
Սնկից թունավորված երեխաներ. նրանցից մեկը 10 ամսական է
Մուրացան համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 23-26-ը սնկային թունավորումով 6 երեխա է հոսպիտալացվել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է հանդիսացել տուժածների կողմից դաշտից հավաքված սնկերի օգտագործումը: Դեպքերն արձանագրվել են Արագածոտնի և Արարատի մարզերում: Բժշկական կենտրոնում տուժած երեխաներին (նրանցից ամենափոքրը 10 ամսական դեռ չկա, իսկ ամենամեծը 15 տարեկան է) ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բժիշկների գնահատմամբ հիվանդների վիճակը բավարար է. երեքը դուրս են գրվել, մյուսների բուժումը շարունակվում է:
Ընդամենը մի քանի օր առաջ Արագածոտնի մարզում սնկային թունավորման 2 դեպք էր արձանագրվել։ Նման դեպքերից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է`
-
երեխաներին և հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
-
չհավաքել, չգնել և սննդում չօգտագործել չստուգված սնկեր,
-
սունկը գնել միայն շուկայից և խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում,
-
թունավորման ախտանշաններն ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:
Հիշեցնենք, որ սնկային թունավորման նախնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն:
Մեկնաբանել