
Արմավիրում վերանորոգված դպրոցներն արդեն վերանորոգման կարիք ունեն
Մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ մարզպետի՝ Ալբերտ Հերոյանի պաշտոնավարման տարիներին՝ 2006 թվականին, և ավարտվել 4 տարի առաջ: Վերանորոգումը տևել է 5 տարի: Մինչև ավարտել են շինաշխատանքները, պարզվել է, որ դպրոցը դարձյալ վերանորոգման կարիք ունի:
«Հետքն» անդրադարձել է Արմավիրի մարզի 2006-2014թթ. դպրոցաշինական ծրագրերին: Մասնավորապես՝ Լուկաշինի դպրոցի օրինակով ցույց ենք տվել, թե որքան անարդյունավետ են փուլային վերանորոգումները: Այդ եղանակով վերանորոգումների դեմ էին արտահայտվում թե' դպրոցի տնօրենները, թե' մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: Բայց կառավարությունը շարունակում է հենց այդ սկզբունքով հատկացնել գումարները:
«Փուլ առ փուլ վերանորոգումը արդյունավետ չէ: Մի տեղը դեռ չես ավարտել ու նախորդ արվածն արդեն մաշվում է, մի քանի տարի հետո նորից վերանորոգման անհրաժեշտություն է լինում: Ճիշտն այն է, որ հնարավորության դեպքում 1-2 տարում վերանորոգման աշխատանքները կատարվեն, ինչպես անում են ցանկացած զարգացած երկրում»,- ասում է Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը:
Տնօրենը որպես օրինակ նշում է գործընկեր գերմանական դպրոցը: «Մեկ տարի դպրոցը փակեցին, աշակերտներին տարան հարևան դպրոց և մեկ տարվա ընթացքում ամբողջ դպրոցը կապիտալ վերանորոգեցին, գույքը փոխեցին: Ես գնացի տեսա, դպրոցը անճանաչելիորեն փոխվել էր: Մեզ մոտ միայն շարժն էլ է հերիք, որ մի տեղից գույքը հանում տանում ենք այլ տեղ, հետո դուրս, ներս, գույքի որակն էլ բարձր չէ ու փչանում է: Հետո այդ շարժից պատերն են կեղտոտվում, մետլախն է կոտրվում: Ընհանրապես հարմար չի երկարատև վերանորոգումը»,- նշում է դպրոցի տնօրենը:
Անահիտ Մանուկյանի տեղեկացմամբ՝ առաջին տարվա ընթացքում վերանորոգել են տանիքը, հետո պատուհաներն ու դռներն են փոխել, այնուհետև մի մասնաշենքն են վերանորոգել, հետո հաջորդը, այնուհետև՝ սպորտդահլիճը, արհեստանոցը: Բոլոր աշխատանքներն իրականացվել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ընկերության կողմից: Դպրոցի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 233 մլն դրամ:
«Այժմ միայն տանիքի հետ կապված խնդիր ունենք, որ փոխանակ ջուրը գնա ջրհորդանը, գնում է պատի մեջ: Դա շենքին վնաս է: Այդպիսի երկու տեղ ունենք: Ջրհորդանը ճիշտ չդնելու հետևանքով է եղել: Հետո գյուղացիները ջրհորդանի խողովակները գողացել տարել են՝ որպես վառարանի խողովակ, և հիմա տանիքը վերանորոգելու կարիք է զգացվում»,- նշում է Անահիտ Մանուկյանը:
Սարդարապատում այժմ սովորում է 606 աշակերտ: Գյուղում աշակերտների թիվն ավելանում է: Արդեն երկու տարի է՝ երեք առաջին դասարան ունեն:
Տնօրենն ասում է, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակով, խոշոր դպրոցները կարողանում են իրենց «յուղով տապակվել», սակայն այդ «յուղն» էլ է քիչ: Օրինակ, եթե ֆինանսավորումը բավարար լիներ, իրենց միջոցներով կվերանորոգեին համակարգչային սենյակը: Դպրոցի համակարգիչներն արդեն 13 տարեկան են: Տնտեսական մասի համար առանձնացված գումարն էլ է քիչ, որը չի բավականեցնում նույնիսկ մաստիկաների համար:
«Շատ մեծ սիրով մանրահատակը կլաքապատեի, իսկ եթե մաստիկա չկա, լաք չկա, իսկ հատակը պետք է մաքրվի, առաջիկայում կկանգնենք մեկ այլ խնդրի առջև, մանրահատակը դուրս կգա: Բացի այդ, հոսանքի թանկացումը վատ է անդրադառնալու դպրոցի ֆինանսական վիճակի վրա: Անցյալ տարի հոսանքի գինը՝ ողջ տարվա, 600 հազար դրամ էինք գրել, բայց այս տարի արդեն թանկացել է, ավելին ենք վճարելու: Մի քանի կոպեկ, որ տնտեսել ենք թղթի, կավիճի, մեթոդական նյութերի համար, այստեղ հաստատ խեղճանալու ենք»,- ասում է տնօրենը:
Անահիտ Մանուկյանն ասում է, որ քիչ-քիչ ջեռուցման համակարգն է շարքից դուրս գալիս, փոխելու անհրաժեշտություն է լինելու: Սակայն մեծ ծախսեր են պահանջվում և առանց պետական աջակցության հնարավոր չի լինի իրականացնել:
«Շատ կուզենայի, որ մեր երկիրը հարուստ լիներ, որ մեր երկրի գումարները չփոշիանային, որ մարդիկ գնահատվեին ըստ իրենց արժանիքների ու աշխատանքների: Այսօր ցավոք սրտի չեն գնահատվում: Դա երկրի վիճակից է: Ես կարող եմ պահանջել, որ ինձ գնահատեն, բայց իմ պահանջը պետք է տեղ հասնի: Եթե ես պահանջում եմ ու գիտեմ, որ դատարկ է, ինչպե՞ս է լինելու: Սովորաբար չենք պահանջում, որովհետև գիտենք` չկա: Տանն էլ է այդպես: Մեր երեխաները մեզանից չեն պահանջում թանկարժեք հեռախոսներ, որովհետև գիտեն, որ չկա: Գիտենք, որ պատերազմող երկիր ենք, զենք ենք գնում, գիտենք, որ զինվորն ավելի կարևոր է, հիվանդների համար գումարներ են անհրաժեշտ, դրա համար էլ լռում ենք, ուսուցիչները համակերպվող են: Լավ կլիներ, որ չհամակերպվեինք, բայց դա ոչինչ չի տալիս»,- ասում է Անահիտ Մանուկյանը:
Բամբակաշատ. Տնտեսվարը ամեն օր դուռ ու պատուհան է վերանորոգում
2008-2013թթ. վերանորոգվել է Բամբակաշատ գյուղի դպրոցը: Վերջինը վերանորոգվել է սպորտդահլիճը, սակայն մեկ տարի անց դարձյալ վերանորոգման կարիք է զգացվում:
«Չթողեցին սպորտդահլիճի խոնավությունը դուրս գար, ձմեռը բետոն արեցին, սառեց, վրան էլ տախտակ քաշեցին: Դրա որակը էլ ո՞նց պետք է լինի, հատակի վրա արդեն ճեղքեր են առաջացել: Չեմ կարող ասել, որ մեղքն ամբողջությամբ շինարարինն է: Նրանց գումարը հատկացրել են սեպտեմբեր ամսին, պարզ է, որ շինաշխատանքների մի մասը բաժին էր հասնելու ձմռանը և խնդիրներ են ի հայտ գալու»,- ասում է Բամբակաշատ գյուղի դպրոցի տնտեսվար Խաչիկ Խաչատրյանը:
![]() |
![]() |
![]() |
Միայն սպորտդահլիճը չէ, որ խնդիրներ է առաջացրել նոր վերանորոգված դպրոցում:
«Մինչև իրենք շինվերանորոգումը վերջացրեցին, առաջին արվածը արդեն շարքից դուրս է գալիս՝ վատ որակի պատճառով: Վերջին արածը, որ սպորտդահլիճն է, նույնիսկ դա է վատ որակի արվել, վնասված հատվածներ կան: Հիմնականում պատերի ծեփն է պոկվում: Բացի այդ, եվրո դուռն ու պատուհանը դպրոցի համար չեն: Ամեն օր դուռ ու պատուհան եմ վերանորոգում: Պետլիներն են կոտրվում, պատուհաններն էլ կախվում են: Ամեն անգամ բացելուց հետո պիտի գնամ բարձրացնեմ վերև, որ փակվեն»,- ասում է տնտեսվարը:
Բամբակաշատի դպրոցն ունի 3 մասնաշենք: Վերանորոգումը տևել է մոտ 6 տարի: Այս դպրոցի վերանորոգման համար պետական միջոցներից 2008, 2009, 2010, 2011, 2013թթ. գումար է հատկացվել: Շինարարական աշխատանքների վրա մինչ օրս ծախսվել է 226 մլն դրամից ավել գումար:
Ըստ Արմավիրի մարզպետարանի տված տեղեկության՝ դպրոցի շինարարական աշխատանքերն իրականացրել է «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ընկերությունը: Սկզբում շինարարական աշխատանքներն իրականացրել է այլ ընկերություն, սակայն այդ կազմակերպության անունը դպրոցում չհիշեցին: «Երևի ով հզոր էր, նա էլ հաղթեց»,- ժպտալով ասում է տնտեսվար Խաչատրյանը:
Փոխարենը դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը «արդարացնում» էր ստեղծված վիճակը՝ պատճառաբանելով, որ դպրոցի շենքը հին է. ինչքան էլ վերանորոգեն, ցանկալի արդյունք չի տալու:
«Քանի որ հին շենք է, խնդիրներն էլ ավելի շատ են առաջանում: Հիմա ինչքան էլ վերանորոգում ենք, առաջին հարկը խոնավ է: Պատերը միշտ թարմացնում ենք, տեր ենք կանգնում, բայց էլի զգացնել է տալիս: Չգիտեմ մի դպրոց, որտեղ միանգամից վերանորոգումն իրականացնեն, ավարտեն, դա հնարավոր չէ»,- նշում է Գայանե Պարոնյանը:
Հայթաղ. Գումարները ծախսվում են, խնդիրները՝ ավելանում
Հայթաղ գյուղում այժմ էլ շինաշխատանքներ են ընթանում: Այստեղ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011թ-ից և 2 տարվա ընթացքում ծախսվել է ավելի քան 201 մլն դրամ: Շինաշխատանքները սկզբնական շրջանում իրականացրել է «Երևանի Ջրշին» ՓԲԸ-ն: Երկու մասնաշենքերի վերանորոգումն ավարտվել է երեք տարի առաջ: Այժմ վերանորոգում են մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, հանդերձարանը և զենքի պահեստը:
Հայթաղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Վարդան Ասատրյանն ասաց, որ այդ աշխատանքների համար բյուջեով նախատեսված է 100 մլն դրամ:
Շինաշխատանքներն իրականացնում է «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն, որի սեփականատեր Գագիկ Բիշարյանը ժամանակին եղել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու: Ըստ խոսակցությունների, նա ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականն է:
Չվերանորոգված է մնում Հայթաղի դպրոցի մասնաշենքերից մեկը: Այն վթարային լինելու պատճառով չի օգտագործվում, սակայն փոխվել է տանիքը:
«1968թ. կառուցված շենք է, վթարային է, փոխվել է միայն տանիքը: Եթե վերանորոգվի, կօգտագործվի: Հենց այդ պատճառով մենք չենք կարողանում լաբարատորիաներ ստեղծել, անցնել կաբինետային ռեժիմի, դասասենյակները քիչ են: Հիմա ունենք 15 դասարան և 16 դասասենյակ: Լաբորատորիայի գույքը խցերում մի կերպ տեղավորել ենք, որ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը բերի դասասենյակում ցույց տա: Եթե կաբինետ լիներ, հենց լաբորատորիայում կանցկացվեր դասը, ինչը արդյունավետ կլիներ, երեխաներն էլ կտեսնեին փորձերը: Այդ շենքի կարիքը խիստ ունենք: Մարզպետարանից խոստացել են զբաղվել նաև այդ մասնաշենքի հարցով»,- ասում է փոխտնօրեն Վարդան Ասատրյանը:
![]() |
![]() |
Ինչպես բոլոր վերանորոգված, այնպես էլ Հայթաղի դպրոցում ծեփը տեղ-տեղ թափված էր: Խոնավության հոտը հուշում էր, որ շինաշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտ հիդրոմեկուսացման աշխատանքներ չեն կատարվել:
Ջրառատ. Տնօրենը վերանորոգման խոտանը «բարդում» է խոնավության վրա
Գրեթե նույն վիճակն էր նաև Ջրառատի դպրոցում: «Մեր գրունտային ջրերը բարձր են: Աղը բարձրանում է: Երևի պետք է տեխնոլոգիաներ կիրառեն: Պատրաստ եմ գարնանը իմ ուժերով մասնակի վերանորոգում անել»,- ասում է դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը:
Դպրոցն ունի 2 մասնաշենք, որոնցից վերանորոգված է միայն մեկը: Շինարարական աշխատանքները 2011-2012թթ. իրականցրել է «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն՝ ընդհանուր առմամբ ծախսելով 290 մլն 700 հազար դրամ:
Տնօրեն Դ. Հարությունյանի խոսքերով՝ խոտանը «ճչացող» չէ, կոսմետիկ վերանորոգման դեպքում դրանք կվերանան:
Եթե առաջին հարկի թափված ծեփը պատճառաբանվում է խոնավության առկայությամբ, ապա երկրորդ հարկի պատերին ակնհայտ էին ճաքերը:
Տնօրենն ամեն ինչ կապում է խոնավության հետ: «Հնարավորություն կա դրենաժ անցկացնելու, դա էլ մասնագիտական խորը վերլուծության կարիք ունի: Ամեն ինչ էլ հնարավոր է անել, պարզապես պետք է հնարավորություն լինի»,- նշում է Դավիթ Հարությունյանը:
Մեկնաբանել