Գյուղնախարարը ՀԲ-ի հետ քննարկել է անտառների արդյունավետ կառավարման ծրագրի ընթացքը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին բնապահպանական գծով ավագ տնտեսագետ, FLEG ծրագրի ղեկավար Գայանե Մինասյանը, անտառային ոլորտի ավագ մասնագետ Տուուկկա Կաստրենը, բնապահպան Վլադիսլավա Նեմովան, FLEG ծրագրի հայաստանյան համակարգող Արուսյակ Ալավերդյանը:
Ինչպես տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարությունը, հանդիպման նպատակն էր քննարկել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ԵՀԳԳ) Արևելյան երկրներում. անտառային օրենսդրության կիրարկման և կառավարման բարելավման» երկրորդ (ENPI FLEG 2) ծրագրի ընթացքը և նախանշել համագործակցության առաջիկա ծրագրերը:
«Վերջին տարիներին մեր երկրում բավականաչափ աշխատանք է տարվել անտառների պահպանման և արդյունավետ կառավարման ուղղությամբ, նվազել են ապօրինի անտառային հատումները, սակայն ոլորտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ակնկալում ենք միջազգային կառույցների, այդ թվում' նաև Համաշխարհային բանկի աջակցությունը», - ողջունելով հյուրերին' նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Մասնավորապես, նախարարի խոսքով, ոլորտում անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններից բացի, զգացվում է տեխնիկական օժանդակության, նորագույն սարքավորումների ներդրման կարիք, որոնք թույլ կտան մշտադիտարկումներ իրականացնել անտառային տարածքներում' դրանով իսկ նպաստելով անտառների վերականգնմանն ու առավել արդյունավետ կառավարմանը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս պետությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները անտառային տարածքների ընդլայնման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ENPI FLEG 2 ծրագրի ընթացքը, որի նպատակն է աջակցել անտառների արդյունավետ կառավարմանը՝ անտառային քաղաքականության, օրենսդրության և ինստիտուցիոնալ կառուցվածքների արդյունավետության բարձրացման միջոցով:
Պատվիրակության անդամներն իրենց հերթին ընդգծել են Համաշխարհային բանկի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ անտառային ոլորտի բարելավման ուղղությամբ և շեշտել, որ ծրագրի ավարտից հետո բանկը նպատակադրված է շարունակել օժանդակել Հայաստանին այս հարցում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել