HY RU EN

Էդիկ Բաղդասարյան

Հովիկ Աբրահամյանը ակտիվանում է հանքարդյունաբերության ոլորտում

Պարզվում է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեծ սեր ունի թանկարժեք մետաղների` հատկապես ոսկու նկատմամբ: 2010 թվականին ԱԺ նախագահին պատկանող «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն ստացել է հանքարդյունահանման լիցենզիա:

Այդ ընկերությունում իր մասնաբաժինն ունի նաեւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Այս երկու պատգամավորները 25 տարով հանքարդյունահանման լիցենզիա են ստացել ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձորի հանքային դաշտի հարավային մասի հեռանկարային տեղամասում:

Սակայն սա միակը չէ. ԱԺ-ի մտքի այս երկու «գիգանտները» ստացել են նաեւ մեկ այլ՝ հանքավայրի ուսումնասիրման լիցենզիա: «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՍՊԸ-ն 2010 թ. ոսկու ուսումնասիրման լիցենզիա է ստացել Մեղրաձորի Լուսաջուրի տեղամասում:

Երկար ժամանակ ԱԺ-ի նիստերից բացակայող Տիգրան Արզաքանցյանը, ըստ «Հետքի» աղբյուրի, այժմ Եվրոպայում զբաղված է այդ հանքավայրերի համար գնորդներ փնտրելով: Հավանական է, որ առաջիկայում այդ հանքավայրի վաճառքի մասին հաղորդագրություն հայտնվի համացանցում, ինչպես դա եղավ չինացիների կողմից երկաթի երեք հանքավայրերի ձեռքբերման դեպքում:

Հանքարդյունաբերության ոլորտում Հովիկ Աբրահամյանը նորեկ չէ: Նա մասնակցել է նաեւ Հանքավանի ոսկու հանքավայրի վաճառքին: Նրան է պատկանում նաեւ Վայոց Ձորի Ելփին գյուղի պղնձի եւ մոլիբդենի հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, որը ստացել է Մխչյան գյուղում գրանցված «Արգամիկ» ՍՊԸ-ն: Ընկերության սեփականատերը Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը:

Լուս.` Գ. Շամշյանի