HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Հոկտեմբերի 27-ը շարունակվում է

Այսօր հոկտեմբերի 27-ն էր` 1999թ. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած սպանդի, պետության դեմ ուղղված աննախադեպ ահաբեկչության 16-րդ տարելիցը: Օր, որը խորհրդանշում է անգամ 16 տարի անց դեռևս ամբողջությամբ չբացահայտված այդ հանցագործության ազդեցությունը հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա ունեցած խորքային ազդեցությունը: Ներկայիս իրականությունն իր վրա շարունակում է կրել հոկտեմբերի 27-ի խարանը, որն ընկած է համապետական ու համահասարակական ներկայիս համընդհանուր դեգրադացման առանցքում և առանց որի հետևանքների վերացման հնարավոր չի լինելու շրջել, ըստ էության, 1999-ի հոկտեմբերի 28-ին ձևավորված և մղձավանջի նման շարունակվող այս իրականության խայտառակ էջը: Իսկ հետևանքները բազմաշերտ են և անհերքելի:

Ներքաղաքական հետևանքները

Հոկտեմբերի 27-ի հետևանքով սկսվեց փլուզվել ներիշխանական հակակշիռների գործող մեխանիզմը: Չնայած երկիրը գտնվում էր նախագահական կառավարման սահմանադրական ռեժիմում, սակայն փաստացի իշխանությունը կենտրոնացած չէր նախագահի ձեռքում: 1998թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԱԺ նախագահը, վարչապետը և նախագահը գործում էին ի սկզբանե կատարված հստակ դերաբաշխման շրջանակներում: Ի դեպ, հենց այդ հակակշիռների գոյությունն էր, որ հնարավոր դարձրեց թավշյա հեղաշրջման միջոցով սահուն իշխանափոխությունը 1998թ.: Փաստացի` միակ բովանդակային իշխանափոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանի անկախության հռչակումից ի վեր:

Հոկտեմբերի 27-ից ողջ իշխանությունը կենտրոնացավ այդ պահին գործող նախագահի` Ռոբերտ Քոչարյանի ձեռքում, ով ձեռնարկեց բացառապես «միակ տղամարդու» ստերեոտիպի վրա ձևավորված վարչական, քաղաքական և տնտեսական մոնոլիտ և միահեծան կառավարման համակարգի ստեղծումը: Այս գործընթացն իր հանգուցալուծմանը հասավ վարչապետի պաշտոնից Վազգեն Սարգսյանի եղբոր` Արամ Սարգսյանի հեռացմամբ, «Միասնություն» դաշինքի փլուզմամբ և, ի դեմս ՀՀԿ-ի, նոր քաղաքական մեծամասնության ձևավորմամբ: Չնայած տարբեր վարիացիաներին, ուժերի այս հարաբերակցությունը չի փոխվել առ այսօր: Հակառակը` այն «կատարելության» հասցրեց գործող նախագահը` ՀՀԿ-ի անփոփոխելիությունը երաշխավորելով նախագահի և ՀՀԿ-ի ղեկավարի պաշտոնները փաստացի նույնականացնելու միջոցով: Հետևանքը եղավ քաղաքական դաշտի արհեստական վերաձևումների, իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև տրամաբանական և հասկանալի բաժանարար գծերի վերացման, իշխանության վերարտադրությունն ապահովող ընտրական համակարգի ստեղծման և կատարելագործման միջոցով միակուսակցական կառավարման համակարգի ձևավորումը:

Արտաքին քաղաքական հետևանքները

Հավասարակշռված արտաքին քաղաքականությունը փոխակերպվեց Հայաստանում և հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության կտրուկ մեծացման, որը թաքցվում էր այսպես կոչված «կոմպլեմենտարիզմի»` երբևէ բովանդակային իմաստով չիրացված քաղաքական կուրսի հռչակման ծխածածկույթով: Հիմնական պատճառն այն էր, որ հոկտեմբերի 27-ից հետո հենց Ռուսաստանը հանդես եկավ գործող նախագահի լեգիտիմությունը պաշտպանողի և դրանով Հայաստանում քաղաքական կայունությունն ապահովող գործոնի դերում: Դրա գինը, ըստ էության, դարձավ քաղաքական, տնտեսական, սոցիալական-ժողովրդագրական ուղղություններով Հայաստանի ինքնիշխանությունը մաս առ մաս վերացնելու, չեզոքացնելու քաղաքականության գործարկումը: Ռուսաստանի հետ իրական գործընկերությունը տրանսֆորմացվեց նախ «ավագ և կրտսեր եբայրների», ապա` վասալի և վասալատիրոջ փոխհարաբերությունների:

ԼՂ հիմնահարցի կարգավորման համատեքստում տեղի ունեցավ ակնհայտ նահանջ` ԼՂՀ-ն մեկուսացվեց բանակցություններից, չնայած թե՛ ՄԱԿ-ի 4 բանաձևերով և թե՛ հրադադարի մասին 1994թ. պայմանագրով հենց Ստեփանակերտն էր հանդիսանում հիմնական հակամարտող կողմերից մեկը: Այս աններելի սխալի հետևանքը եղավ հակամարտության էության մասին խեղաթյուրված ընկալումների ձևավորումը միջազգային հանրության մոտ, որի համատեքստում Հայաստանը ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորից վերածվեց ագրեսորի: Համենայնդեպս, 2002թ. հետո միջազգային և հատկապես եվրոպական կազմակերպությունների կողմից ընդունված գրեթե բոլոր բանաձևերում ու հայտարարություններում կարմիր թելի նման անցնում է հենց այդ գաղափարը:

Հոգեբանական հետևանքները

Հոկտեմբերի 27-ը հանգեցրեց ազգային անվտանգության խոցելիության ներհասարակական ընկալումների ձևավորման: Պատճառն այն է, որ այդպես էլ չփարատվեցին կասկածները ահաբեկչության ներքին կամ արտաքին պատվիրատուների առկայության շուրջ: Հանցագործության լիարժեք չբացահայտման հանգամանքը ստիպում է մտածել, որ պետությունը չունի ու չի ցանկանում կամ կարողանում ստեղծել հետագայում նման ահասարսուռ դեպքերը կանխելու, դրանցից խուսափելու մեխանիզմներ, իմունիտետ: Ավելին, հանցագործության չբացահայտման հանգամանքը ստիպում է մտածել, որ ցանկացած պարագայում ոչ թե պետության, այլ ներքին կամ արտաքին որոշակի շրջաակների ձեռքին են Հայաստանի զարգացման, հետընթացի, առհասարակ Հայաստանն այս կամ այն ուղղությամբ տանելու բոլոր թելերը: Դրանից բխում են ինքնիշխանության համար պայքարելու ձգտումների ջախջախման, ինչ-որ կետերից թելադրվող իրավիճակին, հանգամանքներին, որոշումներին հարմարվելու անայլընտրանքայնության մեջ համոզվածությունը, ինքնիշխանության և դրան հասնելու ներուժի հանդեպ հավատի կորուստը: Այլ կերպ ասած` հոկտեմբերի 27-ը հանգեցրել է համահասարակական ինքնասպանիչ նիհիլիզմի:  

Տնտեսական հետևանքները

Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց կապիտալի վերաբաշխման մի վայրի գործընթաց, որի հետևանքով տնտեսական համակարգը սկսեց մոնոպոլացվել և հայտնվել մի խումբ արտոնյալների ձեռքին: Հանրապետության տարածքի, ազգային և պետական հարստության բաժանման ու վերաբաժանման արդյունքում ստեղծվեց յուրատեսակ բդեշխների մի հանրույթ, որի համար այդ տարածքներն ու ռեսուրսներն ընդամենը մասնավոր կալվածքներ, ունեցվածք ու սեփականություն էին: Այս պրոցեսներն, ի վերջո, հանգեցրին տնտեսական և քաղաքական իշխանությունների սերտաճման, որի պայմաններում դատական իշխանությունը սկսեց հանդես գալ բացառապես ձևավորվող օլիգարխահեն կառավարման համակարգի սպասարկուի դերում:

Հոկտեմբերի 27-ը իր քայքայիչ, պետականասպան հետևանքներով դեռ շարունակվում է: Եվ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հարցերի պատասխանները տրված չեն և արված չեն դրանից բխող սրբագրումները:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ցավալի ու դառը հոդված է, սակայն իրականությունն է անկեղծորեն ներկայացվում: Միայն մի էական անհամաձայնություն հեղինակի հետ: Հայաստանի շեղումը նորածին ժողովրդավարությունից ավելի շուտ է եղել, եւ կարելի է ասել, 27- ն ու մարտի 1-ը հետեւանք էին, իսկ նույն կացինը Հայաստանի գլխին կախված է մնում: Մի մոռացեք, որ ողորմածիկ Վազգենի օրոք արդեն կրակեցին ժողովրդի վրա, ճիշտ է՝ ասֆալտին, ոտքերի տակ, բայց ժողովրդի վրա՝ իշխանություն պահելու նպատակով, որն արդեն իսկ ապօրինի էր: Որպես վկայություն՝ կարելի է հենց Վազգենի հայտնի խոսքերը հիշել - ,,100% էլ ձայն հավաքեք, ձեզ իշխանություն տվող չկա!,, Դրա հետեւանքով եղավ այն ինչ գիտենք, եւ նորից չի կրկնվում միայն, որովհետեւ փորձ ունեն ու ահռելի միջոցներ են ներդնում իրենց ապահովության վրա: Իսկ որեւէ երկիր չի կարող երկար դիմանալ նման լարվածության ու ատելության մթնոլորտին՝ ինչ սիրուն գույնով էլ որ ներկես (պիռլամենտական կամ պիրիզդենտական) - այն կամ պիտի պայթի, կամ դանղաղ սատկի, տարբերությունը փոքր է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter