HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզի դպրոցաշինական մոնոպոլիան

Դպրոցաշինական ծրագրերն իրականացվում են պետբյուջեով, այդ թվում՝ հրատապ ծրագրերով հատկացվող ֆինանսական միջոցներով։ «Հետքն» ուսումնասիրել է 2006-2014թթ․ Արմավիրի մարզում իրականացված շինարարական աշխատանքները, ինչի արդյունքում պարզել, որ դրանք մեծամասամբ իրականացնում են պաշտոնյաների կամ նրանց մերձավորների ընկերությունները։ Դպրոցներ կատարած այցելությունները ցույց են տվել, որ այդ աշխատանքները  միշտ չէ, որ պատշաճ որակով են կատարվել: Արմավիրի մարզում դպրոցաշինության «մոնոպոլիստները» հինգ ընկերություններ են:

 

Իմ մերձավորի բիզնեսը իմ բիզնեսը չէ        

Դպրոցաշինական ծրագրերով աշխատանքների կատարման պայմանագրերը ընկերությունների հետ կնքվել են հիմնականում բանակցային եղանակով՝ առանց հայտարարություն տարածելու: Այս ընթացակարգը որոշել է կառավարությունը, ինչը գումարներ լվանալու, պաշտոնյաների ու նրանց մտերիմների ընկերություններին պետական ծրագրերում ընդգրկելու և խոշոր գումարներ աշխատելու հնարավորություն է տալիս:

«Միլաքս գրուպ» ՓԲԸ-ն 2006-2014թթ. իրականացրել է 1 մլրդ 659 մլն 585 հազար դրամի շինաշխատանքներ, որոնց վերաբերյալ կնքվել է 36 պայմանագիր: Այս ընկերությունը պատկանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին: Ընկերության հիմնական բաժնետերը Միսակ Տեր- Պողոսյանի կինն է՝ Լաուրա Մադոյանը: Արմավիրի մարզում «Միլաքս գրուպ» ՓԲԸ-ն պատկանում է այն ընկերությունների թվին, որն իրականացնում է հիմնականում մեծ գումարով շինաշխատանքները:   

«Միլաքս գրուպ» ՓԲԸ-ն է իրականացրել մարզի Արևիկ, Արգավանդ, Ամասիա, Սարդարապատ, Գեղակերտ, Փշատավան, Մարգարա, մարզպետի ծննդավայր Այգեշատ, Արտաշար, Նորապատ, Շենավան, Բերքաշատ, Բագարան, Երվանդաշատ, Արազափ, Առատաշեն, Արաքս, Վարդանաշեն, Տանձուտ, Նոր Արմավիր, Ջրաշեն համայնքների, Մրգաշատի թիվ 2 միջնակարգ, Արմավիր քաղաքի մի շարք դպրոցների հիմնանորոգման կամ մասնակի վերանորոգման աշխատանքներ:

Տեր-Պողոսյաններն ունեն շինաշխատանքներ իրականացնող մեկ այլ ընկերություն, որը ևս մասնակցել է դպրոցաշինական աշխատանքներին: «Միսակ մեծ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թվականին: Այն պատկանում է մարզպետի ընկերոջը՝ Միսակ Տեր-Պողոսյանին: Նշված ժամանակահատվածում այս ընկերությունը մարզում իրականացրել է մոտ 141 միլիոն դրամի դպրոցների վերանորոգման աշխատանքներ:

«Միսակ մեծ» ընկերությունն էլ վերանորոգել է Բաղրամյան գյուղի դպրոցի տանիքը և պատուհանները, կառուցել է Նոր Կեսարյա համայնքի կաթսայատունն ու լոկալ ջեռուցման համակարգը, փոխել է Ջրառատ համայնքի տանիքը, պատուհանների մի մասը:
ՆԿԱՐ-Ջրառատ

«Բաղրամյանշին» ԲԲԸ-ն, որի սեփականատերը ևս լավ հարաբերություններ ունի, թե՛ մարզպետ Ղահրամանյանի, թե՛ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ևս խոշոր պայմանագրեր է կնքում մարզպետարանի հետ: 2006-2014թթ․ ընկերությունը մարզային իշխանությունների հետ կնքել է դպրոցաշինության 25 պայմանագիր՝ 1 միլիարդ 367 մլն 523 հազար դրամ արժողության: Նշված ժամանակահատվածում ընկերությունը մասնակի կամ ամբողջությամբ վերանորոգել է մարզի Հուշակերտի, Նալբանդյանի, Գետաշենի, Արտիմետի, Լուկաշինի, Մրգաստանի, Հայկավանի, Տարոնիկի, Բաղրամյանի, Նոր Արտագերսի, Մայիսյանի, Երասխահունի, Հացիկի, Վաղարշապատի թիվ 7, 8 դպրոցները:

12 պայմանագիր է կնքել «Խաչատուրյանի բիլդինգ գրուպ» ՍՊԸ-ն՝ 479 մլն 281 հազար դրամ արժեքով: Սեփականատերը էջմիածնաբնակ Աշոտ Խաչատուրյանն է: Նա ևս մարզպետի ընկերն է: 

Այս ընկերությունն է վերանորոգել Դողսի, Բամբակաշատի, Արևաշատի, Ալաշկերտի, Վաղարշապատի թիվ 1 դպրոցները: 

Մանվել Գրիգորյանի ընկերության 1 մլն դոլարից ավելի գործարքները

2006-2014թթ. դպրոցաշինական ոլորտում մոտ 601 մլն դրամի շինաշխատանքներ է իրականացրել ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն:  2015թ. այս ընկերությանը ևս պետբյուջեի միջոցներից բաժին է հասել: Օրինակ՝ օգոստոսի 20-ին Արմավիրի մարզպետարանի և «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի միջև կնքվել է մոտ 30 մլն դրամի պայմանագիր, ըստ որի վերանորոգվելու է Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցը:

«Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ն հիմնականում կենտրոնացել է Էջմիածնի տարածքի դպրոցների վրա: Օրինակ՝ վերանորոգել է Արտիմետ, Այգեկ, Ծաղկալանջ, Արաքս, Դաշտ, Գեղակերտ համայնքների դպրոցները, Վաղարշապատի թիվ 1 գիշերօթիկ, թիվ 2 հատուկ, թիվ 10, 12 դպրոցները, Ներսիսյան վարժարանը:

      Ինչու՞ միշտ նույն ընկերություններըմարզպետարանից պարզաբանում են

Ստացվում է՝ տարիներ շարունակ մարզի նույն տարածքներում նույն ընկերությունների հետ են կնքվում պայմանագրեր, որոնք կամ պաշտոնյաներին են պատկանում, կամ նրանց հետ որոշակի կապ ունեն։ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշումներով է ընթացակարգը սահմանվել՝ մեկ անձից գնում:

«Ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Մեկ անձից գնման դեպքում մրցույթ չի եղել: Ընդամենը առաջարկություն է ներկայացվել 2-3 ընկերությունների, ով ցածր գին է առաջարկել, նրա հետ էլ պայմանագիրը կնքվել է: Այդ կազմակերպությունները մարզում աշխատող ընկերություններն են: Բնական է՝ մենք չէինք գնալու Սյունիքի մարզից շինարարներ բերեինք այստեղ, որ գնան-գան, աշխատուժի և այլ հարցեր առաջանան: Ավելի լավ է մարզի աշխատող լինի, որ կարողանա, և մեր մարզի աշխատողներին էլ ընտրել ենք, որպեսզի իրենց աշխատանքները կատարեն և անընդհատ մեր հսկողության տակ լինեն»,-ասում է Կ. Դանիելյանը:

Փուլային կառուցապատում կամ գումարների վատնում

Վերը նշված դպրոցները միանգամից չեն վերանորոգվել: Ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շինվերանորոգման աշխատանքներն իրականացվել են փուլերով և մեկ դպրոցի շինարարությունը տևել է ընդհուպ մինչև 6 տարի: Թե՛ դպրոցների ղեկավարները, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները պնդում են, որ երկարատև փուլային աշխատանքները արդյունավետ չեն: Մինչ դպրոցի վերանորոգումն ավարտել են, պարզվել է, որ առաջին տարիների արվածն արդեն փչացել է և դարձյալ վերանորոգման կարիք ունի: Քիչ չէին դեպքերը, երբ շինաշխատանքներն ավարտվել են, սակայն պարզվել է, որ անորակ է արված:

Բացի այդ, վերանորոգվում է դպրոցների մի մասը, իսկ չվերանորոգված հատվածը մնում է անօգտագործելի, ինչն էլ իր հերթին բերում է դժվարություններ և անհարմարություններ:

Քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանն ասաց, որ այդ տարիներին առաջարկ է ուղարկվել երեք կազմակերպությունների, եթե նրանցից առնվազն մեկն էլ պատասխաներ առաջարկին, ապա «մրցույթ» ասվածը իրականանում էր, և առաջարկն ընդունած կազմակերպության հետ կնքվում էր պայմանագիր:

Ինչ վերաբերում է փուլային վերանորոգումներին, որը տևում է մի քանի տարի, Կարինե Դանիելյանն ասում է, որ այդպիսի վերանորոգումները միանշանակ արդյունավետ չեն: Ըստ նրա, եթե տևական ժամանակով վերանորոգում է գնում դպրոցում, մինչև հասցնում են շինաշխատանքներն ավարտել, սկզբնական վերանորոգված հատվածը դարձյալ վերանորոգման կարիք է զգում:

«Փուլային վերանորոգումները կախված են ֆինանսական միջոցներից: Իհարկե, ցանկալի կլիներ մեկ օբյեկտ վերցնել և ամենաշատը երկու տարվա ընթացքում հիմնանորոգել և ավարտել գործը: Բայց քանի որ ֆինանսական միջոցները մեկ օբյեկտի համար բավարար չափով չի տրամադրվում… Ասենք՝ եթե մեկ օբյեկտի շինարարության միջին գինը 300 մլն դրամ է, հատկացվել է 30-50 մլն դրամ, իսկ այդքանով քանի տարի է պետք ավարտին հասցնելու օբյեկտի շինարարությունը»,-ասում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:

Անդրադառնալով վերանորոգված դպրոցների առաջին հարկերի խոնավության, թափված ծեփերի հարցին՝ Կարինե Դանիելյանն ասաց, որ վերջին տարիներին մոտեցումը փոխվել է: Այժմ ամբողջ շենքն ամրացվում է, բերվում է արդի պահանջներին համապատասխանության աստիճանին:

«Այն թվերին, այդ պահանջն այդպես դրված չի եղել, հատկացված փոքր միջոցով փորձել ենք շատ գործ անել: Իսկ հիմա արդեն այդպես չէ: Պետք է ուժեղացվի շենքը, հիմքերը հիդրոմեկուսացվի, որպեսզի այդ խնդիրների առջև այլևս չկանգնենք: Այդ կերպ աշխատում ենք 2014 թվականից սկսած: Նախարարությունը մշակեց կարգը և հանձնարարեց, որ այդպես պետք է իրականացվի շինարարությունը»,-նշում է Կարինե Դանիելյանը:

Խոստացված, բայց չիրականացված վերահսկողություն

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը մարզի ընկերությունների ընտրությունը, ինչպես վերը նշեցինք, պատճառաբանում էր նրանց վերահսկողության տակ պահելու հանգամանքով, սակայն, մեր այցելած գրեթե բոլոր դպրոցներում շինաշխատանքները խոտանով էին իրականացվել: Որտե՞ղ է վարչության պետի հայտարարած վերահսկողությունը:

Լուկաշին գյուղի դպրոցում սովորում է 269 աշակերտ: 2011թ.-ից սկսած գումարներ են հատկացվել դպրոցի մասնակի վերանորոգման համար: Արդեն ծախսվել է 318 միլիոն 350 հազար դրամ: 2011-2013թթ. աշինաշխատանքներն իրականացրել է «Բաղրամյանշին» ընկերությունը, սակայն վերանորոգվել է միայն մասնաշենքերից մեկը: Շենքի զգալի հատվածը չի օգտագործվում հենց չվերանորոգված լինելու պատճառով:

Դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասաց, որ սպորտային դահլիճը, նիստերի դահլիճը վերանորոգված չեն, վերանորոգված չէ նաև երկհարկանի մասնաշենքը: «Բաղրամյանշին» ընկերության կատարած աշխատանքից տնօրենը գոհ էր: Ասում է՝ շինաշխատանքները որակով են արված: 


Դպրոցի տնօրենը նոր էր նշանակվել և տեղյակ չէր շինաշխատանքների մանրամասներից: Փոխարենը ուսուցիչներից մեկը, ով խնդրեց իր անունը չհրապարակել, պատմեց, որ մինչև «Բաղրամյանշին» ընկերության կողմից շինաշխատանքների սկսելը, Միսակ Տեր-Պողոսյանի ընկերություններից մեկը մասնակի վերանորոգում է իրականացրել․փոխել են տանիքը, ինչպես նաև՝ ներկել պատուհանները: Նշենք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մտերիմին պատկանող ընկերություններից մեկի՝ Լուկաշինում կատարած աշխատանքների մասին մարզպետարանի տրամադրած ցանկում հիշատակում չկար: Ենթադրվում է, որ մարզպետարանը խնամքով «խմբագրել» է ցանկը:  Մինչ այժմ Լուկաշինի դպրոցին հատկացված 318 միլիոն դրամի մեջ չի մտնում խոտանով կատարված ու քանդված թիթեղապատման գումարները: 

Ուսուցիչներից մեկի խոսքերով՝ երբ «Բաղրամյանշին» ընկերության ներկայացուցիչները տեսել են նախկինում կատարված աշխատանքները, հայտարարել են, թե արված տանիքը չի համապատասխանում նորմերին, ամբողջությամբ քանդել են և նորից տանիքը թիթեղապատել: Դպրոցի աշխատակիցները պատմում են, թե իրենք շինարարներից լսել են, որ տանիքի թիթեղը բարակ է եղել:

«Մենք էլ մտածում էինք, որ եթե թիթեղը նորմալ արած լինեին, մի 20-30 տարի կօգտագործեինք: Գոնե տանիքի նոր գումարով կկարողանայինք սպորտդահլիճը վերանորոգել, կամ այլ աշխատանքներ կատարել: Բայց նորից քանդեցին ու սարքեցին»,-ասում էր ուսուցիչներից մեկը:

Լուկաշինում կիսատ մնացած աշխատանքները դեռ չեն սկսվել, տնօրենը չգիտի էլ, թե երբ կսկսվեն:  Մարզպետարանից տեղեկացրել են, որ ծրագրերում ընդգրկված է և սպասողական վիճակում են: Չվերանորոգված մասնաշենքից այս պահին օգտագործվում է միայն տարրական դասարանների համար նախատեսված ճաշարանը և շախմատի սենյակը: Դրանք վերանորոգվել են դպրոցի միջոցներով: Գործող մասնաշենքում 12 դասասենյակ կա, չգործող հատվածում՝ 8-10:

Արմինե Պետրոսյանն ասում է, որ այս պահին դասասենյակներն իրենց բավարարում են, սակայն լիարժեք չէ: Նրա խոսքով՝ կիսվող դասարանների համար ազատ դասասենյակ չկա: Իսկ արդյունավետ դասապրոցես անցկացնելու համար օտար, հայոց լեզվի ժամերին դասարանները բաժանվում է երկու մասի: Այդ նպատակով օգտագործվում է կամ ուսուցչանոցը կամ համակարգչային դասարանը:

Շարունակելի

Մեկնաբանություններ (3)

Arman Galshoyan
Հետքի բարձրացրած խնդիրը չի վերաբերվում միայն մարզպետարաններին, այլ նաև ավելի փոքր վարչական միավորներին ու զանազան պետական հիմնադրմներին: Օրինակ գյուղերից մեկը ցանկանում է գնել գյուղտեխնիկա, որի շուկայական արժեքը 1 մլն ՀՀ դրամ է, սակայն չգիտես ինչու՞ գյուղապետարանի հրապարակած (իսկ ավելի հաճախ չեն էլ հրապարակում կամ հրապարակում են այնպես, որ բան չհասկանաս) նախահաշվային պլանում տեսնում ենք 5 մլն ՀՀ դրամ: Հիմնականում, այսինքն՝ 90տոկոսից ավելի դեպքերում նման մրցույթներին մասնակցում է միայն մեկ ֆիզիկական անձ (հազվադեպ՝ ընկերություն), որը, երևի հասկացաք, այսպես ասած գյուղապետի մարդն է: Արդյունքում գյուղապետը պետական բյուջեի հաշվին իր ընտանեկան բյուջեն ավելացնում է 4 մլն ՀՀ դրամով: Իսկ եթե հանկարծ որևէ այլ ընկերություն է գալիս մրցույթին մասնակցելու, ապա գործի է դրվում վաղուց փորձված հնարքները կամ էլ վերջին վարյանտ անօրինական կերպով մերժել հայտը:
Arman Galshoyan
Պետական հիմնադրամները, օրինակ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գործողները, մրցույթ են հայտարարում, բայց առը հա թե որևէ մեկը կարա մասնակցի ու հաղթի: Չէ, այնպես չի, որ չեն հաղթում, պարզապես մրցույթից հետո այնպիսի հնարքներ են բանեցնում հիմնադրամի պատասխանատուները, որ արդարացիորեն հաղթած մասնակիցը թքում է ու հեռանում: Պատկերացնու՞մ եք 4.5 մլն ՀՀ դրամ արժողության մրցույթ են հայտարարում, որ 5 հատ սառնարան գնեն: Պահանջվող տեխնիկական տվյալներով սառնարանների տեղական շուկայական գները տատանվում են 220.000-260.000 ՀՀ դրամի սահմաններում, այսինքն՝ պետական պաշտոնյան այս մրցույթից իր գրպանն է դնում մոտ 3 մլն ՀՀ դրամ: Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ գումարներ են աշխատում մեծ մրցույթներ անցկացնողները:
ՆԱ
Բացի դրանից ամենից հաճախ նմանատիպ մրցույթներ հայտարարելիս, ներկայացնում են ապրանքների տեխնիկական բնութագրի այն տեսակը, որը առկա է միայն իրենց գործընկեր ընկերության մոտ: Օրինակ երբ որևէ դպրոց հայտարարություն է անում էլ. գրատախտակների գնման համար, ներկայացված տեխնիկական բնութագրերը համապատասխանում եմ ՀՀ ողջ տրածքում միայն մի ընկերության ունեցած էլ. գրատախտակների տեխ, բնութագրին, հետևաբար ուրիշ այլ ընկերություն չի կարող շահել մրցույթում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter