Վարդաբլուրցի 39-ամյա Ալվարդը տարածում է էկոլոգիապես մաքուր բանջարեղեն աճեցնելու գաղափարը
Գայանե Սարգսյան
Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Հոբարձի գյուղից հարևան Վարդաբլուր հարս եկած 20-ամյա Ալվարդը հող մշակելու առաջին փորձերն արել էր դեռ 10 տարեկանում` այն ժամանակ չիմանալով, որ ամբողջ կյանքում կապվելու է հողի հետ:
«10 տարեկան էի, երբ մայրս ծանր հիվանդացավ: Ես ու քույրս ստիպված էինք իրար մեջ բաժանել տնային գործերը: Քույրս՝ որպես մեծ, ընտրեց տան մաքրությունը, ինձ բաժին հասավ տնամերձ հողամասի մշակումը: Ու այդ տարիքից ես գիտեի՝ հողամասը ես եմ մշակելու և դա իմ մոտ լավ է ստացվելու»,- հիշում է 39-ամյա Ալվարդ Դավոյանը:
12 տարեկանում, գրախանութներից մեկում պատահաբար տեսնելով գյուղատնտեսական մշակաբույսերին վերաբերող գրքեր, գնում է: Գյուղատնտեսական գրքերը տեսնելով` մայրը զարմանում է: Ինքը՝ Ալվարդը, ասում է՝ գնեցի, որովհետև հողը ես էի մշակում, մտածեցի, որ դրանք ինձ շատ պետք կգան:

Հարևան գյուղում ամուսնանալով` 20-ամյա հարսնացուն օժիտի մեջ առաջինը հենց այդ գրքերն է դնում: Ասում է. «Ասես նախախնամության պես մի բան լիներ, ասես դեռ այն ժամանակ գիտեի, որ ամբողջ կյանքում կապվելու եմ հողին»:
Ամուսնու ընտանիքը ջերմոց ուներ, որտեղ նրանք ծաղիկներ էին աճեցնում: Ամուսնությունից ամիսներ անց ջերմոցի մեխակները ցուրտը տանում է:
«Առաջարկեցի, որ ես զբաղվեմ ջերմոցով ու բանջարեղեն ցանեմ: Համաձայնեցին: Սկսեցի բանջարեղեն ցանել ու սածիլները վաճառել: Շահութաբեր, բայց երկարատև ու աշխատատար պրոցես էր: Որոշ ժամանակ անց սկսեցի սածիլները գնել ու միանգամից տեղադրել ջերմոցում՝ խնայելով մեկ ամիս»,- պատմում է Ալվարդը:
![]() |
![]() |
Մի քանի տարի անց սկեսրայրը որոշում է՝ վարդեր ենք աճեցնելու:Ողջ տարվա եկամուտը ներդնելով՝ 3000 հատ վարդի սածիլ են գնում Արարատյան դաշտի ջերմոցներից: Չանցած երկու ամիս՝ ջերմոցում ջեռուցման հետ կապված խնդիրների պատճառով վարդերը կրկին ցրտահարվում են:
«Դա ֆինանսական մեծ հարված էր: Մեր ամբողջ տարվա եկամուտը ներդրել էինք, բայց մի օրում ամեն ինչ կորցրինք ու նորից հայտնվեցինք կոտրած տաշտակի առաջ: Չհուսահատվեցի: Շարունակեցի բանջարեղեն աճեցնել: Անընդհատ փնտրտուքների մեջ էի. ուզում էի նոր բուսատեսակներ աճեցնել, ամեն ինչ իմանալ մշակաբույսերի մասին»,- ասում է Ալվարդը:

Մի քանի տարի անց աշխատանքի է անցնում «Վորդ Վիժնում»՝ որպես դիզայներական խմբակի ղեկավար ու սոցիալական աշխատող:
«Վորդ Վիժնի» ու «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության հետ համագործակցության ընթացքում պատահաբար իմանում է, որ Հայաստանում հնարավոր է ձեռք բերել ոչ ավանդական մշակաբույսեր:
«Ոչ ավանդական մշակաբույսերի աճեցման առաջին փորձս երեք տարի առաջ էր: Սկսելով բրոկկոլիից, աստիճանաբար ավելացրեցի տեսականին: Այժմ մշակում եմ բրոկկոլի, ֆեզալիս, դդումի ոչ ավանդական տեսակ, պոմիդորների տեսականի՝ չերրի, իտալական, ցիկորա, կոլրաբի, բրուսելյան ու սացոյան կաղամբ, քաղցր կարտոֆիլ, սպիտակ սմբուկ»,- պատմում է Ալվարդը:
Ամենամեծ հետաքրքրությունը համագյուղացիների շրջանում առաջացրել է քաղցր կատոֆիլը՝ իր վեր բարձրացող ցողուններով: Ավելի մեծ տարածում, սակայն, ստացել է բորոկկոլին: Ալվարդից հետո գյուղում շատերը ցանկացան բրոկկոլի աճեցնել:

Ամուսնությունից ի վեր Ալվարդն ապրում է նորոգված, ժամանակակից, անհրաժեշտ սարքերով հագեցած ջերմոց ունենալու երազանքով:
«23 տարի է՝ այդ երազանքն անընդհատ խմորվում է իմ մեջ: Հույս ունեմ, ամուսնուս հետ միասին մի օր կկարողանք այնքան գումար ունենալ, որ ընդլայնենք մեր ընտանեկան բիզնեսը: Հաշվարկել ենք, դրա համար մոտ 10.000 դոլարի չափով ներդրում է անհրաժեշտ: - նշում է Ալվարդն ու հավելում,- մշակաբույսերի մեծ բիզնես ծավալելու երազանքս երկու նպատակ ունի. շահույթ ստանալուց զատ նաև ցանկանում եմ մարդկանց մոտ առողջ սննդի գաղափարը տարածել: Ուզում եմ, որ մարդիկ իրենք գան, տեղում տեսնեն, թե ինչպես ենք աճեցնում, ինչ պայմաններում, վստահ լինեն, որ էկոլոգիապես մաքուր սնունդ են գնում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել