11 զավակ ունեցող Ավետիքի լյարդի վիրահատության համար գումար է անհրաժեշտ
Լիլիթ Թադևոսյան
Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 45-ամյա բնակիչ Ավետիք Ադամյանն ունի 11 երեխա։ Ավետիքը հինգ տարի է, ինչ տառապում է «հեպատիտ Բ» հիվանդությամբ, իսկ վերջին հինգ ամիսներին նրա մոտ առաջացել է լյարդի ցերոզ և լյարդի չարորակ ուռուցք:
«Հետքի» հետ զրույցում Ավետիք Ադամյանն ասաց, որ ստուգումներն անցնելուց հետո դիմել էր առողջապահության նախարարություն, որտեղ ասել էին, թե պետք է «խցանում» արվի, որի արժեքը 1 միլիոն 400 000 դրամ և դրա առաջին փուլն իրականացվել է նախարարության միջոցներով, սակայն Ավետիքին անհրաժեշտ է նաև երկրորդ, հնարավոր է նաև երրորդ փուլ, բայց դրա համար նա գումար չունի:

«Ինձ բժիշկներն ասացին, որ տվյալ պարագայում ամենաճիշտը վիրահատությունն է, ինչը մոտավորապես արժե 10 հազար դոլար»,- ասաց Ավետիք Ադամյանը:
Նրա երկու որդիները բանակից ազատվել են հիվանդության պատճառով, բայց աշխատունակ են, պարզապես հիմնական աշխատանք չունեն, և ամսվա մեջ մի քանի անգամ շինարարության հետ կապված աշխատանքի առաջարկ են ստանում՝ գնում, անում են, բայց դրանով մեծ գումար չեն վաստակում:
Ավետիքի կինը մահացել է 9 ամիս առաջ՝ չարորակ ուռուցքից:

Ավետիքի երեխաներից ավագը՝ Արսենը, 22 տարեկան է, Անժելան՝ 21, Դավիթը՝ 19, Դանեիլը՝ 17, Վահագնը՝ 16, Ռոմանը՝ 13, Լիանան՝ 12, Թագուհին՝ 11, Լիան՝ 10, Մուշեղն ու Առաքելը՝ 5, վերջին երկու տղաները զույգ են: Նրանց հետ ապրում է նաև Ավետիքի 67-ամյա մայրը։
Ադամյանների ընտանիքը ստանում է 70 000 դրամ նպաստ, իսկ վեց անչափահաս երեխաները մոր մահից հետո ստանում են 16 000-ական դրամ՝ որպես միակողմանի ծնողազուրկ երեխաներ, սակայն բազմանդամ ընտանիքի համար այդ գումարը շատ քիչ է, հատկապես, երբ Ավետիքի ստուգումների, դեղերի համար բավականին մեծ գումարներն են պահանջվում:

«Իմ հիվանդության ծախսերը շատ են, երբեմն մի ստուգումն արժենում է 30 000, 50 000, 60 000, իսկ համակարգչային տոմոգրաֆիան՝ 90 000 հազար արժե: Այդ բոլորը մեծ ծախսեր են, բայց դրանք ես ինքնս ինձնով եմ անում, նույնիսկ ասում եմ 11 երեխա ունեմ, բայց ոչ մի զեղչ չեն անում»,- ասաց Ավետիքը:
Մինչև այդ հիվանդությամբ տառապելը Ավետիքը ձուկ է վաճառել, կահույքի արտադրամասում է աշխատել, երբեմն մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի և կարողացել է իր ընտանիքի կարիքները հոգալ, սակայն արդեն 5 տարի է՝ հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել:

«Շատերն ասում են չունենայիք էդքան շատ երեխա, բայց ես նախկինում ոչ մեկից գումար չեմ խնդրել, որ երեխաներիս պահեմ, ես իմ ընտանիքը նորմալ պահել եմ ու հիմա հիվանդության պատճառով եմ այս վիճակում հայտնվել։ Եթե կարողանամ բուժվել, ես ամեն ինչ էլ կարող եմ անել»,- նշեց Ավետիքը:
Հարևանությամբ բնակվում է Ավետիքի եղբայրը, իննը երեխա էլ նա ունի: Իսկ տները, որտեղ երկու եղբայրները բնակվում են, ստացել են մոտ վեց տարի առաջ, սակայն այստեղ երկու եղբայրներն էլ խնդիր ունեն՝ գյուղապետարանը նրանց սեփականության վկայական չի տալիս:

Ավետիքն ասում է, որ եթե տան վկայական ունենար, չէր դիմի ոչ մեկին, վարկ կվերցներ ու բուժման հարցը կլուծեր:
12-ամյա Լիանան դպրոցում գերազանց առաջադիմութուն ունի, ասում է՝ ցանկանում է բժշկուհի դառնալ և բուժել բոլոր հիվանդներին։
Դավիթը և Վահագնը ըմբշամարտով են զբաղվել, Դավիթն այլևս չի ցանկանում շարունակել սպորտով զբաղվել։ Նա մտածում է հիմնական աշխատանք ունենալու և տան կարիքները հոգալու մասին: Իսկ Վահագնը ասում է՝ ցանկություն ունի շարունակել ըմբշամարտով զբաղվել, բայց դարձյալ ֆինանսական սղությունը թույլ չի տալիս: Ավետիքն ասում է, որ Վահագնը երկու տարի ըմբշամարտով է զբաղվել ու եթե շարունակեր՝ չեմպիոն կդառնար: Իսկ Դանիելը սիրում է ֆուտբոլ խաղալ։ Եղբայրներով տնից քիչ հեռու ֆուտբոլի դաշտ են սարքել և հաճախ են այնտեղ ֆուտբոլ խաղում:

Իսկ Անժելան՝ Ավետիքի ավագ դուստրը, ասում է, որ շատ կուզենար զբաղվել իր մասնագիտությամբ: Նա որոշ ժամանակ Ռուսասատանի Սամարա քաղաքում է բնակվել՝ հորաքրոջ մոտ, և այնտեղ խոհարարություն է սովորել, իսկ երբ եկել է Հայաստան նաև խմորեղենի դիզայն է սովորել:
«Չեմ կարողացել աշխատել, բայց ուզում եմ աշխատել, պարզապես երեխաներին չեմ կարող երկար ժամանակով մենակ թողնել»,- ասաց Անժելան, որի վրա է տան հիմնական հոգսը, թեև տատն իրեն օգնում է: Քանի որ հայրը հատուկ սննդակարգով պետք է սնվի, Անժելան հոր համար նաև դիետիկ սնունդ է պատրաստում:

Տան փոքրերը՝ հնգամյա Առաքելն ու Մուշեղը կենցաղային հարցերում նույնպես օգնում են Անժելային: Մեր այնտեղ գտնվելու ժամանակ փոքրիկները ձմեռվա փայտն էին տանում ներս և պահեսատավորում։
Տեղեկացնենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկում Ավետիք Ադամյանի անունով բացվել է հաշվեհամար և այն մարդիկ ովքեր կցանկանան նրան օգնել, կարող են գումար փոխանցել տվյալ հաշվեհամարին՝ 40 33 19 00 10 06 34 79:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել