HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աիդան եւ նրա որդին նորից կհայտնվեն փողոցում

Մինչ նրանց այդտեղ գալը 10քմ տարածք ունեցող սենյակը եղել է սանմաքրման տարբեր առարկաների պահպանման վայր: Այժմ այն ժամանակավոր ապաստարան է ծառայում Աիդայի եւ նրա որդու համար:

Սենյակը նրանց տրամադրել է «Կռունկ» ՓԲԸ-ի տնօրենի նախկին տեղակալը` Հրաչ Թովմասյանը , ով պատահաբար տեսել է Աիդային եւ նրա երկու երեխաներին անօթեւան, դրսում թափառելիս: Նա առաջարկել է Աիդային իրենց մոտ որպես հավաքարար աշխատել եւ ժամանակավոր ապրել այդ սենյակում: Որոշ ժամանակ աշխատելուց հետո Աիդայի առողջական վիճակը վատացել է, եւ նա թողել է աշխատանքը, սակայն տարածքը չի ազատել:

Այժմ «Կռունկ»-ի տնօրինությունը դժվար խնդրի առաջ է՝ նրանց անօթեւան թողնել չի ուզում, բայց, միեւնույն ժամանակ, իրավունք չունի այդ տարածքը բնակավայր դարձնել:

Աիդա Նիկողոսյանը ծնվել է 1963 թվականին Թբիլիսիում: Կրթություն չի ստացել, քանի որ տառապել է էպիլեպսիայով: 1985 թվականին ամուսնացել է եւ տեղափոխվել Հայաստան: Երկրորդ երեխայի ծննդից հետո ամուսինը նրանց լքել է:

«Նա հավատացյալ էր, -պատմում է Աիդան, -մեզ թողեց, գնաց մի հավատացյալի հետ ամուսնացավ, էդ կինն էլ չթողեց, որ մեզ իր տնից բաժին հասնի, եւ ես իմ երեխաների հետ մնացի փողոցում: Վերադարձա Թիֆլիս՝ մերոնց տուն: Եղբայրներս տունը վաճառել էին, որ հորս վիրահատեն, բայց հերս մահացավ, մայրս էլ կուրացել էր: Եղբայրներս վարձով էին ապրում, շատ վատ պայմաններում, ստիպված վերադարձա Հայաստան»:

Աիդան երեխաներին տեղավորում է Ավանի գիշերօթիկ դպրոցում եւ ինքն էլ նրանց հետ ապրում գիշերօթիկի հանրակացարանում: Որոշ ժամանակ անց նրանց մոտ է տեղափոխվում Աիդայի ամուսնու եղբայրը:

«Տեգրս հիվանդ էր, տուն չուներ, խնդրեց մեզ մոտ ապրել՝ ասելով, որ փող չունի բնակարան վարձելու: Ես նրան յոթ տարի խնամեցի, վերջում մեզ խաբեց, գնաց»,- պատմում է Աիդան:

2003 թվականին այդ հանրակացարանի փախստական բնակիչները, այդ թվում նաեւ Աիդա Նիկողոսյանը, դրամական փոխհատուցում են ստանում եւ դուրս գալիս հանրակացարանից: Աիդային բաժին է հասնում մոտ ութ հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Բնակարան գնելու հարցով զբաղվում է նախկին ամուսնու եղբայրը` Արմեն Գեւորգյանը:

«Մի օր տեգրս` Արմենը, եկավ, ասաց, թե բնակարան է գնել: Իրերը հավաքեցինք, տեղափոխվեցինք այնտեղ: Մի քանի օր անց նա ինչ-որ տեղ գնաց ու էլ չվերադարձավ: Մի ամիս հետո պարզվեց, որ նա տունը ոչ թե գնել է, այլ մի ամսով վարձակալել, իսկ ինքը գումարը վերցրել է ու փախել: Տանտերերը մեզ դուրս հանեցին ու մեր իրերն էլ չտվեցին»,- ասում է նա:

Մի քանի ամիս շարունակ Աիդան իր երկու երեխաների հետ թափառում է փողոցից փողոց, գիշերում պուրակներում եւ շենքերի մուտքերում, մինչեւ նրան հանդիպում է «Կռունկ»-ի պաշտոնյան եւ տեղավորում այդ սենյակում:

Նրա աղջիկն այդ ընթացքում ամուսնանում է «Կռունկ»-ի բանվորներից մեկի հետ, սակայն վերջինիս ընտանիքը թույլ չի տալիս նրան շփվել մոր հետ: Անգամ այն ժամանակ, երբ մայրը հերթական նոպայի հետեւանքով տեղափոխվում է հիվանդանոց, աղջիկը նրան չի այցելում:

Դավիթը հաճախում է արհեստագործական մի ուսումնարան, որտեղ խոհարարություն է սովորում: Նա արդեն տասնութ տարեկան է, բայց քանի որ գրանցման վայր չունի, անձնագիր չի կարողանում ստանալ:

«Տղաս շատ խելացի է, բայց էս պայմաններում ոչ մի բան չի կարա անի: Տասնութ տարեկան է, հետս է քնում, ամաչում է, մեծ տղա է, բայց ի՞նչ անի»,- ասում է Աիդան:

Աիդան օգտվում է «Առաքելություն Հայաստան» ճաշարանից, այնտեղից նա երկու հոգու համար ճաշ է ստանում: Սակայն կացարանի հարցի լուծման որեւէ ճանապարհ նրանք չեն տեսնում:

«Կռունկ»-ի տնօրեն Արթուր Գալստյանի խոսքերով՝ այլեւս անհնար է նրանց այդտեղ ապրելը, նախ՝ քանի որ ապրելու պայմաններ չկան, հետո էլ` սենյակը ընկերության սեփականությունն է:

«Կռունկ»-ի տնօրենը համաձայնեց եւս երկու ամիս ժամանակ տալ նրանց, պայմանով, որ ժամանակը լրանալուն պես նրանք ազատեն սենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter