HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ

Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների սպասելիքները:

Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:

Սարգսյանը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:

Ինչպես հայտնում է նախագահի պաշտոնական կայքը` Սարգսյանը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը Հայաստանի համար:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան և մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ նախագահը, նրա համոզմամբ, վերահաստատեց իր և իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:

Ս.Սարգսյանն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter