HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ովքե՞ր են պարտավոր չեզոքացնել Կավարտի լքված հանքավայրի վտանգները

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի։ Այդ գետակը մինչև Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, հետո էլ հոսելով քաղաքի միջով լցվում է Ողջի գետը։ Մեզ է ուղարկվել նաև հեռախոսով արված լուսանկար, որում պարզորոշ երևում է ջրի դեղնավուն գունավորումը։

Օրեր առաջ մենք արդեն գրել էինք, որ Կապան քաղաքի և մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից ևս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերևույթային և գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի և մարդկանց համար։ Անմիջապես Կավարտի հանքավայրից դուրս հոսող հոսքաջրերի հատվածում մեր արած այս լուսանկարը նույնպես փաստում է, որ այդ գետակով հոսող ջրերին խառվում են բազմաթիվ վտանգավոր տարրեր և քիմիական միացություններ։

Այս պնդումները հաստատվում են նաև այդ տարածքներում վերջին տաս տարում իրականացված մի շարք լաբորատոր և գիտական ուսումնասիրությունների արդյունքում։ 

Եվս մեկ անգամ հարցեր ենք ուղղում պետական լիազոր մարմիններին․ ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է վերահսկի վիճակը և ռեկուլտիվացիա անի այն, և որտե՞ղ են այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ ՀՀ Բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները պարտավոր են գտնել այս հարցերի պատասխանները և անհապաղ միջոցներ ձեռնարկեն Կավարտի լքված հանքավայրի պատճառով առաջացած էկոլոգիական  աղետալի վիճակի չեզոքացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter