HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնադատված պապիս պատմությունը

Մարիետա Խաչատրյան

(վավերագրական)

Արձակուրդ էի վերցրել եւ գրում էի 1937 թվին բռնադատված պապիս պատմությունը... Մեր կյանքն էլ մի բան չէ, սակայն երեսունյոթի գաղջ մթնոլորտը` «տրոյկայի» գիշերային դատավճիռները, մատնություն ու «դանոս» գրողների մանրկճղակավոր միջավայրը, վախեցած մարդկանց, այդ թվում` միջին պաշտոնյաների համարյա անասնական վախի նվաստացուցիչ վիճակը, դասերը լավ իմացող, սակայն դպրոցում իրենց դաս հարցնող դասատու չգտնող անմեղ երեխեքի մեղք հայացքները` այս բոլորը քիչ է մնում ինձ խեղդեն հնացած արխիվային թղթերի ծալքերից:

Իրականում ես անընդհատ ինձանից հեռացրել եմ այս մասին գրելու միտքը, տարիներով հետաձգել: Պապիս լիովին արդարացումը եղել է 1989 թվականին, սակայն այդ եւ հետագա տարիներին, երբ մոդա ընկավ ստալինյան տեռորի ժամանակների մասին բացահայտումներ անելը, ես միշտ վախենում էի բացահայտել այն ողջ ճղճիմ միջավայրը, որի մեջ եղել է իմ հարազատը, չէի ուզում կարդալ մարդկային ողբերգության, նրան շրջապատողների մանր կրքերի մասին, չէի ուզում վերապրել այն բոլորը, ինչ նա էր ապրել, որովհետեւ ինձ հասած բանավոր պատմությունները, անգամ լեգենդի տարրերով, ավերն արդեն գործել էին իմ հոգում, ու այս դեպքում աշխատում էր տիպիկ բժշկական երեւույթ, երբ օրգանիզմն ինքնապահպանման բնազդով «մոռանում» կամ շրջափակում է ծանր իրադեպը, որի մեջ հայտնվել է մարդը: Օրինակՙ ավտովթարի մեջ ընկած մարդու ուղեղը հաճախ բլոկադայի է ենթարկում ծանր պահերի ու սուր ցավերի ժամանակահատվածը, մարդը չի հիշում դա` կարծես ինքն իրեն այդպես ազատելով ծանր ապրումներից: Ինձ մոտ էլ երեւի օրգանիզմի այդ հոգեբանական տրյուկն էր աշխատում` ինձ անընդհատ հեռացնելով պապիս պատմությունը խորքով ուսումնասիրելու ծանր հոգեբանական ապրումներից: Նույնիսկ 2011 թվականի հունիսի 9-ին, երբ առաջին անգամ բացեցի դատախազության եւ ՊԱԿ-ի` ազգային արխիվին փոխանցված գործը (բնականաբար` ամբողջությամբ չգաղտնազերծված, քանի որ որոշ անհարմար բաներ այնտեղ էլի չկան, օրինակ թե ի վերջո ո՞րն է եղել պապիս վերջին հանգրվանը, կոնկրետ ո՞ր բնակավայրում է անցկացրել աքսորը կամ միգուցե հենց սկզբից գնդակահարվել է, չկան տատիս ստացած նամակները, որոնք ես այդպես էլ չեմ տեսել), դրանից անցավ ուղիղ մեկ տարի, մինչեւ վերջապես ինձ ստիպեցի նստել համակարգչի մոտ ու վերապրել բռնադատված պապիս` Համբարձում Խաչատրյանի տառապանքները: Դե, երեւի ամեն ինչ ունի իր ժամանակը, ինչպես Ժողովողն է ասել, ու ես հիմա՛ եմ հոգեբանորեն պատրաստ գրելու այս մասին:

Ֆոնդ 571, ցուցակ 5, գործ 1563

Ահա այս թվերի տակ է պապիս «գործը» Հայաստանի ազգային արխիվում, ուրիշ բռնադատվածների համանման բազմաթիվ գործերի շարքում: Արխիվներում լուսանկար չկա: Մերոնք էլ չեն պահպանել: Այնպես որ ես չգիտեմ, թե ի՞նչ տեսք է ունեցել հարազատ պապս` հորս հայրը, Համբարձում Քրիստափորի Խաչատրյանը: Ի՞նչ տեսք ուներ նա 1937 թվին, ընդամենը քառասուներեք տարեկանում, երբ նրան աքսորել են Սիբիր` «Վարդան Եղիշի Սարգսյանի հետ բանդա կազմելու եւ սովետական կարգերի դեմ զինված պայքար տանելու» համար, ի՞նչ տեսք ուներ նա, երբ գյուղի կոլեկտիվ տնտեսության վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր կամ պստիկ տղա եղած ժամանակ, երբ բռնում էր Խոյից գաղթած հոր ձեռքն ու գնում Վայքի Բարձրունի (այն ժամանակ` Սուլթանբեկ) գյուղի փողոցով: Այս տեսակ էլ խաթա` մարդ էլ չիմանա, թե ի՞նչ տեսք ունի իր ծնողի հայրը: Էս լուսավոր դարում, երբ որ նա ոչ թե 1915 թվի հայերի պես թուրքերի զոհն է դարձել, այլ խաղաղ, անկռիվ դարում, սարսափելի ճիշտ կոմունիստ լինելով ու ոչ մի դեպքում կաշառքի դիմաց ստուգած-գտած պակասորդը «հեչ» չանելու համար սեփական համագյուղացիների ձեռքով է գնացել ու մեռել սիբիրներում: Գուցե հենց այնպիսի բոյով-բուսաթով մեկն է եղել, ինչպես որդիս է, ու նրա նման հաստ հոնքեր ու գեղեցիկ աչքեր է ունեցել, կամ գուցե սովորական կոշտուպինդ մարդ է եղել ու բոլորովին էլ աչքի ընկնող մարդ չի եղել. բա ո՞նց իմանամ, այ քեզ ձախորդություն, մարդ կա` իր յոթ պորտ ազգականների նկարներն է ունենում, ես իսկի պապինս չունեմ: Բայց շատ համառ մարդ է եղել, էլի, պապս, խոստովանենք, կաշառք վերցներ ու ձենը կտրեր, ինչպես հիմա են անում, կոլխոզի փողը մեջ-մեջ արած կոլխոզի նախագահի ձենն էլ կկտրվեր, ու նա «դանոսներ» չէր կազմակերպի, թե այսպես ու այսպես, Համբոն հակա է, ուրեմն, օպորտունիստ, բուրժուական էլեմենտ, դաշնակցական վերջիվերջո, որ պայքարում է սովետական կարգերի դեմ, էն էլ` զինված: Ես էլ հիմա պապիս նկարը կունենայի, հայրս էլ, ով գիտե, պրոֆեսոր կլիներ (գյուղի դպրոցում գերազանց է սովորել), ու վախեցած-անկյուն մտած չէր ապրի իր ողջ կյանքը` մանկության տրավմաների շարունակություն որպես: Մենք էլ ուրիշ մարդիկ դարձած կլինեինք` հայրդ որ մի տեղ է հասած լինում, դու էդտեղից սկսում ու մի նոր տեղ ես հասնում:

Ու միտքս թունավորվում է` կարդալով տասնյակ «վկաների» մատնության ցուցմունքները, որոնք բոլորն էլ հավանաբար հետին ամսաթվով սարքել-դզրտել են. մեկ մարդ, երեւի գործին իրավական տեսք տվող քննիչը, գրել է բոլորը, որոնք պրիմիտիվ ձեւով լրացնում են իրար, տասնյակ «դանոսներից» ամեն մեկը սովորաբար մի նոր «մեղք» է նկարագրում, ու բոլորը միասին ձեւավորում են ստալինյան ժամանակի սցենարը` հակասովետական էլեմենտի մասին: Սակայն անգամ անզեն աչքով տեսանելի են մատնության գլխավոր դրդիչները` տվյալ գյուղի տնտեսության նախագահն ու նրա ազգականները, հաշվապահը` իրեն մոտ կանգնած մարդկանցով: Ու անգամ սովորական դեդուկտիվ մեթոդով, եթե անգամ բանավոր փոխանցված պատմությունները չլինեն, ամենահասարակ իրավապահը կարող է տեսնել հետքը` մեծ «պադստավկա» ամենատրիվիալ ենթատեքստով, որը սակայն այնպես համահունչ էր այդ ժամանակ սովետների երկրում եւ Հայաստանում փոթորկվող ստալինյան հետապնդումների ոգուն: Մի խոսքովՙ դասական օրինակ է, թե ինչպես պետության անվան տակ թաքնվելով` գողություն են կոծկել, հանցագործություն թաքցրել` «վնասազերծելով» հանցանքի մասին իմացողին, թքած ունենալով այլ մարդու ճակատագրի վրա: Ու հիմա այդ պրիմիտիվ պատմությունն ինձ ավելի է վիրավորում, քան եթե իսկապես պապս գաղափարական հակառակորդ լիներ սովետին` մարդկային դավաճանությունն ու նենգությունն իրենց մանրությամբ շատ են նեղացնում ինձ այնպես, ինչպես տատիս են նեղացրել ժամանակին այն աստիճան, որ վերջը նրան քաղցկեղը կերավ: Գործի մատնություններում առկա կրկնվող Հախվերդյան ազգանունը` ազգակից նվազագույնը երեք մարդու ցուցմունքների նույնաբովանդակ կրկնությամբ, ինձ հանում է հունից, հասկանում եմ` սուբյեկտիվ զգացողություններ են, չեմ կարողանում եղածին նայել այդ ժամանակի բոլոր նման պատմությունների համատեքստում ու ընկնում եմ այն հոգեվիճակի մեջ, որից զգուշացնում է արխիվին ծանոթացող յուրաքանչյուր մարդու արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, թե` չէր ուզենա վենդետայի զգացմունքներով մարդիկ համակվեին ծանոթանալով գաղտնազերծված գործերին: Ու իսկապես, ճիշտ է Վիրաբյանը, գուցե ժամանակներն էին այդպիսին, ու այս օրվա պատուհանից այն օրերի մեջ նայելն այնքան էլ գեղագիտական չէ: Բայց այդպես մտածելիս անգամ հնարավոր չէ ազատվել կպչուն զգացումներից, «վրեմենա վսեգդա ադենակովի», ինչպես հանրահայտ գրողն է ասում, ու ակամա, ինձանից անկախ, հասկանալով հանդերձ, որ դա հասարակության մեջ թշնամանք սերմանելու ճանապարհ է, այս օրերին, երբ ընթերցածս ու լսածս թարմ են, բոլոր Հախվերդյանների մեջ պապիս ամբաստանողներին եմ փնտրում, Հախվերդյան ազգանունը կարդալիս տարօրինակ զգացումներ եմ ունենում: Մտածում եմ` մի օր կգտնեմ հատկապես այն մի Հախվերդյանի սերունդներին, որ հետո Բարձրունուց Արտաշատ է քոչել երեւի ամոթից, որ մոռացվի արածը, ինքն իր ստվերից է վախեցել փաստորեն. չնայած երեխեքի կյանքն ապահովել է կոլխոզից տարածով, բայց փաստորեն հանգիստ չի ունեցել, երեւի ոչ մի գիշեր անխռով քուն չի մտել ու փախել է ինքն իրենից: Երբ տեսնեմ այդ Հախվերդյանների որեւէ շառավղին` կասեմ, որ նրանցից պետականորեն, պաշտոնապես, ճիշտ է, ոչինչ չի պահանջվում, ու ես էլ պահանջ չունեմ, սակայն երբեք չէր խանգարի, որ որեւէ մեկը, կոնկրետ որեւէ Հախվերդյան, մի բանավոր կամ գրավոր ներողություն խնդրեր պապիս շառավիղներից` իր նախորդի արածի համար: Որպես բարոյական փոխհատուցում: Թուրքերից բարոյական ու նյութական փոխհատուցում ուզում ենք, չէ՞, հայերին կոտորելու համար: Չնայած` վստահ եմ, որ այդ մարդը /մարդիկ/ դատախազության եւ ՊԱԿ-ի արանքում ապրելով` արդեն քավել է (են) մեղքերը, ու անգամ եթե չի զղջացել իր արածի համար, ապա այն վախը, որ ապրել է տասնամյակներով, լրիվ համարժեք է աստծո պատժին: Քանի որ Մարինկա տատս մինչեւ 1958-60 թիվը մի քսան անգամ դիմել է համապատասխան ատյաններին` թե ամուսինս անմեղ ու արդար է, վերականգնեք նրա բարի անունը: Ու տատիս ամեն դիմելուց բոլոր «դանոս» գրողներին անընդհատ կանչել ու նոր ցուցմունք են վերցրել` իբր բողոքի հիման վրա նորից քննում են «գործը»: Ու նրանց կյանքն էլ մի կյանք չի եղել այդ պատճառով: Բոլոր «դանոս» գրողները համարյա իրենց մեղադրանքից լրիվ կամ մասնակի տարբեր ժամանակներում հրաժարվել են, այդ թվում` Հախվերդյանների մի մասը: Բայց մեկը, Արտաշատ քոչած էս մի Հախվերդյանը շարունակել է իր «դանոսը» պնդել: Վախից: Քանի որ հակառակ պարագայում պիտի խոստովաներ` կերել է կոլխոզի փողերը, ու պապս ստուգել-գտել է, էդ դեպքում ինքը պետք է գնար -նստեր: Շատ պրիմիտիվ, շատ քստմնելի, շատ մանրկրքային պատճառ, ու էս տեսակ շատ պատճառներն են գնացել-գումարվել անհատի պաշտամունքի ժամանակի հետապնդումների ընդհանուր, ոճրահենք մեծ պատճառին: Է, դրանից էլ մեծ պատի՞ժ` մարդը 1937 թվականին մատնել է պապիս, ու տարիներ շարունակ ահուդողով սպասել է, թե երբ կրկին կկանչեն ու նոր ցուցմունք կվերցնեն: Ու 23 տարի անընդհատ նրան կանչել են «այնտեղ»: Ու 23 տարի անց էլ դեռ, 1960 թվականին նրանից մի վերջին անգամ ցուցմունք են վերցրել: Ու նա շարունակ գրել է... այդ թվում` 1960 թվին, փաստորեն ողջ կյանքը «դանոս» է գրել էս մարդը` մի անգամ սկզբից գրելու պատճառով: Այսինքն էս «դանոս» գրողներն ավելի դժբախտ են եղել, քան Սիբիր աքսորվածները, նրանք ապրել են ահուդողի մեջ, արդարացման պահանջով ամեն բողոքի դեմ որոշումը հիմնավորելու համար նրանցից տասնյակ տարիներով նորից ու նորից ցուցմունք են ուզել: Նրանց կերածը 100 անգամ նրանց քթից է եկել, սակայն արդեն կեղտի մեջ են եղել ու էլ դուրս չեն կարողացել գալ: Էլ չասած, որ դանոս գրողներից մեկի թաղման օրը անսպասելի հայտնվել է պապիս հետ բռնադատված Վարդան Սարգսյանի որդին, եւ անցյալ տարիների ողջ մաղձը կուտակած` դիմելով հանգուցյալի լավ գործերի մասին բարձրաձայն հիշողներին, ասել է. «Էս մարդու մասի՞ն եք պատմում, նա արժանի չէ անգամ սեղանին դրվելու», ու շուռ է տվել սեղանը` դիակը տապալելով գետնին:

Համալսարանում ես մի դասախոս ունեի, մականունը միայն կասեմ` Քսպե, քանի որ նրա թոռն այսօր կա եւ նույն անուն-ազգանունն է կրում, ու լավ էլ տղա է: Բայց այս Քսպեն, որ շատ կարեւոր տեսքով դասախոսում էր, ու ամեն նոր եկող սերնդի հետ ավելի հույս ստանում, թե իր արածները կմոռացվեն, կամ նույնիսկ հավատացած էր, որ այդպես է, երեւի չգիտեր, որ ամեն ուսանող, ով առաջին օրը համալսարան էր գնում, նրա ականջին որպես առաջին գիտելիք փսփսում էին, որ Չարենցի վրա դանոս գրողներից մեկը, միգուցե շատ երկրորդական դանոս գրող, նա է եղել: Ու Քսպեի պատիժը հենց սա էր, Քսպեի ճակատի գիրն էր` միշտ իրեն ուղղված արհամարհալից աչքերի նայել. ոչինչ բարձրաձայն չէր ասվում, բայց արհամարհանքով լցված աչքերը օր չէին տալիս Քսպեին:

Պաշտոնական վարկածը. Սկսենք վերջից

1958 թ. մարտի 25-ին Ազգային անվտանգության գեներալ-մայոր Բադամյանցը ԱԱԾ քննիչ Խաչատրյանին եզրակացություն է տվել, թե նայելով1890 թ. ծնված Վարդան Եղիշի Սարգսյանի եւ 1897-ին ծնված Համբարձում Քրիստափորի Խաչատրյանի գործը, ըստ որի 1937-ի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հայկական ՍՍՀ ՆԿՎԴ-ի տրոյկայի որոշմամբ Վ. Սարգսյանը դատապարտված է եղել 10, իսկ Հ. Խաչատրյանըՙ ութ տարվա ազատազրկման` այն մեղադրանքով, որ մինչեւ 1930 թվականը բանդիտական խմբի կազմում մասնակցել են զինված ելույթի` ընդդեմ սովետական կարգի, իսկ մինչեւ ձերբակալման օրը ակտիվ հակասովետական պայքար է տարել: Թե ոնց էր նույնիսկ 1958 թվին, երբ Ստալինը չկար, ՊԱԿ-ի գեներալը այդքան լավ տեսնում ժամանակի միջով, եւ ինչու հարց չէր ծագել առ այն, որ բանդայի կազմում կռված բանդիտին ժամանակին ոնց են դրել սովետական կոլխոզի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, պետք է փնտրել տվյալ ժամանակի բարքերի ու հրամայականների մեջ: Սա մեկ մերժում` տատիս բողոքներից նախավերջիններից մեկին: Այդպես 1956-ին էլ նույնն են թողել մեղադրականը` Վարդան Սարգսյանին բանդայի ղեկավար սեպելով, որ իմ պապի հետ, փաստորեն, բանդա է կազմել, ոչ ավել, ոչ պակաս` երկու հոգով Ռոբին Հուդ են խաղացել Բարձրունու անտառներում:

Գործի «օպերատիվ տվյալները»

Անցնենք պապիս ձերբակալման եւ մեղադրման «օպերատիվ տվյալներին»: Դրանք պապիս գյուղի` այն ժամանակ Ազիզբեկովի շրջանի (թո՛ւհ) Սուլթանբեկ (կրկնակի թո՛ւհ` խոյեցիներով բնակեցված հայկական այս գյուղի` Սովետի դրած թուրքավարի անունների համար, որոնք, փառք աստծո, հետագայում ուղղվեցին, դառնալով Վայոց ձորի մարզի Բարձրունի գյուղ) գյուղի այն ժամանակվա բնակիչների վկայություններն են:

Գործում առկա օպերատիվ տվյալներով, իսկ ավելի ստույգ` ցուցմունքներով (մեծ մասը իրար ազգակից Հախվերդյանների եւ նրանց հետ խնամիական կապերով կապված մարդկանց վկայություններն են), Հ. Խաչատրյանը 1924 թվին իբր հեռացվել է կոմկուսից եւ դատապարտվել է` պտղատու ծառերը ոչնչացնելու համար. հարցաքննվել են Մ. Հախվերդյանը, Մ. Մ. Ալեքսանյանը, Տ.Ա. Վարդանյանը, Օ.Ա. Հախվերդյանը եւ ուրիշներ` Խաչատրյանի համագյուղացիները, որոնց վկայություններով 1937 թվականին, հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակի տոնակատարության օրը հատկապես Հախվերդյան Օգսենը անձամբ է լսել, որ Խաչատրյանը «ֆաշիստական լոզունգ բաց թողեց` կեցցե Հիտլերը»: Սակայն եկեք այդ «օպերատիվ տվյալները» չհավաքենք այս վերնագրի տակ, այլ այս վերնագրի բովանդակությունը փնտրեք բոլոր մյուս վերնագրերի ներքո:

Բողոքներ առ անհայտություն

Տատս պապիս գործի վերանայման հերթական դիմումը, ինչպես ասացի, գրել է 1956-ին, որի վերանայման արդյունքում էլի որոշվել է, որ Վարդան Սարգսյանի եւ Համբարձում Խաչատրյանի ռեաբիլիտացիայի համար հիմքեր չկան եւ քննչական արխիվի` այդ պահին թվագրված թիվ 3348 գործը կրկին վերադարձվել է չգիտեմ ՊԱԿ-ի, թե դատախազության արխիվ: Գործում տեղ-տեղ երեւում է ՊԱԿ-ի քննիչ Փիրուզյանի ստորագրությունը:

Տատս` Մարինկա Սմբատի Հովհաննիսյանը, որ նույնպես ծնունդով խոյեցի էր եւ պապիս հետ իր բախտը կապել էր արդեն Խորհրդային Հայաստանում (դիմումն արդեն երեւանյան Շենգավիթի 9-րդ փողոց, 22 տուն հասցեից է) 1960 թվականի հունիսի 25-ին, նորից արդեն որերորդ անգամ դիմում է Խորհրդային Միության գլխավոր դատախազ Ռուդենկոյին ու որերորդ անգամ գրում է, թե` «առանց պատճառի իմ ամուսին Համբարձում Խաչատրյանը ձերբակալվել է Հայկական ԽՍՀ ներքին գործերի ժողկոմի կողմից»: Նա պատմում է, որ իր ամուսինն առաջիններից մեկն է կոլխոզ մտել, ազնիվ ու բարեխիղճ աշխատել է, սկզբում պահեստապետ է եղել, հետո` ռեւիզոր, գյուղի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ ու պայքարում էր «կոլխոզի ունեցվածքը յուրացնողների դեմ, համարձակ քննադատում էր կոլխոզի նախագահին եւ մյուս գյուղղեկավարներին, ու հենց դրա համար են նրան բռնել»: Տատս իզուր ու իզուր, կրկին ու կրկին հույս էր հայտնում, որ Սովետի մեծ ու արդարամիտ ղեկավարները կուղղեն մարդու կյանքն արժեցած անարդարությունը: Նամակներում նա նշում է բոլոր այն կեղծ վկաների մասին, որոնք իրենց շահերն ունենալով եւ իրենց մեղքերը ծածկելու նպատակով կեղծ վկայություններ են տվել: Տատս, լինելով այն քչերից, որոնք անգամ որոշ ժամանակով հետ չեն կանգնել արդարության հասնելու իրենց վարքագծից ու չեն երկնչել հերթական դիմումը բարձր ղեկավարությանն ուղարկելուց, նաիվորեն գրում էր, թե իր ամուսնուն անարդար են մեղադրել ու աքսորել ճամբարներ, ու իր կարծիքով 1941 թվականին է միայն այդ ճամբարներում մահացել կամ զոհվել պապս: «Նա անմեղ զոհ է», գրել է տատս Խորհրդային Միության դատախազին, հավանաբար նաեւ պահելով այդ կարգի հազարավոր նամակների ստանդարտ ձեւաչափը: Բոլոր նամակներում մանրամասն սիրտ հովացնելով` տատս վերջում իր եւ իր չորս զավակների անունից խնդրել է վերանայել գործը եւ արդարացնել իր անմեղ ամուսնուն: Կենտրոնից, ի պատասխան տատիս նամակի, 1960 թվականի փետրվարին հանձնարարում են վերանայել գործը:

Երբ այս մասին գրում եմ` թվում է բոլորովին ուրիշ երկրի ու ուրիշ մարդկանց մասին եմ գրում: Սարսափելի է, մի՞թե այս բոլորը 1960 թվականին դեռեւս տեղի էր ունենում: Բայց չէ՞ որ ես հիշում եմ այդ թվականները, ու իմ մանկությունն այս տառապանքները չի ֆիքսել, անհաղորդ ենք եղել մեծերի տառապանքին: Եղել է, ուրեմն, թաքցված` թաքցված վիշտ, թաքցված վախ, արդեն Երեւանում հարեւաններին չպատմվող հանգամանքներ, քանի որ իրար կողքի ապրում էին բոլորը` եւ անմեղ զոհերի, ե՛ւ «դանոս» գրողների զավակները, գուցե միասին սովորում էին, դպրոցում նստում նույն նստարանին, սիրահարվում միմյանց, գուցե միասին կռվել էին ֆաշիստների դեմ: Զարմանալի եւ ամոթալի ժամանակներ:

Առաջին անգամ հրապարակվել է «Ազգ» օրաթերթում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter