
Գազի գինը պիտի քննարկեն ոչ թե Սարգսյանն ու Պուտինը, այլ «Հայռուսգազարդն» ու «Գազպրոմը»
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին զարմացնում է այն, որ Տիգրան Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ բանակցում է գազի գնի շուրջ: Ըստ տնտեսագետի` դա պետք է անեն գազ վաճառող «Գազպրոմը» եւ գնորդ «Հայռուսգազարդը»:
«Ամեն անգամ սրանք գնում, քսվում են ռուսներին, նրանք ասում են` մենք կասենք 200, դուք` 180, մենք կիջնենք 180, դուք կգնաք ձեր երկրում կասեք, որ հայ-ռուսական լավ հարաբերությունների պատճառով գազի գինը համեմատաբար էժան է: Այստեղ ես երկու քայլ եմ տեսնում. դադարել Ռուսաստանի հետ գազի գին բանակցելուց: Թանկ կբերեն` ժողովուրդը քիչ կառնի: Թող ռուսները մտածեն ճիշտ գնի մասին: Կտեսնեք, որ այս դեպքում գազի գինը կիջնի: Եվ երկրորդը` դադարեցնել գազի գնի սակագների հաստատումը Նազարյանի հանձնաժողովում: Այդտեղ հանձնաժող չկա ընդհանրապես, մի մարդ չկա, որ կարողանա վիճել: Իսկ եթե շատ են ռուսները բարձրացնում, կա իրանական գազամուղը: Կառավարությունը կարող է այդ դեպքում իրանական գազամուղից վերցնել գազը, տալ «Հայռուսգազարդին», որը պիտի այն հասցնի ժողովրդին: Սա է կառավարության գործը, բայց Արմեն Մովսիսյանը հայտատարեց, որ իրանական գազամուղը փոխանցվում է «Հայռուսգազարդի» բալանս: Հայաստանը ծախս է արել, սարքել է գազամուղը, հիմա տալիս է «Հայռուսգազարդին»: Այս խայտառակությունները պիտի դուրս գան, այս «անհատները» պիտի վերացվեն կաառվարությունից»:
Տնտեսագետն ասում է, որ «Հայռուսգազարդը» 95 տոկոս գազաֆիկացրել է Հայաստանը, ինչը լավագույն ցուցանիշն է Եվրոպայում: Բայց այդ 95 տոկոսից 60 տոկոսն է գազ ստանում. «Ինչպես գիտեք, այս հարցով ՀԱԿ-ը դիմել է դատարան: Մենք այնտեղ ասում ենք` ո՞վ է տեսել 20 տուն ունեցող գյուղը գազաֆիկացնեն, մեկ է` մարդը չի օգտագործում: Բայց գազատարի պահման ծախս է դուրս գրվում, ինչը մտնում է սակագնի մեջ, որն էլ այդպես բարձրանում է: Գազի գինը բարձրացնում են 1 տոկոս, արդյունքում սպառումը պակասում է 1,5-2 տոկոս: Դատարանում ես ասացի, որ գազի գինը գոյանում է ռուսական գազի գնից եւ ներքին ծախսից: Ներքին ծախսը մեզ մոտ 190 դոլար է, Ուկրաինայում` 20: Հայաստանում իմ վարչապետության վերջին տարիներին այն եղել է 8 դոլար: Դատավորները կարմրել էին: Սրանք անընդհատ բարձրացումը բարդում են ռուսների վրա: Դա, իհարկե, պրոբլեմ է: Բայց «Հայռուսգազարդ» մոնոպոլիստում մենք ունենք աշխարհում ամենամեծ ինքնարժեքը 100 կմ-ի վրա, որը մի քանի անգամ գերազանցում է Ուկրաինայի, Վրաստանի կամ Ռուսաստանի թվին»:
Կարեն Կարապետյանը նախկին քաղաքապետերի նման օրերս հայտարարեց փողոցային առեւտրի վերացման մասին: Հ. Բագրատյանը չի հավատում, որ դա իրականություն կդառնա: Նա առաջարկում է Եվրոպայում գործող տարբերակ. «Ես քաղաքապետին խորհուրդ կտային շաբաթ-կիրակի Երեւանի 10 տեղերում պերմանենտ կարգով տոնավաճառներ կազմակերպել, որտեղ գյուղացիները մթերքները կվաճառեն առանց հարկվելու: Սա է Փարիզի, Ֆրանկֆուրտի, Բրյուսելի, այլ քաղաքների ձեւը: Եթե ուզում է մի բան անել, թող գազի լիցքավորման կայանների մոնոպոլիան վերացնի: Այդ դեպքում կասեմ` մալադեց, քաղաքապետ, գործ արեց: Ի՞նչ է կպել էդ կանաչիներից: Ուժները կանաչի ծախող մի երկու կնոջ վրա է պատու՞մ»:
Մեկնաբանել