
Վայոց Ձոր. ապօրինի և օրինական աղբավայրերը
Հայաստանի հարավ տանող միջպետական ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզի մի քանի համայնքներով: Հենց այդ ճանապարհի երկու կողմերում իրարից ոչ հեռու կարելի է նկատել աղբանոցներ, շինարարական և մետաղի թափոններ: Մարզի համայնքապետարանների ներկայացուցիչները միաձայն պնդում են, որ իրենց համայնքի բնակիչները մեղավոր չեն ճանապարհի կողքերին թափված աղբի համար: Հարցին, թե այդ դեպքում որտեղից է գոյացել աղբը, բոլորի պատասխանը մեկն է՝ չգիտենք:
Եղեգնաձորի քաղաքապետարանը տարեկան 32 մլն 322 հազար 700 դրամ է տրամադրում աղբահանությանը: Քաղաքի հիմնական աղբավայրը գտնվում է մոտ 2 կմ հեռավորության վրա: Այդ աղբանոցը դարպասներով փակում են, որ այլ համայնքներից աղբ չթափեն այնտեղ: Սանիտարական աշխատանքների և աղբի տեղափոխման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Եղեգնաձորի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի հետ:
Ստորև ծանոթացեք Վայոց Ձորի մարզում «Հետքի» արձանագրած ապօրինի և օրինական աղբավայրերին՝ ըստ տեղակայման դիրքի և մեծության:
Նույն ընկերության հետ պայմանագիր է կնքել նաև Մալիշկայի համայնքապետարանը: Հայաստանում իր մեծությամբ երրորդ գյուղի՝ Մալիշկայի աղբահեռացումը, կայանում է գյուղապետարանի և տնտեսությունների համատեղ ֆինանսավորմամբ: Համայնքապետ Մհեր Մովսիսյանի խոսքով՝ գյուղապետարանը տարեկան 135 հազար դրամ է հատկացնում աղբահանության աշխատանքներին. «Գումարած դրան, յուրաքանչյուր տնտեսություն 500 դրամ է վճարում: Պաշտոնապես մոտ 1800 տնտեսություն ունենք, բայց դրանց մեծ մասը Հայաստանից գնացել են: Աղբահանության գումար վճարում են մոտ 400-500 ընտանիքներ»,- ասում է Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանը:
Վայքի քաղաքապետարանը ստեղծել է «Վայք համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, որին տարեկան վճարելով 7 մլն 200 հազար դրամ, լուծում է քաղաքի աղբահանության խնդիրը: Ինչպես «Հետքի» հետ զրույցում նշում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Մուշկամբարյանը, Վայքում շաբաթական երեք անգամ աղբի մեքենա է շրջում և հավաքում բնակիչների գոյացրած թափոնները: Քաղաքի հիմնական աղբանոցը գտնվում է Վայքից մոտ 2.5 կմ հեռավորության վրա: Օրեցօր ավելացող աղբից միակ ազատման միջոցն այրելն է:
Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակչության կեսը վճարում է աղբահանության համար, կեսը՝ ոչ: Այս համայնքի աղբահանությունն իրականացնում է «Ագարակաձորի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը: Ագարակաձորի գյուղապետարանի առաջատար մասնագետ Արտյոմ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ գյուղն ունի մոտ 240 տնտեսություն, որի կեսն է միայն վճարում 500-ական դրամ՝ աղբահանություն կազմակերպելու համար: Մեր հարցին, թե չվճարողները որտեղ են թափում աղբը, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ով էլ չի վճարում, ասում է, թե գյուղից դուրս է հանում, չգիտեմ: Պիտի կամաց-կամաց ստիպենք, որ բոլորն էլ վճարեն»:
Վայոց Ձորով անցնող միջպետական ճանապարհին են գտնվում նաև մի շարք առևտրի և սննդի կետեր, որոնց կողքով հոսում է Արփա գետը: Ի տարբերություն այլ մարզերի՝ պետք է նշել, որ այստեղ գործող սննդի օբյեկտները գրեթե չեն աղտոտում գետը. Հարակից տարածքներում տեղադրված են աղբամաններ, որոնց մեջ հավաքված աղբը, ըստ առևտրականների, աղբատար մեքենան հավաքում է:
Պատրաստեցին
![]() |
![]() |
Էդիկ Բաղդասարյանը |
Անի Հովհաննիսյանը |
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել