HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ժնեւում հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավար Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ողջունելով Սիրիայի խորհրդարանի ղեկավարին՝  Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ ցավ է ապրում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ:

«Մենք Սիրիայի հետ ավելի քան բարեկամներ ենք: Մենք երբեք չենք մոռանում, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին ջերմությամբ ընդունել են Սիրիայում եւ ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել»,-իր խոսքում նշել է Գալուստ Սահակյանը:

Խոսելով հայ-սիրիական խորհրդարանական փոխգործակցության մասին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ազգային ժողովի պատգամավորները պարբերաբար այցելում են Սիրիա, տեղում ծանոթանում իրավիճակին եւ մանրամասն տեղեկություններ հաղորդում իրեն: Գալուստ Սահակյանը նկատել է նաեւ, որ թե Հայոց ցեղասպանության եւ թե աշխարհի մյուս ցեղասպանությունների լիարժեք դատապարտման բացակայության պատճառներից մեկն այն է, որ այսօր էլ աշխարհում առկա են ցեղասպանության հատկանիշներով պատերազմներ եւ այլ երեւույթներ:

Խոսելով Սիրիայի հետ բազմակողմ համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցրել է, որ ՀՀ խորհրդարանականները բոլոր միջազգային հարթակներում կշարունակեն լինել եղբայրական Սիրիայի կողքին:

Սիրիայի խորհրդարանի ղեկավարը Գալուստ Սահակյանին հրավիրել է Սիրիա:

Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ նշել. «Ռուս-սիրիական դաշինքն արդեն լուրջ հաջողություններ է գրանցել: Շնորհակալ ենք մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար եւ խնդրում եմ Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադի շնորհակալությունը փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»:

Խոսելով Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքների մասին՝ Սիրիայի խորհրդարանի ղեկավարը ցավով նշել է, որ միջազգային հանրության կողմից իրենց նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter