HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

2011-ին Հայաստանի բյուջեն 2,3 մլրդ դոլար է, Ադրբեջանինը` 18 մլրդ

ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը երեկ խոսել էր այս տարի նախատեսվող տնտեսական աճի մասին: Այսօրվա ասուլիսում տնտեսագետ Հրանտ Բագրատյանը այս հայտարարությունը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Էդ Գագիկ Մինասյանը, կարծեմ, էն մարդն է, որ ասել էր, թե Բագրատյանն ինչ ասում է, չի լինում: Տարեսկզբին ասում էին` 4 տոկոս գնաճ կլինի, մենք ասում էինք ` 7-12 տոկոս: Գոնե երեկ մի հատ ներողություն խնդրեր: «Հանրապետական» կուսակցությունը միայն կշահեր դրանից: Չեմ ուզում ասել, թե ինչպես են նման մարդիկ իբրեւ տնտեսագետ հայտնվում ժուռնալիստների առաջ: Վերջին հաշվով` հարյուրավոր ուսանողներ ունեմ, տարեք դրեք մինիստր, կաշխատեն»:

Անդրադառնալով փոքր եւ միջին բիզնեսի խրախուսաման մասին վարչապետի երեկվա հայտարարությանը` նախկին վարչապետը պաշտոնական տվյալների մեջբերմամբ նշում է, որ ամեն տարի իջնում է ակտիվ ձեռներեցների քանակը. «Մենք ունենք գրանցված 80.000 ձեռներեցներ ու ընկերություններ, այսօր դրանցից 10.000-ն է ակտիվորեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ 10.000-ից 7000-ն էլ օլիգարխներինն է: Այսինքն` եթե, օրինակ, Սամվել Ալեքսանյանը ուներ մի հիմնարկ, հիմա դրանք 10-ն են: Բայց դրանից գործի էությունը չի փոխվում: Գագիկ Մինասյանի կամ վարչապետի քաջությունը պիտի հերիքեր, որ իրենք սա ձեզ ասեին, ոչ թե Բագրատյանը»:

Բանախոսը նշում է, որ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում ճնշումը փոքր ու միջին բիզնեսի վրա մեծանալու է ու, ամենայն հավանականությամբ, այդ ոլորտում աճ չի լինի: Լավագույն դեպքում աճը կլինի ձեւական` օլիգարխների մեծ կազմակերպությունները կտրոհվեն, ինչը ոչինչ չի փոխի:

Տնտեսագետը շեշտում է, որ հայտարարությունները, թե իբր 2010-ի բյուջեն գերակատարվել է 25 մլրդ-ով, ուղղակի թվերի մանիպուլյացիա է. «Սղաճը բյուջեով նախատեսվել էր 4 տոկոս, սակայն այն կազմել է 9,4 տոկոս` 5,4-ով շատ նախատեսվածից: 2010-ի բյուջեի եկամուտները 750 մլրդ են, դրա 5.4-ն անում է 40 մլրդ, այսինքն` բյուջեն կատարելու համար, պիտի այն 40 մլրդ-ով գերակատարվեր, այնինչ գերակատարվել է 15 մլրդ-ով պակաս: Եթե սղաճը բարձր էր, տարվա ընթացքում իրենք պիտի հավաքվեին պառլամենտում ու վերանայեին բյուջեն: Քանի որ հաստատված բյուջեն իրենք չեն աճեցրել, ստացվել է իբր 25 մլրդ գերակատարում, ինչն իրականում թերակատարում է: Մեկ այլ խնդիր. երեկ վարչապետը հայտարարեց, թե 45 մլրդ կայունացման հիմնադրամում փող ունենք: Մեկը չի ասում, թե, արա, էս ինչ ես ասում: Էդ կառավարությունում մի տղամարդ չկա, որ ասի` ձեռ ես առնո՞ւմ մեզ: 45 մլրդ-ը ռուսական վարկի չօգտագործված մնացորդն է: Ես զարմանում եմ, որ դրանից հետո կառավարությունը մասսայաբար չի լքել դահլիճն ու գնացել զուգարան: Ո՞նց կարելի է նման բան լսել հանգիստ նյարդերով ու չասել մարդուն` մարդ արարած, էս ի՞նչ ես խոսում ընդհանրապես»:

Բագրատյանի փոխանցմամբ` այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան 2007-ինը: Զուտ թվային տեսքով 2011-ին այն 850 մլրդ դրամ է, իսկ 2007-ին` 747 մլրդ. «Կարծես մի քիչ աճել է, չէ՞: Բայց վերջին տվյալներով 28 տոկոս սղաճ կա: Այս բյուջեն 16 տոկոսով պակաս է 2007-ից: 2007-ինը եղել է 3 մլրդ դոլար, այս բյուջեն` 2,3: Իսկ ահա Ադրբեջանի բյուջեն 2007-ին եղել է 8 մլրդ դոլար, իսկ այս տարի` 18 մլրդ: Եթե իմ ասած թվերից մեկը սխալ է, ես վաղը հրապարակավ ներողություն կխնդրեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter