HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սաղաթելյան ընտանիքի ապրելու նոր բանաձեւը

Արփինե Մինասյան

Ծաղկունքցի Աշոտ Սաղաթելյանն այս տարի ճամպրուկները չհավաքեց արտագնա աշխատանքի մեկնելու համար։ Շատ հայերի պես Աշոտն էլ աշխատանք գտնելու եւ գումար վաստակելու համար մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն: Պատահել է` աշխատել է, չեն վճարել, արտաժամյա է աշխատել, հավելյալ չեն վճարել: Պատահել է նաեւ, որ մեկնել է խոստացված աշխատանքի հետեւից, դատարկ գրպաններով տուն է վերադարձել:  

«2 տարի ընդհատումներով գնացել եմ: Էնտեղ շինարարության ընթացքում տեխնիկա եմ քշել` կամազ, տրակտոր, ինչ պատահի արել եմ»,-պատմում է 38-ամյա Աշոտը: Կողքից կինը՝ Արմինեն ավելացնում է. «Մի տարի էլ գնաց հետ էկավ, գործ չկար»:

«Եթե դու հայրենիքից դուրս ես գտնվում, ամեն տեղ էլ դժվարություններ կան: Գումարը հանգիստ չեն բերում, տալիս: Քանի որ ռուսականը արժեզրկվեց, աշխատավարձն էլ քիչ են տալիս, մնացի մեր հայրենի տեղում, հողագործությամբ զբաղվեցի: Հիմնականում մենք էին հոգում սննդի, տեղի հարցը; Եթե Ռուստանում տուն եւ քաղաքացիություն ունենաս, կարաս մնաս: Գրանցման առումով դժվարություններ կան, չեն գրանցում, ժամանակավոր են գրանցում: Ասում էին, որ էս տարվա  հունվարի 1-ից հեշտացել է, բայց էլի նույն բանն է»,-պատմում է Աշոտը:

Սաղաթելյանների ընտանիքը  2014թ.-ին «Զբաղվածության մասին» օրենքի արդյունքում ներդրված «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի շահառու է:  

Զբաղվածության պետական գործակալության Սեւանի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Սամվել Ենոքյանը նշում է, որ գյուղացին տարիներ շարունակ չի զբաղվել իր խոպան հողերի մշակմամբ: Այս ծրագիրը խրախուսում է հողագործին իր տնտեսությունը վերականգնելու հարցում: Հողօգտագործողին յուրաքանչյուր օրվա համար տրվում է 4 հազար դրամ աշխատավարձ: Սեւանի տարածաշրջանում ծրագրի շահառու է 99 գյուղացիական տնտեսություն:  

«Սա ավելի շահութաբեր է: Պիտի գնայինք ուրիշի հողը ծաղկեցնեինք, ստեղ կաշխատենք: Եթե ընդեղ շինարարությունում 1քմ-ի դիմաց տալիս են 2 հազար դրամ, էստեղել ա նույն գինը: Դրան էլ գումարվում են խնդիրները»,-համեմատական է անցկացնում Ա. Սաղաթելյանը։ Նա այս ծրագրի մասին տեղեկացել է Ծաղկունքի գյուղապետարանից: Վերջինիս կնոջ` Արմինե Խաչատրյանի խոսքով, եթե ամուսինը Ռուսաստանում լիներ, բնականաբար ինքը միայնակ չէր կարողանա զբաղվել հողագործությամբ։

«Ասենք ես ոնց վազեի էդ տրակտորիստի հետեւից, երբ էդ ժամանակ ամեն մեկը ուզում է իր գործը առաջ տանի: Մտածեցինք, եթե պետության կողմից օգնություն լինի, կարելի ա հողը մշակել, բայց եթե մեր ծախսերով անեինք, օգուտ չէինք ստանա: Իրենք քեզ հովանավորում են, դու սեզոնին աշխատում ես»,-ասում է մասնագիտությամբ պատմաբան Արմինեն:

Իրենց տնից ոչ այդքան հեռու գտնվող 2 հա հողատարածքում մշակել են հացահատիկային մշակաբույսեր` գարի, հաճար, ցանել են կարտոֆիլ: Նաեւ խոտատարածքներն են հնձել:

«Եթե գումարը վարելուն տաս, հավաքելուն, վառելիքին, տեխնիկային, տակը բան չի մնում: Բոլորն էլ կանխիկ են ուզում: Ընդհանրապես գյուղացին հոգնել է, որովհետեւ հողից եկամուտ չունի: Մի տարի գարի ցանեցինք, բայց բերք չտվեց: Գումարը որ լինում է, ժամանակին տեխնիկայով վարում-ցանում ես, բերքն էլ ժամանակին է լինում: Եթե գումար չի լինում, մինչեւ սրանից-նրանից վառելիք ես ճարում եւ այլն, արդեն բերքն ուշանում է»,-ասում է Աշոտը: Ամուսիններն այս տարվա բերքից դժգոհ չեն, ասում են, որ եթե այս ծրագիրը շարունակվի, իրենք կզբաղվեն հողագործությամբ: Աշոտն էլ այլեւս խոպան գնալու մտադրություն չունի:

«Էնտեղ էլ ես տանջվում, էնտեղ էլ մանանա չկա, հենա քո հող ու ջրում կտանջվես: Եթե էս ծրագիրը չօգներ, էդքան վարուցանք չէի անի ֆինանսականի պատճառով, հողին էդքան գումար չէի ներդնի»,-ավելացնում է վերջինս:

 Արմինեի նշելով թերեւս միակ խնդիրը ջրի բացակայությունն է: Եթե գյուղի ներքեւի հատվածներում բնակիչները կարողանում են ջրել իրենց հողատարածքները, ապա իրենց մոտ ջուրը չի հասնում։   

Եթե Գեղարքունիքի մարզի այս ընտանիքում գրեթե լուծված է զբաղվածության հարցը, ապա մյուսների դեպքում նույնը չենք կարող ասել: Ուսումնասիրության համաձայն անօրինական միգրացիան մեծ չափերի է հասնում հենց այս մարզում: Ըստ «Արտագնա աշխատանքային միգրացիա. գնահատականներ և մտորումներ» 2014թ.-ի ուսումնասիրության` անօրինական միգրացիան Գեղարքունիքի մարզում 62.4% է կազմում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter