
Խարդախություն և անհատական տվյալների գողություն.Լոս Անջելեսում մեղադրանք է առաջադրվել 8 հայերի
ԱՄՆ-ի իշխանություններն այս առավոտ ձերբակալել են չորս հայերի: ԱՄՆ-ի փաստաբանական գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ենթադրվում է, որ ձերբակալվածները ներգրավված են այն խմբում, որը Հարավային Կալիֆորնիայի և Հարավային Նևադայի տարբեր գազալցակայաններում տեղադրել է անհատական տվյալների գողության սարքեր:
Լոս Անջելեսում գրեթե ամեն օր հայ է ձերբակալվում: Այս առումով դեպքն արտառոց չէ: Սակայն վերջին ամիսների ընթացքում առաջին դեպքն է, որ բազմանդամ խումբ է բացահայտվել:
Մեղադրանքում նշված է ութ հայի անուն, որոնցից երեքն այժմ գտնվում են փախուստի մեջ: Եվս մեկը, ինչպես ակնկալում են ԱՄՆ իրավապահ ուժերը, կհանձնվի առաջիկա օրերին: Քրեական գործի մանրամասների համաձայն՝ հանցախմբի թիրախ դարձած գազալցակայաններում տեղակայված են վճարում ընդունող տերմինալներ, որոնցում էլ ենթադրյալ հանցագործները տեղադրել են անհատական տվյալների գողության սարքեր: Երբ գազալցակայանի հերթական հաճախորդը վճարում է կատարել իր կրեդիտ կամ դեբիտ քարտով, տվյալները գողացվել և պահվել են հանցախմբի տեղադրած սարքավորման միջոցով:
Քրեական բողոքին կցված մի վկայությամբ՝ դավադրության անդամները հետագայում կարողացել են վերստանալ կուտակված տվյալները՝ «Bluetooth» կարգավորում ունեցող սարքավորման միջոցով:
ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը հայտնել է, մասնակիցներն իրենք են պատրաստել այդ սարքերը էլեկտրոնային խանութներից գնված տարբեր մասերով:
![]() |
Անտոնի Տնգրյանը և Արմեն Խալուլյանը |
Գործում նշվում է, թե ինչպես են տասնյակ սարքավորումներ տեղադրվել տարբեր գազալցակայաններում: Ըստ քրեական գործի՝ այդ գազալցակայանները պատկանում են տարբեր ընկերությունների, որոնց անունները սակայն չեն նշվում: Գազալցակայանները գործում են Լոս Անջելես վարչական շրջանի տարբեր հատվածներում:
Կալանքի մեջ գտնվող չորս ամբաստանյալները՝ Նազար Դանիելյանը, Ռուբեն Կարապետյանը, Գրիգոր Փամբուկյանը, Արսեն Թերզյանը, այսօր տարվել են ԱՄՆ շրջանային դատարան(Դաունթաուն, Լոս Անջելես)` նախնական դատական լսումների: Մեղադրանքը դատարանում հաստատվելու դեպքում յուրաքանչյուրին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Փախուստի մեջ են Հարություն Օհանյանը, Անտոնի Տնգրյան, Արմեն Խալուլյանը, Օգանես Տանգարյանը: Անհատական տվյալների գողությունը հայերի կողմից իրականացվող ամենահաճախ հանդիպող հանցատեսակներից է Լոս Անջելեսում: Այս հանցանքի համար ձերբակալված հայերի կարգավիճակը ԱՄՆ իրավապահ ուժերի բազաներում սովորաբար նշված է «գործազուրկ»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել