Բացվել է Խուլերի առցանց աջակցման կենտրոնը
Հայաստանի խուլերի միավորումում, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, բացվել է Խուլերի առցանց աջակցման կենտրոն: Կենտրոնը մայրաքաղաքի շուրջ 650 խուլերի հնարավորություն կտա տեսահաղորդակցման հնարավորությամբ սարքավորումների միջոցով, շուրջօրյա գործող ծառայության շնորհիվ, ժեստերի լեզվով հաղորդակցվել և ստանալ անհրաժեշտ օգնություն: Ինչպես նշվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում, կենտրոնը կահավորվել է համապատասխան տեխնիկական ու կապի միջոցներով և ծառայությունը հասանելի է նաև համացանցին միացված սմարթֆոններից ու համակարգիչներից:
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանը նշել է, որ Երևանում բնակվող շուրջ 650 խոսքի և լսողության խնդիրներ ունեցող մարդկանց նախկինում աջակցում էին կենտրոնի 5 թարգամանիչները, որոնք ամենուր ուղեկցում էին նրանց: Նա նկատել է, որ կենտրոնի գործարկումը մի քանի անգամ ընդլայնում և առավել արդյունավետ է դարձնում նման աջակցության հնարավորությունները:
Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար քաղաքն ավելի հարմարավետ ու մատչելի դարձնելուն ուղղված ծրագրերը և անելու է հնարավորը՝ նրանց հասարակության մեջ առավելագույն ինտեգրելու համար:
Այսուհետ կենտրոնում աշխատող 4 օպերատորները տեսահաղորդակցման միջոցով կկարողանան իրենց օգնությունն առաջարկել ավելի շատ թվով շահառուների:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել