HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայաստանն էժան ծախեց Կիպրոսը կիսելու մասին հայտարարությունը»

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրահրված միջադեպերը շփման գծում պարզապես ճնշման ձեւ են ԼՂ հակամարտության բանակցությունների վրա: «Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր թեզը հաստատել, որ պատերազմը դեռ չի վերջացել ու ամեն պահի կարող է վերսկսվել»,- ասում է քաղաքագետն ու հավելում, որ հունվարի 24-ին սպասվող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման եւ դրան հաջորդող մյուս բանակցությունների ժամանակ Ադրբեջանը ներակայանալու է հենց այս թեզով: Իսկ մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ ենք սպասում բանակցություններից եւ ինչպես ենք պատկերացնում համաձայնություն, երբ Ադրբեջանը բարձր մակարդակով անընդհատ հայտարարում է, որ երբեք չի համաձայնվի Ղարաբաղի որեւէ ստատուսի իր կազմից դուրս: «Մենք այս հարցը մեզ չենք տալիս, այլ ինքներս մեզ համոզում ենք, որ դա հնարավոր է: Չգիտեմ` հույսներս ինչի վրա ենք դրել»,- նշում է Մ. Սարգսյանը:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ նշում է, որ շանտաժ հանդիսացող ներկա միջադեպերը իրականում միակ ռեսուրսն է, որ մնացել է Ադրբեջանի ձեռքում: «Նույնիսկ իրավական դաշտում լուրջ փորձագետները չեն ասում, որ ԼՂ-ն իրավունք չունի ապրել Ադրբեջանից անկախ: Անցած տարեվերջի Ադրբեջանի ռազմական հռետորիկան նվազել է Աստանայի գագաթնաժողովից հետո: Ադրբեջանը սպառում է նույնիսկ ռազմական շանտաժի մեխանիզմը, որովհետեւ նմանատիպ հայտարարություններից հետո իրեն հարգող ղեկավարը առնվազն պիտի պատերազմ սկսեր»,- նշում է Մինասյանը ու ավելացնում, որ մոտակա ժամանակներում, կարելի է ասել, պատերազմ չի լինի` ելնելով երկու նախադրյալներից. Առաջինը շփման գոտում պահպանվող ռազամատեխնիկական ու ռազմաքաղաքական բալանսն է, իսկ երկրորդը գերտերությունների ու արտաքին ուժերի շահագրգռվածությունը ստատուս-քվոյի պահպանման հարցում, ինչը, սակայն, չի նշանակում առաջընթաց բանակցություններում:

Առաջընթացի վերաբերյալ թերահավատ է նաեւ Մանվել Սարգսյանը, քանի որ ոչ մեկի դիրքորոշման մեջ փոփոխությոն չկա:

Ի՞նչ պետք է աներ հայ դիվանագիտությունը անցյալ տարի, որ չարվեց: Մանվել Սարգսյանն այս առումով առանձնացնում է Ադրբեջանի ակտիվ քաղաքականությունը այլ երկրների հետ. «Հասկանալով, որ Մինսկի խմբում համաձայնության գալ չի ստացվում` Ադրբեջանը միջազգային ասպարեզում անընդհատ շեշտում է իր տարածքային ամբողջականության եւ դրա վերականգնման ռազմական ճանապարհի մասին, Թուրքիայի, իսլամական երկրների հետ է մերձենում: Նա փորձում է ստեղծել մի իրավիճակ, որտեղ միջազգային հանրությունը իրեն թույլ կտա գնալ ռազմական գործողությունների, այսինքն` նա գործողություններ երբեք չի սկսի, մինչեւ բավական քանակի երկրներ իրեն «դաբրո» չտան: Սա հստակ քաղաքականություն է: Հայաստանն այս ուղղությամբ անցյալ տարի որեւէ նոր բան չի արել: Տարբեր ատյաններում ինչ-որ փաստաթղթեր է վիժեցնում, բոյկոտի քաղաքականություն է տանում, լավ կլինի նա էլ նման քայլեր անի, որ Ադրբեջանը բոյկոտի»:

Քաղաքագետը շեշտում է, որ երկկողմանի հարաբերությունններում մենք Ադրբեջանի պես պիտի փորձենք համոզել այլ երկրների պաշտպանել մեր դիրքորոշումը: կիրոսի ու Հունաստանի հետ վերջին շփումները  մի առաջին փորձ էին, որն ընդգծեց այդ ուղղությունը: «Բայց Հայաստանը մի քիչ էժան ծախեց այն հայտարարությունը, որ երբեք չի համաձայնվի Կիպրոսը կիսելու հետ: Դրա փոխարեն Կիպրոսը կարող էր ասել, թե շատ կողջունի, որ Ղարաբաղը լինի անկախ: Դա կլիներ արդյունք, բայց չասվեց: Սակայն որպես արդյունք սա էլ վատ չէ»,- ասում է Մ. Սարգսյանը: Ըստ նրա` Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային ասպարեզում դժվարացնում է այն, որ դա առաջինը պետք է անի Հայաստանը:

Սերգեյ Մինասյանն էլ  առանձնացնում է, որ Հայաստանը պետք է ցույց տա Ադրբեջանին ու մյուսներին, թե իրականում ինչ իրավիճակ է հակամարտության գոտում: Անհրաժեշտ է վերջիններիս հասկացնել, որ նոր պատերազմի գինը չափազանց թանկ է լինելու առաջին հերթին Ադրբեջանի ու նաեւ տարածաշրջանի համար:

Ինչ վերաբերում է Մ. Սահակաշվիլու այսօրվա երեւանյան այցին, քաղաքագետ Մինասյանն ասում է, որ Վրաստանի հետ մեր քննարկման խնդիրները բավականին լայն են, սակայն, իհարկե, հեղափոխական փոփոխություններ տեղի չեն ունենա: Ըստ նրա` Հայաստանը կարեւոր դեր կարող է խաղալ վրաց-ռուսական լարված հարաբերությունների բարելավման հարցում, ինչպես որ եղավ Վերին Լարսի դեպքում, երբ երկու երկրները չգնացին ակնառու զիջումների, բայց անցակետի բացումը օգուտ բերեց երեք կողմին էլ: Մ. Սարգսյանն էլ նշում է Վրաստանի մեծ հետաքրքրությունը Իրանի հանդեպ, ինչը նշանակում է Հայաստանի հետ ընդհանուր շահի ձեւավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter