HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ադրբեջանցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի հարցը դեռ չի քննարկվում

Վարդան Օսկանյան. «Եթե ադրբեջանական կողմից անսպասելի բարդություններ չառաջանան, հիմքեր կան, որ արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը դրական արդյունք կունենա»:

Չնայած այն հանգամանքին, որ արդեն Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում նախընտրական տրամադրություններ են, իսկ հաջորդ տարի նման տրամադրություններ կլինեն նաեւ Ադրբեջանում, այդուհանդերձ, ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդները չեն դադարեցնում իրենց մաքոքային դիվանագիտությունը:

Մարտի 7-ին Երեւանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն, ով արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ուղեւորվել է Բաքու: Մարտի 12-ին Ֆասյեն կրկին կլինի Երեւանում, իսկ երկու օր անց` 14-ին, Ժնեւում տեղի կունենա արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը:

Թե ինչու է Ֆասյեն միայնակ այցելում տարածաշրջան, դա արդեն նորություն չէ: Անցնող տարի, օրինակ, ինչպես Ֆասյեն, այնպես էլ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան անհատական այցեր են ունեցել տարածաշրջան: Եվ խոսել համանախագահների, ավելի ճիշտ` համանախագահող երկրների` Ռուսաստանի, Միացյալ նահանգների եւ Ֆրանսիայի միջեւ ղարաբաղյան հարցում հակասությունների մասին, տեղին չէ: Նման հակասություններ, որոնք եղել են անցյալում, կարող են լինել նաեւ ներկայում եւ ապագայում: Ակնհայտ է, սակայն, որ տարակարծություններն այսօր առաջին հերթին հակամարտության կողմերի միջեւ են, տվյալ դեպքում` Երեւանի եւ Բաքվի, քանի որ Ստեփանակերտը գործընթացի ուղղակի մաս չի կազմում:

Իլհամ Ալիեւը, ով Բաքվում ֆրանսիացի միջնորդ Բեռնար Ֆասյեի հետ բանակցություններից հետո ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, մարտի 9-ին հայտարարել է, որ «Ադրբեջանը երբեք չի հաշտվի հայերի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից յոթ շրջանների բռնազավթման հետ եւ հնարավորություն չի տա ադրբեջանական տարածքում ստեղծելու երկրորդ հայկական պետությունը»:

Ավելին, Ադրբեջանի եւ Թուրքիայի սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների առաջին կոնգրեսում Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը եւ «հրաժարվի Ադրբեջանին եւ Թուրքիային ներկայացվող չհիմնավորված պահանջներից»:

«Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր քաղաքականության մեջ՝ դուրս գա գրավյալ ադրբեջանական հողերից եւ հրաժարվի հայերի ցեղասպանության վերաբերյալ Թուրքիային առաջադրվող պահանջներից»,- ասել է նա եւ հավելել է, թե «հակառակ դեպքում բուն Հայաստանի ապագան կարող է հարցականի տակ դրվել»: Սա դեռ ոչինչ: Ալիեւի հաջորդ նախադասությունից պարզ է դառնում, թե ինչքանով է Բաքուն պատրաստ գնալ փոխզիջումների եւ ղարաբաղյան հարցի կարգավորմանը: «Ադրբեջանը տարածքային ոչ մի պահանջ չունի Հայաստանի նկատմամբ, թեեւ կարող էր ունենալ, որովհետեւ ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»,-ասել է Ալիեւը:

«Զանգեզուրը եւ Երեւանը եղել են մեր նախնիների հողերը, դրանք հին թուրքական տարածքներ են: Եթե մենք հավակնություններ ներկայացնենք այդ հողերի նկատմամբ, ապա հայերի ինքնորոշումը հարցականի տակ կդրվի»,-ավելացրել է Ադրբեջանի նախագահը:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական եւ ադրբեջանական սփյուռքի առաջին համաժողովի իր ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան միայն սերտորեն համագործակցելով կարող են լուծել իրենց առջեւ ծառացած հարցերն ու հիմնախնդիրները: Նա ասել է, որ Հայաստանը «զավթել է ադրբեջանական տարածքները, բայց վաղ թե ուշ այդ հարցում արդարությունը կհաղթանակի»: Թուրքիայի առաջ մարտահրավերների շարքում Էրդողանը առանձնացրել է «հայկական սփյուռքի կողմից հայերի ցեղասպանության հարցի պարտադրումը», ինչպես նաեւ «Կիպրոսի թուրքական համայնքի անարդարացի մեկուսացումը»: «Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է, իսկ Ադրբեջանի ուրախությունը՝ Թուրքիայի ուրախությունը»,-ընդգծել է Էրդողանը:

Իսկ ահա Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել է, թե համանախագահները հավատում են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի միջեւ Ժնեւում կայանալիք հերթական հանդիպումը կառուցողական կլինի:

Երեւանում եւս առաջընթացի ակնկալիքներ եւ հույսեր կան: «Եթե ադրբեջանական կողմից անսպասելի բարդություններ չառաջանան, հիմքեր կան, որ արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը դրական արդյունք կունենա»,-մարտի 9-ին մամուլի ասուլիսում ասաց Վարդան Օսկանյանը: «Համանախագահները ցանկանում են ապահովել նախարարների այս հանդիպման արդյունավետությունը, որպեսզի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպվի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում»,- ավելացրեց արտգործնախարարը:

Մինսկի խմբի համանախագահները՝ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (Մ. նահանգներ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) այսօր աշխատում են հաղթահարել բանակցային սեղանին դրված փաստաթղթի շուրջ կողմերի միջեւ առկա մի քանի տարակարծությունները: Իսկ ընդհանուր առմամբ միջնորդները, թվում է, դժգոհ չեն Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումներից: Ինչպես հայտնի է, հունվարի վերջին, արտգործնախարարների մոսկովյան հանդիպումից հետո, Մինսկի խումբը տարածել էր հայտարարություն, որում գոհունակությամբ նշվում էր կարգավորման մի շարք հիմնարար սկզբունքների հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցուցաբերած կառուցողական մոտեցման մասին: 

Բարձր գնահատելով հակամարտության կողմերի ներդրած ջանքերը եւ հորդորելով իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների՝ համանախագահները նշում էին. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարտականությունն է համանախագահների աջակցությամբ գտնել հակամարտության տեւական եւ խաղաղ կարգավորումը: Նախագահները վճռականորեն պաշտպանում են իրենց ազգային շահերը: Միեւնույն ժամանակ, նրանք (Քոչարյանը եւ Ալիեւը) հնարավորություն են ստեղծում, որպեսզի խաղաղության գործընթացը առաջ ընթանա»:

Օսկանյանը նշեց, որ այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթութը «սեւով սպիտակի վրա» արտահայտում է կողմերի մոտեցումները: Փաստաթուղթը ծնվել է արտգործնախարարների եւ համանախագահների երկու տարվա աշխատանքի արդյունքում, դրանում առկա կետերից շատերին հավանություն են տվել պետությունների նախագահները: «Ադրբեջանական կողմի հայտարարությունները ոչ միշտ են արտացոլում փաստաթղթի բովանդակությունը, իսկ այն, ինչ ասում է հայկական կողմը, կարող եմ ասել, որ 100 տոկոսով համապատասխանում է փաստաթղթի ոգուն եւ տառին: Դրա համար էլ մեր հայտարարությունները միշտ ընկալվում են որպես ավելի փոխզիջումային, իսկ ադրբեջանականը` ավելի ծայրահեղական: Հարց է ծագում` որի՞ն հավատալ: Ես հավատում եմ փաստաթղթին, քանի որ այն հստակ ձեւակերպումներ է պարունակում, դրա ականատեսն են նաեւ համանախագահողները` Մ. նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, եւ մենք առաջնորդվելու ենք ոչ թե Ադրբեջանի հայտարարություններով, այլ` կոնկրետ փաստաթղթով եւ բանակցությունների արդյունքներով»,-ասաց Օսկանյանը:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն Բաքվում մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում եւ Բաքվում քննարկել է Լեռնային Ղարաբաղ փախստականների վերադարձի հարցը: Մյուս կողմից, նա ընդգծել է, թե այդ գործընթացը «որոշակի ժամանակ» կպահանջի:

Հիշեցնենք, որ բանակցությունների սեղանին այսօր դրված փաստաթուղթը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով: Դրան մասնակցելու հնարավորություն պետք է ստանան մինչեւ 1988 թվականը Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչները: 1988թ. Լեռնային Ղարաբաղում հայերը կազմում էին բնակչության մոտ 75 տոկոսը, իսկ ադրբեջանցիները՝ շուրջ 20 տոկոսը:

Վարդան Օսկանյանը մամուլի ասուլիսում ասաց, որ «հայկական կողմը վաղաժամ է համարում ադրբեջանցիների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցի քննարկումները»: «Մինչեւ չորոշվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի անցկացման չափանիշներն ու ժամկետները, մենք վաղաժամ ենք համարում քննարկել ադրբեջանցիների՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին հարցը»,-ընդգծեց արտգործնախարարը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդամենը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու են նրա բնակիչները, սակայն այդ գործընթացի տարրերը գտնվում են քննարկման փուլում:

Արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի ժնեւյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կուղեւորվի Մ. նահանգներ: Մամեդյարովը Վաշինգտոն պետք է մեկներ ավելի վաղ, սակայն Կոնդոլիզա Ռայսի զբաղվածության պատճառով Մամեդյարովի հետ հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է եւ, ամենայն հավանականությամբ, կկայանա մարտի 22-ին:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան կարգավորման թեման արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննարկել է մարտի 5-ին Վաշինգտոնում` պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպումներում:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին թերեւս հնարավոր կլինի խոսել միայն 2009 թվականին, երբ Հայաստանում ավարտված կլինեն խորհրդարանական եւ նախագահական, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում` նախագահական ընտրությունները: Սահմանադրությունը Հայաստանի գործող նախագահին հնարավորություն չի տալիս երրորդ անգամ դառնալ երկրի ղեկավար, Արկադի Ղուկասյանը հայտարարում է, որ երրորդ անգամ չի մասնակցի նախագահական ընտրություններին, այսինքն` Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կունենան նոր նախագահներ: Իլհամ Ալիեւը հավանաբար 2008-ին կվերընտրվի կամ չի հեռանա նախագահական պալատից:

Նման պայմաններում, երբ հակամարտության կողմերը զբաղված են իշխանությունը պահելու կամ իշխանության մնալու խնդիրներով, բանակցություններում առաջընթաց ակնկալելն այնքան էլ իրատեսական չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter