Ռուդիկ Մալխասյան. «Սա շոկոլադի գործարան չէ, կոյուղու մաքրման կայան է»
Վանաձորի կոյուղու մաքրման կայանը շահագործվել է 1967թ.-ին: Այս մաքրման կայանի գործարկելը անթույլատրելի է եղել, որի պատճառով էլ խորհրդային վերջին տարիներին Վանաձորում կառուցվել է հզոր տարողությամբ կոյուղու նոր մաքրման կայան: Անկախությունից հետո նորակառույց կոյուղու մաքրման կայանը եղել է Լոռու մարզպետարանի հաշվեկշռում, իսկ 2005թ. այն հանձնվել է Վանաձորի քաղաքապետարանին:
Այդ մաքրման կայանից այժմ մնացել են ավերակներ: Շահագործվող կոյուղու հին մաքրման կայանի առաջնային երկու պարզարանների տարողությունը օրական ունի 22 000 խմ հզորություն: Վանաձորից կայան մտնող կոյուղու կեղտաջրերի քանակն այսօր օրական կազմում է 55 000-65 000 խմ, դրանից միայն 22 000 հազարն է մտնում կայան, մնացածը թափվում է Դեբեդ գետը:
«Դա ավելցուկն է»,- ցույց տալով կայանի հենապատից Դեբեդ թափվող կոյուղու հսկայական հոսքը՝ ասաց մաքրման կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանը: Կայան օրական մտնող 22 000 խմ կոյուղաջրերը կենսաբանական մաքրման չեն ենթարկվում: Ռ.Մալխասյանի ասելով՝ մաքրման կայանում կոյուղաջրերի միայն մեխանիկական մաքրում է կատարվում: Կոյուղու մաքրման գործող կայանը տեղավորված է «Վանաձոր-Ալավերդի» միջպետական ճանապարհի վրա գտնվող Վանաձորի հին գերեզմանոցի հարևանությամբ` մայրուղու աջ եզրին: Ճանապարհի այդ հատվածով անցնելիս աղտոտված օդի հոտից վարորդները անմիջապես փակում են իրենց մեքենաների լուսամուտները: Անտանելի հոտերից մաքրման կայանի տարածքում նույնպես հնարավոր չէ շնչել:
Ռուդիկ Մալխասյան | Հարություն Անտոնյան |
Երբ դժգոհեցի, կայանի տնօրեն Ռուդիկ Մալխասյանն ասաց. «Սա շոկոլադի գործարան չէ, կոյուղու մաքրման կայան է»: Նա բացատրեց, որ տարածված գարշահոտությունը կոյուղաջրերի երկու պարզարանների արտահոսքերի հետևանք է: Իրականում գարշահոտությունը շրջակա միջավայրում տարածվում է նաև բաց պարզարաններից ու հոսող կոյուղաջրերի բաց դիտահորերից: Պարզարանները գրեթե քանդման շեմին են: Անբարեկարգ ու անհուսալի վիճակում են նաև մաքրման կայանի վարչական շենքը, տեխնիկական մյուս կառույցները և բակը: Կայանը տարիներ շարունակ համաճարակային վտանգներ է ստեղծում Դեբեդ գետում, որտեղ ամռանը լողանում են երեխաները, ոռոգվում են Դեբեդի ավազանում գտնվող համայնքների այգիներն ու վարելահողերը: Կոյուղաջրերով աղտոտված Դեբեդի ձկներով կերակրվում է Վանաձորից մինչև Բագրատաշեն ձկնորսությամբ սնվող Դեբեդի ավազանի համայնքների սոցիալապես անապահով բնակչությունը:
«Լոռի–ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը երեկ մեզ հայտնեց, որ ներկայումս KFW բանկի դրամաշնորհի, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վերակառուցում է Վանաձորի ջրագծերի և կոյուղու ներքին ցանցի 70 տոկոսը: Հաջորդ փուլով `2018 թ․-ին, կվերականգնվեն Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու և 13 գյուղական համայնքերի ներքին ցանցերը, որից հետո պետք է կառուցվի Վանաձորի կոյուղու նոր մաքրման կայան` կրկին KFW բանկի վարկավորմամբ, որի համար «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բանկի հետ բանակցություններ կարող են սկսել միայն 2019թ.-ին: Պատասխանելով «Հետքի» հարցին՝ Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հայտնեց, որ Վանաձորում կոյուղու մաքրման նոր կայան նախատեսվում է կառուցել KFW բանկի կողմից:
Ի տարբերություն Հ. Անտոնյանի՝ Տ. Պապանյանն ասաց, որ նոր մաքրման կայանի կառուցման նախագծային աշխատանքները պետք է կատարվեն 2016թ.-ին: Տ.Պապանյանը նաև հայտնեց, որ KFW բանկի կողմից ֆինանսավորվող կոյուղու նոր մաքրման կայանը կառուցվելու է քանդված մաքրման կայանի տարածքում: Թե այդ դեպքում ինչու է քանդվել մաքրման կայանի նախկին շենքը, Տ.Պապանյանը պատասխանեց. «Խորհրդային տարիներին կառուցված կոյուղու մաքրման կայանը մեզ հանձնվել է 2005թ.-ի.` լրիվ ավերված, կոնստորուկցիաների արմատուրաները հանված վիճակում, մենք դրանց նկարները պահպանում ենք»։
Մեկնաբանել