«Cocaine». Մի քիչ կոկային՝ տրուբադուրների չափաբաժնով
Նաիրա Հայրապետյան
«Troubadour». Սա ամերիկացի երաժիշտ, երգիչ, բլյուզ կիթառահար Ջեյ Ջեյ Քեյլի (J. J. Cale) 4-րդ ստուդիական ալբոմի անվանումն է: Այն թողարկվեց 1976թ. և հայտնվելով «Billboard 200-ում»՝ առաջ անցավ՝ հասնելով մինչև 84-րդ հորիզոնականը: Գրեթե հանգստի անցած երաժիշտը նորից բեմում էր: Ալբոմի հաջողությունը մի քանի քայլ առաջ շարժվեց հատկապես այն ժամանակ, երբ առանձին թողարկվեցին մի քանի երգերի սինգլները: Դրանցից մեկը «Cocaine»-նն էր. խիստ վիճահարույց և, այնուամենայնիվ, երաժշտասերների ամենասիրելի երգերից մեկը:
Քեյլը այս երգը գրել է 1976թ.: Բլյուզային ոճում առավելապես հայտնի երաժշտի համար սկզբում այն ջազային տրամադրության մեջ էր հնչում: «Cocaine»-ը «Troubadour» ալբոմի կազմում թողարկվելուց հետո հայտնվեց «Hey Baby» սինգլի մյուս երեսին:
70-ականներին չնայած Քեյլն արդեն բավականաչափ հայտնի էր, այնուամենայնիվ, լայնամասշտաբ հետաքրքրությունը նրա ստեղծագործության հանդեպ ակնհայտորեն մեծացավ այն բանից հետո, երբ Էրիկ Քլեփթոնը թողարկեց մի քանի քավըր ձայնագրություններ Քեյլի երգերից: Քլեփթոնի կատարմամբ նախ առաջատար հորիզոնականներում հայտնվեց «After Midnight»-ը, որից հետո հիթ դարձավ «Cocaine»-ը: Հետագայում «Troubadour» ալբոմից նա կատարեց նաև «Travelin’ Light»-ը՝ կրկին մեծ արձագանքներով: Ասում են, քլեփթոնյան այս արագընթաց վերելքը ուղիղ ազդեցություն թողեց նաև Քեյլի կյանքում: «After Midnight»-ի հաջողությանը հետևեց ակտիվ գործունեության մի փուլ. նրան սկսեցին վերհիշել և հրավիրել համերգների, որոնցից մեկի ժամանակ էլ անձամբ ծանոթացավ Քլեփթոնի հետ: Նույն օրը, համերգից հետո Քլեփթոնը նրան հրավիրեց ստուդիա, որտեղ ներկայացրեց իր «Cocaine»-ը: Դա ձայնագրության նախապատրաստվող սևագիր մի տարբերակ էր, որը շատ դուր եկավ Քեյլին:
Քլեփթոնը «Cocaine»-ը ձայնագրեց 1977թ՝ ընդգրկելով «Slowhand» ալբոմում: Չնայած երգի իմաստի հանդեպ ծայրահեղ տարբեր ընկալումներին՝ այն պիտի դառնար Քլեփթոնի լավագույն և գլխավոր հիթերից մեկը մինչ օրս: Այս քավըրի մասին «AllMusic»-ը գրել է, որ այն երաժշտի ամենակայուն հանրաճանաչ հիթերից է և «շարունակում է լավագույնը մնալ Քլեփթոնի կատարումներում՝ նույնիսկ այն դեպքում, երբ նկատի ունենանք, որ գործ ունենք բարձրորակ հսկայածավալ գործեր ստեղծած արտիստի հետ»:
Երգի իմաստի և բովանդակության շուրջ տարբեր մեկնաբանություններ հնչեցին: Արտաքինից վատ գովազդ թվացող այս երգն իրականում հակակոկային է՝ թմրանյութի դեմ ակնարկ, որը, սակայն, շատերը ուղիղ իմաստով են ընկալում: Ոմանց կարծիքով՝ հեղինակը կարծես թե թմրանյութի մասին սովորական մի պատմություն է գրել, որն, ինչ խոսք, վատ սովորությունը օրինաչափություն դարձնելու վտանգ ունի առաջին հայացքից: Ոմանք բացառում են այդ տարբերակը՝ փորձելով այնտեղ տեսնել թաքնված «հակագովազդը»: Ստացվում է, որ հեղինակը հեգնում է երգում հնչող տարբեր պատճառաբանությունները, որոնց մեջ սովորաբար փորձում է թաղվել հասարակ մի բառ՝ կախվածություն: Ինքը՝ Քեյլը, մի առիթով ասել է, որ երգը կոկայինի գովքը կամ պաշտպանությունը չէ, այլ այն, ինչին ուզում էր հասնել հեղինակը և ինչին ձգտում են հասնել գրեթե բոլոր երգահանները: «Վերջապես նրանք սկսեցին խոսել թմրադեղերի խնդրի գոյության մասին, իսկ այս խնդիրը կար դեռևս 20 տարի առաջ»,- ասել է Քեյլը:

«Cocaine»-ի երկիմաստության մասին խոսեց նաև «կոկայինի համբավը» լայնորեն տարածած և հանրահայտ դարձրած Քլեփթոնը: Ըստ նրա՝ այս երգը իրականում թմրադեղերի դեմ է: Ու թեև նա այս ընկալման մեջ կարծես թե համոզված է, այնուամենայնիվ, հաջորդող քայլում և մեկ այլ մեկնաբանությամբ, իմ կարծիքով, խոստովանում է իր՝ երկու սարի արանքում գտնվելիս լինելը:
Երգի ծայրահեղ տարբեր երկու ընբռնումները պատճառ դարձան, որպեսզի Քլեփթոնը, չնայած իր կատարման մեծ հաջողություններին, այն հաներ իր համերգային երկացանկից: Մի քանի տարի շարունակ, նախկինում թմրադեղերից կախվածության մեջ գտնվող (մեղմ ասած)աստղը մեկնաբանում էր, թե չի ուզում թյուրիմացության մեջ գցել նրանց, ովքեր կանգնած են այդ խնդրի առջև: «Կարծում եմ՝ երգը կարող է սխալ հաղորդագրություն հասցնել այն մարդկանց, ովքեր գտնվել են միևնուն նավակում, որտեղ նաև ես էի մի ժամանակ»,- ասել է երգիչը «The Associated Press»-ին: Սակայն, հավանաբար, երկրպագուների պահանջն ավելի հիմնավոր էր պատճառաբանված, որովհետև ի վերջո նա կրկին դեպի «Cocaine» –ը վերադարձավ: Այս անգամ, Քլեփթոնը, հաստատելու համար իր մոտեցումը արծարծվող թեմային, ինչպես նաև վերջնականապես փակելու համար հարցը, չմոռացավ ավելացնել «կեղտոտ» բնորոշումը՝ «that dirty cocaine»:
«Գրել թմրամիջոցի դեմ երգ և հույսով սպասել, որ այն կարող է ինչ-որ մեկին դիպչել. ես սրա մեջ լավ բան չեմ տեսնում, քանի որ այն կարող է վիրավորել մարդկանց:- ասել է Քլեփթոնը հարցազրույցներից մեկում,- Այն պետք է լիներ այնպիսին, որ մարդիկ դրանից սկսեին անհանգստանալ և գիտակցել, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է խոթում իրենց կոկորդով ներս»:
Ըստ երգչի, լավագույն բանը, որն այս դեպքում կարելի է առաջարկել, դա տեքստում որևէ բառով «հակա» իմաստի ներկայությունն ավելացնելն է: Դրանով և՛ առավել հստակ կընդգծվեր երգի երկիմաստությունը, և՛ կուղղորդեր նրա դիքորոշումը թմրադեղերի օգտագործման հարցում: «Իրականում «Cocaine» երգը դեմ է կոկաինին: Եթե ուսումնասիրեք կամ դիտարկեք այն առանց փոքր-ինչ մտածելու, մակերեսից… ապա այն կհնչի որպես սովորական մի երգ կոկայինի մասին: Բայց իրականում այս երգը բավականին հստակ ընդգծում է իր հակակոկայինային լինելը»:
Երգի մի քանի այլ քավըր կատարումներ կան, որտեղ այն ներկայացված է քանթրիի, ծանր ռոքի և այլ ժանրերում: 1981թ. «Cocaine»-ի իր մեկնաբանությունը ներկայացրեց «Nazareth» ռոք խումբը: Երգի մեկ այլ հայտնի տարբերակ է «Duran Duran» խմբի կիթառահար Էնդի Թեյլորի կատարումը, որը թողարկվեց 1990թ. «Dangerous» սոլո ալբոմի կազմում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել