Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին
Երեկ ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter»-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ով է եղել կրակողը, սակայն անգամ ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորաբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր:
Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ:
Ավելին, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:
Ներքին խնդիրներ
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի աննախադեպ աճի հետևանքով Արևմուտքի հետ Բաքվի հարաբերություններն օրեցօր ավելի և ավելի են լարվում: Այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 10-ին, երբ Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև (2015/2840 (RSP))՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես նաև Ալիևի որոշումը փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Արևմուտքի կողմից սուր քննադատության արժանացած այս գործընթացներից ուշադրություն շեղելու հին և փորձված մեթոդը Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղյան հակամարտության սրումն է:
Մեծ քաղաքականություն
Այդուհանդերձ, լարվածության աճի հիմնական պատճառները ավելի շուտ միջազգային գործոններն են, որոնք մի քանիսն են: Նախ և առաջ Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին փոխվել են միջազգային քաղաքական շահերն ու գործընթացները: Մասնավորապես. Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերն այսօր մղում են նրան ավելի ակտիվ դեր կատարել միջազգային ասպարեզում: Ձգտելով վերահաստատել ԽՍՀՄ տարածաշրջանային կարևորությունն ու ստիպել Արևմուտքին հաշվի նստել ՌԴ-ի շահերի հետ՝ Մոսկվան արդեն երկու տարի է՝ փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը: Այս մասին կասկածները հին արմատներ ունեն, սակայն 2014 ամռանը, երբ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին ընդհարումներն ակտիվացան, Մոսկվան կանչեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Սոչի՝ եռակողմանի հանդիպման: Սա միանշանակ վկայում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Արևմուտքին դուրս մղելու ցանկության մասին:
Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Մեկնաբանել