Ամենաթափանցիկը կապի նախարարության կայքն է, ամենաանհաջողը` ՊԵԿ-ինը
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ-ն այսօր հրապարակեց պետական գերատեսչությունների գործունեության թափանցիկության հետազոտության արդյունքները: Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ուսումնասիրվել են գերատեսչությունների պաշտոնական կայքերը:
Կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ հետազոտության մեթոդոլոգիան մշակվել է «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» ռուսական ՀԿ-ի կողմից, սակայն իրենք տեղայնացրել են որոշ չափորոշիչներ: Կազմվել է պետական գերատեսչությունների 2 խումբ. առաջինը` նախարարություններ եւ կառավարությանն առընթեր մարմիններ, երկրորդը` մարզպետարաններ: Առանձին են ներկայացվել նախագահի, կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ գլխավոր դատախազության կայքերը, որոնք ոչ թե առանձին խումբ են կազմել, այլ որպես տարբեր հարթության ատյաններ ենթարկվել են առանձին ուսումնասիրության:
Գործել է 117 գնահատման չափորոշիչ: Հիմնական չափորոշիչները եղել են 4-ը` ինֆորմացիայի առկայություն, ամբողջականություն, հրատապություն, մատչելիություն:
Եվ այսպես` թվով 23 նախարարությունների եւ ԿԱ մարմինների մեջ ամենից բացն ու թափանցիկը տրանսպորտի եւ կապի նախարարության կայքն է` www.mtc.am, որն ունի 50.48 միավոր կամ թափանցիկության տոկոս, ինչը, ըստ Հարությունյանի, բավականին բարձր ցուցանիշ է: Երկրորդ տեղում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է` 44.65 տոկոս: Երրորդը` կրթության եւ գիտության նախարարությունը` 41.67 տոկոս:
«Մեր գնահատման չափանիշներում բացասական ազդեցություն է ունենում գովազդի առկայությունը պետական մարմինների կայքերում, որն իջեցնում է թափանցիկության տոկոսը: Կապի նախարարությունը կարող էր ավելի բարձր տոկոս ունենալ, եթե մենք այնտեղ մեկ-երկու անգամ չհանդիպեինք բջջային օպերատորի գովազդի»,- ասում է Մ. Հարությունյանը: Առաջին խմբում վերջից երրորդ` 21-րդ տեղը զբաղեցրել է ոստիկանության կայքը, որն ունի 17.44 տոկոս թափանցիկություն: Ըստ ուսումնասիրողների` այստեղ, ըստ էության, թարմացվում է միայն օպերատիվ ամփոփագիրը: «Նախավերջին տեղում եղել է արդարադատության նախարարությունը` 12.6 տոկոս, բայց երեկ մենք տեսանք, որ կարծես փոփոխություններ են տեղի ունենում այդ կայքում»,- նշում է փորձագետը` շեշտելով, որ ուսումասիրությունն արտահայտում է 2010-ի սեպտեմբեր-հոկտեմբերի իրավիճակը:
Վերջին տեղում է պետեկամուտների կոմիտեի կայքն է: «Սա մի անհասկանալի կայք է. բուն կոմիտեի կայքը ուներ ընդամենը 3.2 տոկոս թափանցիկություն: Կայքը կիսված է երկու այլ կայքերի, չես հասկանում` դրանք առանձի՞ն կայքեր են, ի՞նչ են իրենցից ներկայացնում: Ամեն դեպքում, առանձին դիտարկվեցին հարկայինի ու մաքսայինի կայքերը, որոնք 40 եւ 28 տոկոս թափանցիկություն ունեն: Բայց բուն ՊԵԿ-ի կայքում ոչ մի տեղեկատվություն չկա: Իսկ մաքսայինի ու հարկայինի կայքերն էլ շատ բաներում կրկնում են իրար,- ասում է Մ. Հարությունյանը:- Մենք ԱԱԾ-ի կայքը չենք ներառել, չնայած դիտարկել ենք: Շատ տեղեկություներ այստեղ, բնականաբար, մատչելի չեն, սակայն այն, ինչ կարելի է տեղադրել, բավականին մեծ տոկոս է ստացել: Կայք չունի արտակարգ իրավիճակների նախարարությունը, դրա փախարեն գործում է փրկարար ծառայության կայքը»:
Մարզերի կայքերից ոչ բոլորն են բացվել. սեպտեմբեր-հոկտեմբերին չեն աշխատել Արարատի ու Լոռու մարզպետարանների կայքերը: Այս խմբում կայքերի տարբերությունը շատ քիչ է եղել, դրանք իրենց թափանցիկությամբ նախարարությունների մեջ միջին տեղեր կգրավեին: Արմավիրի մարզը առաջին է` 29.17 տոկոս, Ամենավատը Շիրակի մարզն է` 19.27: «Մարզերի կայքերն, ըստ էության, ունեն նույն կառուցվածքը, մշակվել են թերեւս նույն տեղում` տարածքային կառավարման նախարարությունում, պարզապես տեղեկատվության հագեցվածությունն է տարբեր»,- ասում է Մ. Հարությունյանը:
Եվ վերջապես առանձին ուսումասիրված կայքերը. նախագահի կայքը` 34.44 , ԱԺ-ինը` 37.80, կառավարությանը` 41.82, Սահմանադրական դատարանինը`38.38, գլխավոր դատախազությանը` 55.7:
Ուսումնասիրողները հավելում են, որ բոլոր կայքերում բացակայում է այնպիսի տեղեկատվություն, թե, օրինակ, ինչպես կարելի է վիճարկել այդ մարմնի ղեկավարության որոշումները, ոչ մի նախարարությունում նման բան չկա, թափուր տեղերի, մրցույթների, լիցենզավորման գործունեության մասին քիչ տեղեկություններ կան: Այս արդյունքները փոխանցվելու են նաեւ հենց իրենց` գերատեսչություններին: Հետազոտությունը պարբերաբական բնույթ է կրելու:
Մեկնաբանել