն՝ եթե չեղավ հիվանդությունը, մլակը չի փոխանցի, եթե անգամ շունը հիվանդ լինի, բայց մլակների առկայության դեպքում, հակասանիտարական պայմանների դեպքում դրանք տարածվում են: Օրինակ` մլակները ձվադրումը կատարում են հենց կենսաբանական աղբի մեջ, իսկ շներն էլ աղբանոցների մոտ շատ են լինում, անգամ տան պայմաններում պահվող շներն են հաճախ մտնում աղբի մեջ, և  այդպիսով ոչ մի շուն ապահովագրված չի այդ հիվանդությունից: Մենք խորհուրդ ենք տալիս, որ շներին ստուգեն, որպեսզի կանխեն երեխաների հետագա վարակումը: Իսկ այդ հիվանդության մասին ինչու մինչև հիմա չէր խոսվում, որովհետև դա Հայաստանի համար բնորոշ հիվանդություն չի և վերջին տարիներին են տարբեր դեպքեր գրանցվել, դրա համար մենք որոշեցինք նաև առողջապահության նախարարության հետ համագործակցելով՝ այդ ծրագիրն իրականացնել»,- ասաց Գեորգի Ավետիսյանը:

Խոսելով նաև շների ճիճվային հիվանդություններ մասին՝ Ավետիսյանն ասաց, որ իրենց նպատակն էր, որ այդ առումով ևս շներին տանեն ստուգման, և մարդիկ իրազեկված լինեն այդ հիվանդությունների վերաբերյալ: Ըստ մասնագետի՝ ընդունված պրակտիկա կա, որ ժամանակ առ ժամանակ շների մոտ ճիճվաթափություն են անում և օգտագործում են մեկ կամ երկու տեսակի հակաճիճվային դեղեր, իսկ այդ դեղերը ոչ բոլոր հերմինտների վրա են ազդում:

Սովորաբար, շները հիվանդանում են տափակ, կլոր և ժապավենաձև որդերով, և մի դեղամիջոցը կարող է մ ի տեսակի վրա ազդել, մյուսի վրա չազդել, դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց ավելի ուշադիր լինել, շներին ստուգել, ըստ դրա` նաև ճիճվաթափություն անցկացնել :

Մեր այն հարցին, թե թափառող շների դեպքում ինչպես են այդ ստուգումն իրականացնում, Գեորգի Ավետիսյանն ասաց, որ իրենք պայմանավորվել են այն կազմակերպությունների հետ, որոնք շներին հավաքում են և այդ ժամանակ իրենք գնում են ու նմուշառում են կատարում արյան ու կղանքի և ըստ դրա հետազոտում: 

Լուսանկարը` armenianow.com-ի

Մեկնաբանություններ (1)

Մարիամ
Բարև ձեզ կոնտակտ կտաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter