
Բագրատյանը վիճծառայության պետին հրավիրում է իր դասախոսությունը լսելու
Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խայտառակ սուտ է համարում վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց` անցյալ տարի արտադրվել է 700 մլն հատ ձու: Նույն ծառայության տվյալներով` անցյալ տարի մեր բնակչության թիվը պակասել է 100.000-ով: «Երբ բնակչության թիվը նվազում է, ձվի արտադրությունն էլ աճում է, ձվի իրական գինը չի կարող թանկանալ միջինը տարեկան 40 տոկոսով: Դա բացառվում է: Իրականում 700 մլն-ը բլեֆ է»,- ասում է տնտեսագետը:
Նա նշում է, որ ձուն էլաստիկ արտադրանք է, ինչի էությունն ինքը բացատրում է ուսանողներին. «Գիտի՞ Տիգրան Սարգսյանը, թե ինչ է էլաստիկությունը: Ես Ստեփան Մնացականյանին էլ կարող եմ հանդուժել լսարանում, որ լսի: Ինչ Տիգրան Սարգսյանը մտել է կառավարություն, հնարավոր չէ մի էջ մաթեմատիկական աղյուսակով վերլուծություն, նյութ հայտնաբերել: Դա հակացուցված է իրենց ինտելեկտին»:
Եվ ուրեմն, ըստ Բագրատյանի, ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանի ձվի շուկայում 2010-ին: «Ես ենթադրում եմ, որ ձվի շուկան ուզում էին տալ մի հոգու, ինչպես, օրինակ, շաքարն են տվել: Հավանաբար ընտրությունը կանգնած էր «Ջրաշխարհի» տիրոջ վրա: Մյուսներն էլ ուզում էին զիջել իրենց արտադրանքը, եթե ստանային համապատասխան գին: Սա («Ջրաշխարհի» տերը` Խաչատուր Խաչատրյանը- հեղ.) խրվեց այդ գործի մեջ ու տեսավ, թե մյուսներն ինչ պարտքեր ունեն: Գործարքից առայժմ հրաժարվել են, բայց ձեռք չեն քաշել, որովհետեւ ձուն ոչ էլաստիկ արտադրանք է, ձվի վրա հարկումը ցածր է, եւ դա անընդհատ եկամուտ ստանալու ստաբիլ, լավ շուկա է: Բարձր եկամուտ այստեղ երբեք չես ստանա, բայց երբեք կորուստ էլ չես ունենա»:
Տնտեսագետը նշում է, որ Հայաստանը միշտ արտադրում էր 500-550 մլն հատ ձու, որից 400-430-ը արտադրում էր խոշոր հատվածը, 120-ն էլ` մանրը, որոնք այսպես կոչված տնական ձվերն են, որ մի փոքր ավելի թանկ են: «Երբ ձվի գինը ամռանը օլիգարխների բախման պատճառով իջավ (ամենախոշորը փորձեց գնի իջեցումով սնանկացնել մյուսներին, որ իրեն էժան գնով վաճառեն իրենց ֆաբրիկաները), այս ընթացքում մանրը ընդհանրապես սպանվեց: Նույնիսկ դիմեցին կեր բերողներին, որ կերը թանկացնեն, այսինքն` իսպառ հասանելի չդարձնեն մանրերին: Բայց երբ գործարքը չկայացավ ու բոլորը հետ եկան, որ վերադարձնեն կորուստները, պարզվեց, որ մի 120-130 մլն (մանր արտադրողների բաժինը) չի բավարարում: Այսինքն` արտադրությունը 700 մլն չէր, այլ իրենց խաղերի պատճառով իջել էր մոտ 400-ի,- բացատրում է Հ. Բագրատյանը:- Ես չեմ պատկերացնում, որ այս կառավարության մեջ կա մի տնտեսագետ, որն ի վիճակի է մի բան վերլուծել, կամ իրենց ընդհանրապես պետք է վերլուծել, «սպլաշնոյ» ավանտյուրա է: Իսկ ամենամեծ ավանտյուրան այն է, որ տարեվերջին ցինիկաբար հայտարարում են, թե արտադրությունը 500-ից դարձրել են 700 մլն, էլ ինչ են ուզում իրենցից: Բացարձակ սուտ է սա»:
Նախկին վարչապետը նաեւ ամոթ է համարում այն, որ իրավիճակը փորձեցին մեղմել Իրանից ձու ներկրելով. «Ինչի՞ եք այդ վիճակին հասցնում, որ Իրանից ձու բերեք»: Պաշտոնապես հայտարարվել էր նաեւ, որ նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգայցեր է կատարում ֆաբրիկաներ, որպեսզի ձվի գնի մեծ աճ թույլ չտա: Բագրատյանը այս իրողությանը հետեւյալ կերպ է արձագանքում. «Ի՞նչ է նշանակում նախագահի վերահոսկողականը գնաց ֆաբրիկա, որը մասնավոր է: Ի՞նչ է սա, երբ սահմանադրորեն մասնավորն անձեռնխելի է: Եվ առանց ամաչելու սա հաղորդում են ու դիմացը հասարակական ռեակցիա չեն ստանում»:
Մեկնաբանել