Արցախում պատրաստվում են վերաբնակեցնել գյուղը` վիճակախաղի միջոցով
Արցախի ազգային վիճակախաղի երկու խաղարկությունների արդյունքում 10 առանձնատուն է կառուցվել, որոնք ներքին հարդարումից հետո կտրամադրվեն Արցախում բնակվել ցանկացող ընտանիքներին:
Վիճակախաղի Երևանի գրասենյակի տնօրեն Ազատուհի Սիմոնյանը «Հետք»-ին պատմում է, որ վիճակախաղի հիմնական նպատակը վերաբնակեցումն է: Այդ նպատակով ընտրվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղը, որը բավականին մեծ գյուղ է և մինչև վերջերս անբարեկարգ վիճակում է եղել:
«Այդ գյուղը վերցրել ենք որպես թիրախ և արդեն 3 տարի է՝ այդ գյուղում նպատակադրված կառուցում ենք 37 առանձնատներ, որոնցից տասը երկու տարիների խաղարկության արդյունքում պատրաստ են և օրերս կհանձնվեն Արցախի կառավարությանը: Մեր պատկերացմամբ՝ Իշխանաձոր համայնքը պետք է ունենա 1000 բնակիչ, իր բոլոր ինֆրաստրուկտուրաներով, իր դպրոցով, մանկապարտեզով և կոմունալ բոլոր հարմարություններով»,- ասում է Ա.Սիմոնյանը:
Գյուղում վերաբնակեցված մարդիկ նաև 1200 մետր տնամերձ հողատարածք կստանան` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար:
Բնակարաններ գնելու ֆոնդը գոյանում է տոմսերի վաճառքից: 2000 դրամ արժեցող տոմսերը գնում են Արցախից, Հայաստանից, Սփյուռքից: Վաճառքից գոյացած գումարով կառուցվում են առանձնատները, որոնք այնուհետև հանձնվում են Արցախի կառավարությանը` վերաբնակեցման ծրագրում ներառելու համար: Վիճակախաղը կառավարության նախաձեռնությունն է:
2013թ-ին ծրագրի մեկնարկից ի վեր 30 երկրներից գնել են 400 հազար տոմսեր: Արդյունքում` ընդհանուր ֆոնդը կազմել է 350 մլն դրամ:
Արցախի վիճակախաղի հիմնական շահումը տեղում արտադրված գորգերն են: Ազատուհի Սիմոնյանը ասում է, որ ընկերության պատվերի շնորհիվ տեղի գորգագործարաններից մեկը մշտապես զբաղված է: Այդ գործարանի տարբեր մասնաճյուղերում աշխատում են շուրջ 200 տեղացի կանայք: Մյուս ապրանքատեսակները արցախյան թթի օղին և մեղրն են, որոնք, ընկերության ներկայացուցչի խոսքով, հավաքագրվում են բնակիչներից, փաթեթավորվում և տրամադրվում որպես շահում:
«Այդ առումով մենք նաև համարվում ենք Արցախում գործատու»,- ասում է Ազատուհի Սիմոնյանը` հավելելով, որ ընկերությունը նաև Արցախի խոշոր հարկատուներից է և մեկ տարում Արցախի պետական բյուջե է վճարել 80 մլն դրամ հարկ:
Պետական վիճակախաղի երրորդ փուլը կանցկացվի այս տարի` դեկտեմբերի 28-ին` ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունների օրը: Ընկերության ներկայացուցիչը հույս ունի, որ այս տարվա արդյունքներով հնարավոր կլինի կառուցել ևս 10 առանձնատուն:
«Մենք ունենք էսպիսի մի կարգախոս՝ ամեն մի 20 հազար տոմսը մեկ առանձնատուն է: Այսինքն երբ գնում են 20 հազար տոմս, մենք հասկանում ենք, որ արդեն ունենք մեկ առանձնատուն Իշխանաձորում»,- ասում է Ա.Սիմոնյանը:
լուսանկարները` Ազատուհի Սիմոնյանի
Մեկնաբանել