HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայում ապաստան հայցող հայերից շատերը որակյալ բուժօգնություն են փնտրում

Լուսինե Ստեփանյան

Հայաստանից միգրացիայի պատճառներից մեկն էլ որակյալ բուժօգնություն ստանալու իրավունքից օգտվելու անհնարինությունն է` կոռուպցիա, սխալ ախտորոշումներ, անորակ դեղորայքային շուկա և այլն: «Հետք»-ը զրուցել է Գերմանիայի իշխանություններից ապաստան խնդրած հայերի հետ:

Արտագաղթած հայ քաղաքացիները կա'մ հեռանում են ընտանիքի ամբողջ կազմով, կա'մ որոշ ժամանակ անց կազմակերպում են ընտանիքի տեղափոխությունը: Հասկանալի պատճառներով նրանց անունները փոփոխված ենք ներկայացնում:

28-ամյա Արմենը, մեկ տարուց ավել գտնվելով Գերմանիայում, երկրի իշխանություններից ապաստան է խնդրել: «Հոսքը Գերմանիա շատ մեծ է: Վերադառնալ Հայաստան` նշանակում է մահվան դատավճիռ կնքել: Հայաստանի առողջապահական համակարգից մազապուրզ եղած եմ հասել այստեղ: Ես ճամբարում երկար ժամանակ եմ մնացել: Հայերը, հատկապես երիտասարդությունն ու մանկահասակ երեխաներով ընտանիքները, գալիս էին ծանր վիճակում և Հայաստանից փախնում էին, որ էստեղ ապրեն զուտ չմեռնելու համար: Այսինքն` գալիս են Գերմանիայից կյանք խնդրելու: Մինչև անգամ ճամբարի աշխատակիցներն էին ապշած ասում, որ էդքան ազգերի միջից ինչքան հայ գալիս է` հիվանդ»,- պատմում է Արմենը:

Նա վստահեցնում է, որ շատերն արտագաղթում են ձեռնունայն, քանի որ անշարժ գույքը, ունեցվածքը վաճառել են բուժման ծախսերը հոգալու համար, սակայն այլևս ոչ մի հույս չտեսնելով` ուղղակի հեռացել են երկրից: Հայաստանից Գերմանիա են տեղափոխվում մտավորականներ, գործադիր իշխանության ներկայացուցիչներ, մանկավարժներ, զբաղվածներ, գործազուրկներ և այլք, ովքեր սխալ ախտորոշումներով, սխալ բուժումներով փաստաթղթերի տրցակը ձեռքին գերմանական կլինիկաներում հույս են փնտրում:

«Շատերն էնքան ծանր վիճակում են գալիս, որ մասնագետները այլևս փրկել չեն կարողանում: Իմ իմացած հայերից մոտ վեցը մահացել են: Մի փոքր հույսի դեպքում բժիշկները ջանք չեն խնայում, մարդկանց ոտքի են կանգնեցնում: Գերմանիայում հիվանդանոց մտնելիս գիտես, որ մասնագետն ամեն հնարավորություն կօգտագործի բուժելու համար: Հայաստանում… խոսքեր չունեմ Հայաստանի հիվանդանոցների ու հայերի բուժօգնություն ստանալու իրավունքի մասին: Նրանք, ովքեր դեռ առողջ են, կարող են լռել հայրենիքում, բայց դրսում հայերի մասին պատմությունները սարսափելի են»: 

Մեր զրուցակիցը քաղցկեղով հիվանդ է, ով երկիր մուտք գործելուց հետո հումանիտար ապաստան է խնդրել, այնուհետև` անմիջապես անցել է մասնագետների հսկողության տակ և տեղափոխվել կլինիկա: Մեզ հետ զրույցում վստահեցնում է, որ գերմանացի մասնագետներն ուղղակի հրաշագործներ են, քանի որ երկարատև բուժումից հետո նա հիմա բավականին ակտիվ կյանքով է ապրում ու ինքնազգացողությունը շատ լավ է: Իսկ որոշ ժամանակ հետո Արմենի կինն ու ծնողներն էլ են տեղափոխվել Գերմանիա:

«Դե շատ էի տառապում. ընտանիքը երբ կիսվում է, դժվար է շատ: Հիմա աշխատանք եմ փնտրում: Ծնողներս էլ փորձում են մի բան գտնել. Երբ հիշում եմ` ինչ վիճակում եմ եկել ու հիմա ինչ եմ, անհավատալի է: Հայաստանում բուժելու փոխարեն մարդուն սպանում են. սա մեր հիվանդանոցների առանձնահատկությունն է»,- ասում է:

Տասը տարուց ավելի Ֆրանսիայում բնակվող Լևոնը վստահեցնում է, որ Ֆրանսիայի փախստականների ընդունման ճամբարում գերծանրաբեռնվածություն է, հայերի մուտքը Ֆրանսիա բավականին խստացել է տարիներ առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` մոտավորապես «Հայաստանում ամեն ինչ ok է» եվրոպական երկրների նախագահներին ուղղած կոչից հետո: Ասում է` «Նախանցյալ տարի 40 հայ ընտանիք դրսում էր մնում: Ճամբարում չէին ընդունում: Մեծ աղմուկից հետո մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչները պայքարեցին, որ ընդունեն: Նրանց մեջ էին բժիշկներ, կիրթ մարդիկ և, բնականաբար նաև կրթություն չունեցողներ: Երկու ամիս առաջ Գերմանիա գնացի` հարազատներիս մեկին ճամբարում տեղավորելու, հանձնելու համար: Մոտ 30 հայ ընտանիք կար»:

Վերջինս նշում է` թեև եվրոպական երկրների մուտքը հայերի համար չափազանց խստացել է, այդուհանդերձ` արտագաղթի պատկերը շարունակ տխուր է: Լևոնը հավատացնում է, որ Ֆրանսիա մեկնում են սոցիալական և բժշկական օգնություն խնդրելու պատճառներով: Ըստ նրա` շատ են հատկապես սրտային, թոքային և երիկամային անբավարարությամբ, ինչպես նաեւ կանացի օրգանների քաղցկեղով հիվանդները: Դեպքեր է պատմում իր ընտանիքի անդամներից, Հայաստանից Ֆրանսիա մեկնած հայերից, որոնց թեև Հայաստանում ապրելու հույս չեն տվել, Ֆրանսիայում բուժվել են։

«Մի մարդ Հայաստանում վարորդ էր աշխատում, ոտքերին բաց խոցեր կար ու անտանելի վատ վիճակ էր արդեն մոտը: Ասել էին` բուժում չկա, երկու ոտքդ էլ պետք է անդամահատենք: Չէր համաձայնվել: Եկավ Ֆրանսիա, վիրահատեցին ու հիմա նորմալ ոտքերով, նոր մարդ դարձած ապրում է: Ի դեպ, էստեղ հիվանդանոցներում հայ բժիշկներ են աշխատում: Նրանք էստեղ կաշառք չեն վերցնում, որովհետև ոստիկանությունն անմիջապես կհայտնվի, դրանից բացի` բժիշկն այլևս նման հիվանդի չի ընդունի: Առողջապահության սիստեմն էնպիսին է, որ հիվանդը չի համարձակվի բժշկին նման առաջարկ անել։ Բարեկամիս երեխան «մանկական ցերեբրալ պարալիչ» հիվանդությունն ունի: Աշխարհում ստեղծվել է դեղորայք, որը նոպաներից ազատում է երեխային: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում նման երեխաներն այդ դեղի շնորհիվ դառնում են հասարակության լիիրավ անդամ, բայց Հայաստանում այն վաճառվում է ստվերային շուկայում: Մի բարձրաստիճան տիկնոջ բիզնես է: Նման հիվանդություն ունեցող երեխայի ընտանիքը պետք է Ամերիկայի հետ կապ ունենա, որ էժան գնով ձեռք բերի»,- պատմում է Լևոնը:

Լևոնը ժամանակի ընթացքում ընտանիքի անդամներին կարողացել է տեղափոխել Ֆրանսիա։

Մեր հայրենակից արվեստագետ Գագիկ Բաբայանն ապրում է ԳԴՀ Հայդելբերգ քաղաքում, որտեղ գտնվում է աշխարհում հայտնի հակաքաղցկեղային խոշոր կլինիկաներից մեկը: Նա ասում է, որ Հայաստանից քաղցկեղով հիվանդների հոսքը զգալիորեն աճել է: Աճի մասին խոսում են նաեւ կլինիկայի մասնագետները, քաղաքում ապրող հայերը։ «Անհավանական մեծ հոսք կա Հայաստանից քաղցկեղով հիվանդների: Մինչև անգամ կլինիկայի պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը սարսափած էր, թե ինչու են հատկապես հայերի դեպքում այսքան շատ քաղցկեղով ծանր հիվանդություններ և ինչու հատկապես երիտասարդներ: Շատ են սխալ ախտորոշումներով դեպքերը: Կանանց քաղցկեղն անհավանական տարածված է հայերի մոտ, բայց այն, որ աճը ահազանգող է, փաստ է»,-ասում է Գագիկ Բաբայանը:

Նա վստահեցնում է, որ կլինիկայում բուժումը բավականին թանկ է, բնականաբար Հայաստանից գալիս են հարուստները, իսկ մյուսները ստիպված ապաստան են խնդրում։ «Ես մեկի համար թարգմանում էի: Նա չկարողացավ ծախսերը հոգալ, բուժումը կիսատ մնաց: Ստիպված ապաստան խնդրեց, որպեսզի հումանիտար ճանապարհով բուժօգնություն ստանա և կյանքը փրկի»,- ասում է Գ․Բաբայանը:

Գերմանիայի Հայոց թեմի փոխառաջնորդ Հայր Սերովբե Իսախանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ճիշտ են այն տեղեկությունները, համաձայն որոնց` Գերմանիա են տեղափոխվում հիմնականում առողջական խնդիրներ ունեցող հայերը` հումանիտար ապաստան խնդրելու: «Նյութն ինձ ծանոթ է, որոշ դեպքերում անձնապես զբաղվել եմ նաև նմանատիպ մարդկանց հարցերով: Իսկապես հիմա հիմնականում գալիս են ծանր հիվանդություններ ունենալու պատճառով` հուսալով այստեղ լավ ու որակյալ բուժօգնություն ստանալ»,- ասում է նա:

Մեր զրուցակիցը` Վարդանը, բավականին զուսպ տեղեկություն է տրամադրում Գերմանիայի փախստականների ընդունման ճամբարից: Ներգաղթյալների ամենամեծ հոսքը հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից, Ալբանիայից, Կոսովոյից և այլ երկրներից են:

«Ես երկար ժամանակ էստեղ եմ: Արտագաղթը չի կարող նվազել, քանի դեռ հայերը գալիս հանձնվում են: Էս պահին էլ, այո’, կան հայ ընտանիքներ, մենակներ, որոնցից շատերն են, բնականաբար, հիվանդ: Մյուս ազգերի ֆոնին հայերը քիչ են, բայց… Էնքան ազգ, էնքան փախստական են ընդունել, որ անհնարին մի իրավիճակ է: Այո, հայերը գալիս են հիվանդություններով, բայց նաև գալիս է Հայաստանի էն որակի հայը, որին չես էլ ուզում ճանաչես ու որը կարող է խայտառակել ամբողջ ազգին: Մայրս էլ քաղցկեղ ուներ: Հայաստանում սխալ վիրահատություն արեցին, մեծ պատմություն է, չեմ կարող երկար խոսել: Հասցրինք այստեղ, բայց ավիրել էին. Մահացավ…»,- ասում է Վարդանը` հավելելով, որ մեծ թվով փախստականներ կան նաև մեր հարևան երկրներից: Նա հավատացնում է, որ երկար ժամանակ է ճամբարում է և հայերի ներհոսքի ռիթմը չի փոփոխվում:

Արմենը ասում է, որ շատ ծանր վիճակում Գերմանիա տեղափոխված հայերի է ճանաչում, որոնց կյանքը գերմանացի մասնագետները փրկել են. «Բնականաբար պետության հաշվին` որպես հումանիտար օգնություն: Ոչ միայն քաղցկեղով, այլ նաև` Հայաստանում բուժվող համարվող հիվանդություններով ջահելների են փրկում: Մանկահաասակ երեխաներ կան, որ ամիսներով հիվանդանոցներում են մնում: Հիվանդությունն այնքան սարսափելի չէ, որքան Հայաստանում ստացած «բուժման» հետևանքները: Շատ ենք զրուցում երեխաների ծնողների հետ, ովքեր ծանր վիճակում են: Մի կողմից կարգավիճակից բխող դժվարությունները, մյուս կողմից` կիսամեռ երեխաները, բայց էստեղ գոնե հանգիստ են, որովհետև գիտեն` ոչ մի սխալ բան չեն անի»:

Համաձայն պաշտոնական վիճակագրության` Հայաստանում տարեկան 80-90 երեխայի մոտ քաղցկեղի դեպք է հայտնաբերվում: Հայաստանի ուռուցքաբանական կենտրոնի մասնագետներն այսօր էլ ազգաբնակչությանը հորդորում են, որ քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, ոչ թե դատավճիռ, և այն բուժվում է: Հաշվի առնելով եվրոպական երկրների հիվանդանոցներում բուժօգնություն ստացող քաղցկեղով հիվանդ հայերի ներկայացրած փաստերը` քաղցկեղով հիվանդների հոսքը դեպի եվրոպական երկրներ կանխելու համար նման խոստումներն ուղղակի մահերի են հանգեցնում:

Մեր զրուցակիցներից Սուսաննան, ով Գերմանիայի հիվանդանոցներից մեկում բուժվում է, այսպես է արձագանքում. «Հայաստանի իշխանություններն անգամ կյանքը, ապրելու իրավունքն են սեփականաշնորհել: Իսկ ինչի՞ իրենք Հայաստանում չեն բուժվում: Գիտե՞ք ինչքան մանկահասակ երեխա ու ջահել կա Եվրոպայի հիվանդանոցներում… Մեր իշխանավորները ինչպես երկիրն են մենաշնորհ դարձրել, էնպես էլ` կյանքը: Հիվանդանոցները ձեր մենաշնորհն են, դեղերը ձեր մենաշնորհն են, ապրելու մենաշնո՞րհն էլ է մենակ ձերը: Էն որ Եվրոպային հայտարարում եք, թե` Հայաստանը զարգացած երկիր է, հայտարարեք նաև, որ ձեր իշխանության տարիներիներին նենց զարգացում ա եղել, որ ժողովուրդը դրսի հիվանդանոցներում ա»:

լուսանկարը` Թոմաս Դերլետի

Մեկնաբանություններ (10)

Վարդուհի
Հայաստանից փախնելը հարցի լուծում չի; ամոթ բոլոր հայերին որ փախնում են Հայաստանից և ապաստան խնդրում Գերմանիայում, դրանք փոքրոգի մարդիկ են , դավաճաններ, նրանց թող աստված պատժի, հեշտ կյանքի են ձգտում:
Վարդուհի
Այվազյան Արմենը փախել է Գերմանիա և հանձնվել փախստականների ճամբար, ամոթ նրան, որովհետև ինքը բժիշկ է, աստված նրան լավ օր չտա
камо
как я магу попасть и жить в германии
Նունե
Բա որ էդ տգետ վիճակով էլ ասում են, թե իբր Գերմանիայի մակարդակի բուժօգնություն են ցույց տալիս, ու իբր վերապատրաստվել են Գերմանիայում, Գերմանիաի բժշկի հետ խոսելով արդեն հոգեբանորեն քեզ բուժված ես զգում, իսկ հայ բժիշկներից ոմանք պարզապես մարդու կերպարանքով անհոգի կենդանիներ են, հանձինս Նաիրի ԲԿ-ի գինեկոլոգիական բաժանմունքի։
Armen
Վարդուհի, եթե կարծում եք, որ Եվրոպայում ապրելը կյանքդ հեշտացնելու ձևա, ուրեմն ասեմ, որ որպես հայ չեմ ցանկանա, որ ձեր հայի աչքերը մի վայրկյան անգամ տեսնեն այդ հեշտ կյանքը: Համարիա 90% հայ ընտանիքների մեջ կա անբուժելի հիվանդ: Ու ողջ ընտանիքով ծավալվում են «հեշտ կյանքի» մեջ, որ իրանց հիվանդին ոտքի հանեն:
Մարիամ
Վարդուհի կոչեցյալ չարախոսելով ու մարդկանց վատը ցանկանալով քեզ համարում ես լավ հայ? Եթե քո ընտանիքի անդամներից մեկը ռակով հիվանդ լիներ ու հայաստանում բուժում ստանար,տուն տեղ ծախեիկ որ քիմյա ստանալու փող ունենաիք,ու են էլ հարցա դրական ավարտը,տեսնեմ տենց նեծ մեծ կխոսաիք
Արթուր
Ալլա մեղմ ասեմ դու տուֆտում էս ու ստում,մենակ ստելուտ իմաստը չեմ հասկանում
Լուսինե
Այո, հատկապես Նաիրի կենտրոնը հագեցած է անորակ բժիշկներով, ու չեմ վախենում անուններ տալուց, հատկապես' արտեմ ստեփանյանն իր անժիկ լեխլյանով։ Ոչ միայն անորակ բժիշկ, նաև անորակ մարդիկ։ Ի զուր չէ, որ անունները փոքրատառով եմ գրել։ Հեռու մնացեք ժողովուրդ ջան դրանցից։
Լիլիթ
Ինձ թվում է ոգևորելու ու չոգևորելու հարց չկա, ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը,բայց են որ հիվանդ մարդը կարիք չունի աշխատելու, պետությունն ամեն բան հոգում է տվյալ մարդու համար դա փաստ է........................
Ալլա
Ես ապրում եմ Եվրոպայում ու վստահեցնում եմ, որ եթե ապահովագրությունը չվճարի ոչ մի բժիշկ հիվանդին մոտ չի գա,իսկ եթե տեխնիկապես ավելի հզոր են՝ դա դեռ չի նշանակում, որ նրանք ավելի լավ մասնագետ են...հնարավորություններն են տարբեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter