HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Ընտրություն` ընտրությունից առաջ

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքը պատրաստվում է միանգամից երկու ընտրության. մինչեւ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունները, արմավիրցիները մի պարտականություն էլ ունեն` մարտի 25-ին քաղաքապետ են ընտրելու:

Այդ պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ռուբեն Խլղաթյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղական կառույցի նախագահ Արայիկ Աղաբաբյանը:

Ըստ ներկայացված կուսակցությունների քաղաքական կշռի` առաջին տպավորությամբ պայքարը համահավասարության սկզբունքով է ընթանալու: Դրա համար նույնիսկ Արմավիր քաղաքում գործող «ԱԼՏ» եւ «Նոյ Հայաստան» հեռուստաընկերություններն են հավասար պայմաններ ստեղծել. «Եթե թեկնածուներից մեկը հեռուստատեսությամբ ելույթ է ունենում, արդեն գիտենք, որ նրան հաջորդելու է մյուսը»,- ասում է արմավիրցի Նարեկ ը : Երիտասարդի պատմելով` մարտի 6-ից սկսած քարոզարշավին ինքն անձամբ հետեւում է հեռուստաեթերի միջոցով:

Ընտրապայքարի համահավասարության նմանակումը, սակայն, ակներեւ է դառնում, երբ շոշափում ես Արմա վիրի իրավապահ մարմինների, պետական հիմնարկ-ձեռնարկությունների, անգամ` ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի խլղաթյանամետ տրամադրությունները: Գործող քաղաքապետի շուրջ նրանց համախմբվածությունը երկու հիմնավորում ունի: Առաջին` այդ ծառայությունների ու հատկապես կրթական հաստատությունների ղեկավար եւ աշխատակազմի հախուռն հոսքը Հանրապետական կուսակցություն, եւ երկրորդ` ՀՀԿ թեկնածուի ֆինանսական ռեսուրսները: Աշխատանքը չկորցնելու վախը վերոհիշյալ հիմնարկների աշխատակիցներին դարձրել է քարոզիչ:

Ռուբեն Խլղաթյանին են պատկանում Արմավիրի շուկան, սուպեր մարկետների ցանցը: Նրա համար ֆինանսական ներհոսք է ապահովվում նաեւ Դոնի Ռոստովից, որտեղ դեռեւս 80-ականներից Խլղաթյաններն ունեն իրենց ընտանեկան բիզնեսը:

Այս ֆոնի վրա ԲՀԿ թեկնածուն զիջում է ակնհայտորեն: Բացի «հարազատ» կուսակցությունից, նրա կողքին մեկ էլ Արմավիրում հայտնի գնդապետ Ռուստամ Գասպարյանն է: Վերջինս, ի դեպ, իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություներին, ուստի ԱԺ մտնելու նրա շանսերը մեծապես կախված կլինեն նաեւ քաղաքապետի ընտրության ելքից:

Արայիկ Աղաբաբյանը ընտրություններին մասնակցելու հարուստ փորձ ունի. նրա անվան կողքին «հավերժ թեկնածու» որակումը պատահական չէ: Ներկայիս բարգավաճականը, նախկին ՀՀՇ-ականը կուսակցավազքի առումով էլ է փորձառու: 2003-ի խորհրդարանական ընտրություններին փորձեց շահել դաշնակցականների համակրանքը, բայց Օրինաց երկրի հետ պայքարում տանուլ տվեց: Դրան հաջորդած Արմավիրի քաղաքապետի ընտրությանն էլ ապավինեց ՄԱԿ-ին ու դարձյալ պարտվեց: Իսկ հիմա, կիսելով ԲՀԿ-ի «գաղափարները», կարծես ամեն ինչ ճիշտ է հաշվարկել, միայն թե հաղթանակի մասին եւ՛ ինքը, եւ՛ թիմը բարձրաձայն խոսել չեն շտապում. հավանաբար թույլ չի տալիս ընտրապայքարներում կուտակած նրա անպտուղ փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter