HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ անվտանգության միջավայր 2015. Թուրքիա և Ադրբեջան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) կայացավ «ՀՀ անվտանգության միջավայր 2015թ. Թուրքիա և Ադրբեջան» թեմայով փորձագիտական կլոր սեղանը, որը նվիրված էր Հայաստանի հարևանությամբ՝ մասնավորապես, Թուրքիայում և Ադրբեջանում տարբեր էթնիկ հանրույթների հետ կապված վիճակին ու զարգացումներին, որոնք ունակ են ազդել Հայաստանի անվտանգության վրա կամ կարող են ՀՀ անվտանգության քաղաքականության համար նոր ռեսուրս հանդիսանալ:

Բացման խոսքում ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ հաճախ փորձագիտական հանրույթն ու քաղաքական գործիչներն առավելապես կենտրոնանում են  Հայաստանի հանդեպ հարևան ոչ բարեկամական երկրների վարած քաղաքականության վրա, մինչդեռ ոչ պետական դերակատարները նույնպես տարածաշրջանային գործընթացների ու քաղաքականության սուբյեկտներ են, որոնց շահերի վերլուծությունն ու հաշվառումն անհրաժեշտություն է: Այս համատեքստում նա հատկապես ընդգծեց Թուրքիայի և Ադրբեջանի պետականազուրկ ժողովուրդների դերի դիտարկումը Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման և ապահովման գործում: Ուստի նա կարևորեց Հայաստանում նման դիսկուրսի շարունակական ծավալումը` անվտանգության ռիսկերը գնահատելու և դրան համապատասխան քաղաքականություն վարելու համար:

Քննարկման հիմնական բանախոսը Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էր՝  «Պետականազուրկ հանրույթների դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության միջավայրի ձևավորման մեջ» զեկույցով:  Նա նախ նկատեց, որ մեր անմիջական հարևանության մեջ գրեթե երկու դար տևած ազգային զարթոնքն սկսել է իր տեղը զիջել առավել կրոնական, հարանվանական զգացումներին, ինչի դրսևորումը միջինարևելյան զարգացումներն են՝ ի դեմս շիիզմի ու սուննիզմի սրված հակադրության:

Այնուհետև, Պապյանն առաջ քաշեց թեզ, որի համաձայն՝ քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի բոլոր ջանքերն ապարդյուն են եղել, ուստի մեր երկիրը պետք է քայլեր ձեռնարկի այդ երկրների հանրույթների և ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունները զարգացնելու և մերձենալու համար. «Ինչո՞ւ եմ ես կարևորում հարաբերություններն այս պետականազուրկ հանրույթների հետ: Ակնհայտ է, որ չորս հարևան պետություններից երկուսի հետ  ՀՀ-ն ունի դիմակայության, հակամարտության իրավիճակ, երբեմն՝  պատերազմական, նախապատերազմական: ՀՀ-ի բոլոր ձգտումները՝ բարելավել պետական մակարդակով Թուրքիայի հետ հարաբերությունները, չստացվեցին, քանի որ թուրք-ադրբեջանական որոշակի կապակցություն կա, պատմական խնդիրներ կան, և ես լիահույս չեմ, որ հնարավոր կլինի միջպետական հարաբերություններ բարելավել: Հետևաբար, տրամաբանությունը հուշում է՝ եթե հնարավոր չէ միջպետական հարաբերություններ զարգացնել, ապա պետք է պետությունների մեջ գտնել որոշ կազմակերպված խմբեր, մարդկային հանրույթներ և նրանց հետ հարաբերություններ զարգացնել, և դա նոր բան չէ: Դա արվել է ժամանակին՝ կրոնական խմբավորումներ, կրոնական համայնքներ ստեղծելով. ԽՍՀՄ-ն անում էր՝ կոմունիստական կուսակցություններ ստեղծելով, այսինքն` ստեղծել մարդկանց հավատարիմ խումբ, որոնց շահերը քո շահերին կհամապատասխանեն»,- իր մոտեցումը հիմնավորեց Արա Պապյանը:

Արա Պապյանի կարծիքով` ՀՀ-ին սահմանակից երկրներում պետականազուրկ հանրույթների հետ աշխատանքը նոր հնարավորություններ է ստեղծում՝ մասնավորապես Հայաստանի համար ապահովելով անվտանգության լրացուցիչ միջոցներ: Նա նշեց, որ դրա նպատակն այդ հանրույթների մոտ Հայաստանի նկատմամբ դրական իմիջ ձևավորելն ու թշնամական տրամադրությունները վերացնելը պետք է լինի: «Սա այն քիչ ոլորտներից է, որտեղ մենք կկարողանանք անմրցակից մնալ: Անվտանգության մյուս բոլոր գործոնները, որ մենք սիրում ենք ասել` ռազմական անվտանգություն, տնտեսական անվտանգություն, ակնհայտ է, որ մենք երբևէ չենք կարող համարժեք մեծություն ձևավորել, ինչպես Թուրքիան: Շատ հայեր կան, որ կարծում են` առաջին հերթին Հայաստանը պետք է ուժեղանա, նոր հարցեր լուծի: Ես չեմ կարծում, որ Հայաստանը կուժեղանա այնքան, որ Թուրքիայից  ուժեղ լինի դասական մրցակցության պարագայում:  Հետևաբար, ոչ կոնվենցիոնալ միջոցների պետք է գնալ, որոնցից մեկը սա է»:

Բանախոսը գտնում է, որ, չնայած վերջին տարիներին այդ ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկվել, սակայն դա բավական չէ, արդյունքներն էլ` ոչ այդքան զգալի: Դրա հիմնական պատճառն այն է, որ այդ խնդրով մեծամասամբ զբաղվում են առանձին անհատներ և կազմակերպություններ՝ գերազանցապես սեփական նախաձեռնությամբ ու ռեսուրսներով, տարիների ընթացքում պաշտոնական մոտեցումների դինամիկան եղել է ալիքաձև, մինչդեռ վերջինիս տևական ներգրավման դեպքում արդյունքներն առավել շոշափելի կլինեն. «Տարբեր հասարակական կազմակերպությունների հետ առկա է համագործակցություն, սակայն այն կարող է զարգանալ, եթե լինի պետական լուրջ աջակցություն»,-ասաց Կանադայում ՀՀ նախկին դեսպանը:

Պապյանն այդպիսի աշխատանքների համար առանձնացրեց երկու՝ թուրքական և ադրբեջանական ուղղություններ: Նրա խոսքերով` Հայաստանն Ադրբեջանում պետք է շփումները հատկապես ակտիվացնի թալիշների, թաթերի և լեզգիների, իսկ Թուրքիայում` ալևիների, քրդերի, զազաների հետ: Անշուշտ, Պապյանն անհրաժեշտ համարեց տարբերակել երկու երկրների պետականազուրկ հանրույթների հետ աշխատանքի մեթոդաբանությունը, մոտեցումները՝ կախված թե՛ այդ երկրների առանձնահատկություններից, թե՛ նրանց հետ հարաբերություններ հաստատելու համար առաջադրված  նպատակներից:

Մասնավորապես, Ադրբեջանի դեպքում նա հարկ է համարում տարբերակել կովկասյան (լեզգիներ, ավարներ և այլք) և իրանական ժողովուրդների խմբերին: Նրա դիտարկմամբ՝ կովկասյան խմբի դեպքում Ռուսաստանի կողմից խանդ կա, ինչը Հայաստանին զգուշավոր է դարձնում նրանց հետ երկխոսության հաստատման հարցում: Մինչդեռ իրանական ծագման հանրույթների դեպքում Իրանն իրեն վստահ է զգում և այստեղ, ի տարբերություն առաջին խմբի, հնարավորությունները շատ են: Այդուհանդերձ, նա համարում է, որ Ադրբեջանում այդ հանրույթների հետ հարաբերությունների հաստատումը կարելի է հեշտությամբ կատարել, քանի որ երկիրը միատարր չէ, և հնարավոր է համագործակցություն իրականացնել ինչպես իրանախոս, այնպես էլ կովկասյան բնակչության հետ:

Պապյանի դիտարկմամբ՝ որքան էլ Ադրբեջանը մշտապես խոսում է միատարր բնակչության մասին, այնուամենայնիվ, իրականում այդպես չէ. այդ երկրի բնիկները՝ թաթերն ու թալիշները, այսօր ազգային ինքնության զարթոնք են ապրում, ինչը, նրա խոսքով, անտեսել հնարավոր չէ և միայն մեր տարածաշրջանին չէ, որ բնորոշ է: Իրականում, Ադրբեջանում ազգային փոքրամասնություններն ավելի շատ են, քան ներկայացվում է պաշտոնական փաստաթղթերում: Եթե ադրբեջանական պաշտոնական վիճակագրությունը թալիշների թիվ է ներկայացնում 200.000-ը, ապա ամերիկյան վերլուծությունները խոսում են մինչև 2 միլիոն թալիշների մասին: Պապյանը թալիշների համար առավել հավանական է համարում 1,5 միլիոնը, որոնք գերազանցապես բնակվում են Իրանի հետ սահմանակից շրջաններում:  Եվ, ընդհանրապես, Արա Պապյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանում պետականազուրկ հանրույթների ներկայացուցիչները հիմնականում կազմում են ադրբեջանական բանակի միջին օղակը, հիմնականում ծառայում են ԼՂ-ի հետ շփման գծում, ինչը ևս լրացուցիչ շահագրգռություն պետք է ստեղծի նրանց հետ երկխոսություն սկսելու համար: 

Օրինակ բերելով Ադրբեջանի կողմից հայալեզու քարոզչամեքենայի, այդ թվում՝ հեռուստատեսության հիմնումը՝ նա կարևորեց միջին ալիքի հաճախականության տիրույթներում ռադիոկայանի ու հեռուստաընկերության գործարկումը, կանոնավոր գիտաժողովների ու խորհրդաժողովների կազմակերպումը, որոնց երկու երկրներից կմասնակցեն բնիկ հանրույթների ներկայացուցիչները: «Եթե մեզ հաջողվեր ընդլայնել ռադիո-հեռուստաընկերությունը, ապա այն, ինչ այժմ անում  է Ադրբեջանը Հայաստանի դեմ, դրա արդյունքում իրավիճակը կփոխվեր»:

Նա նաև կարծում է, որ, օրինակ, թալիշական ռադիոյով հայկական կողմը կարող է եթերաժամ գնել և  հաղորդումներ վարել: «Ներկայումս աշխատանք է տարվում թալիշների հետ, որոնք ռադիո և առցանց հեռուստատեսություն ունեն: Արդյունքը նկատելի է: Տեխնոլոգիաների դարաշրջանում այդ ազգերն արդեն ծանոթանում են իրենց հազարամյա պատմությանը, ուստի Հայաստանը պետք է օգտագործի դա՝ ելնելով իր անվտանգությունից: Թալիշների՝ պետություն ստեղծելու փորձը ժամանակին ձախողվեց, բայց ղեկավարներն այսօր էլ քաղաքական դաշտում են»: Եթե այսօր 10 տանկ ենք գնում, ապա 11-րդ տանկի գումարը կարելի է տալ նման գործողությունների համար»,-հավելեց Պապյանը: 

Բանախոսի կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանում գործելու նախադրյալներ չունի, որովհետև մեր ազգային փոքրամասնությունը եզդիներն են, որոնք հակահայկական մտայնություններ չունեն և մեր ժողովրդի մասն են կազմում. «Ադրբեջանը չունի նախադրյալներ Հայաստանում նման գործընթաց ծավալելու համար, քանի որ Հայաստանն ազգային փոքրամասնությունների հետ խնդիր չունի: Մեր երկրում ամենամեծ համայնքը կազմում են եզդիները, որոնք իրենց լավ են զգում այստեղ, և նրանց դժվարությունները պայմանավորված են մեր երկրի դժվարություններով: Նրանք Հայաստանում ճնշված չեն <…> Ադրբեջանում այդպես չէ, թալիշի կամ թաթի անգամ մեկ ելույթին կարող է պատիժ հետևել»: 

Ինչ վերաբերում է երկրորդ ուղղությանը՝ Թուրքիային, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ երկրի բնակչության 98-99 տոկոսը մահմեդականներ են, թեպետ Պապյանը դա ևս արժանահավատ չի համարում: Դեսպանի համոզմամբ՝ Թուրքիայում Հայաստանը կարող է նման հարաբերություններ ձևավորել առաջին հերթին ալևիների հետ, որոնց թվաքանակը տարբեր գնահատականներով 12-20 միլիոնի միջակայքում է: Սակայն այստեղ էլ նա հակված է ի նկատի ունենալ միջինացված թիվ՝ 15 միլիոն: Նույն կրոնական հողի վրա ատելությունը ալևիների և սուննիների միջև շատ խորն է: Նրանք հիմնականում բնակվում են Դերսիմի, Թունջելիի վիլայեթներում և մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ: «Նրանք մեծ հանրույթ են՝ ավելի քան 15 միլիոն: Ապրում են համախումբ: Սա լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք, որ նրանց մի զգալի հատված պատրաստակամ է շփվել մեզ հետ: Մենք հասարակական և գիտական մակարդակով հարաբերություններ ծավալում ենք, սակայն լավ կլիներ, որ այդ հարաբերությունները լինեին ավելի ամուր»,-ասաց Պապյանը:

Որքան էլ ալևիները համարվում են շիա-իսլամի հետևորդներ, Արա Պապյանի խոսքով՝ այդ մոտեցումը կասկածահարույց է, և նրանց՝ շիիզմի հետ կապելը պարզապես քաղաքական դրդապատճառներ ունի. «Երբ  ալևիին հարցնում ես՝ մահմեդական ես, ասում  է՝ ոչ:  Սուննիները ևս ասում են, որ ալևիները մահմեդական չեն»:

Քաղաքագետը նշեց, որ վերջին տարիներին հայկական պարախմբերը Դերսիմում փառատոնի մասնակցեցին: Այդ ժամանակ շատ ալևիներ խոսել են իրենց հայկական ծագման մասին: Դրա մասին վկայում են նաև պատմական աղբյուրները: Ներկայումս Դերսիմի 6 գյուղապետեր պատրաստակամ են հյուրընկալել հայ ուսանողների: Նրանք նաև սկսել են հայկական եկեղեցիների ցուցակագրման և վերականգնման գործընթաց: 

Քրդական հանրույթի կապակցությամբ Պապյանը նկատեց, որ սեփական պետությունն ունենալու նրանց զարթոնքը վաղուց է, և, թերևս, դրա ստեղծումն անխուսափելի կլինի, քանի որ առկա են շահագրգռված պետություններ, ինչպես Իսրայելը: Իհարկե, Պապյանն այդ հարցում առանցքային ու վճռորոշ է համարում ԱՄՆ-ի վերջնական դիրքորոշումը: Նա կանխատեսում է, որ քրդական նոր պետությունը կլինի ոչ այնքան մեծ ու ընդարձակ, ինչպես տարածվող քարտեզներում ենք տեսնում, սակայն՝ ագրեսիվ: Չնայած քրդական պետության ստեղծման նկատմամբ Հայաստանում առկա իրարարամերժ տեսակետներին, ինչպես նաև մի կողմ թողնելով խնդրի զգայական կողմը, որ այն կձևավորվի մասամբ Արևմտյան/Վիլսոնյան Հայաստանի տարածքների վրա, այդուհանդերձ, Պապյանը դրանում մի քանի դրական գործոններ առանձնացրեց.

(1) այն չի լինի հակահայկական, ինչպես Թուրքիան է, և, հակառակը, ի ծնե կլինի հակաթուրքական, (2) Իրաքում, այժմ նաև՝ Սիրիայում, ստեղծվելիք քրդական ինքնավարության վարչական միավորների պաշտոնական ներկայացուցիչները շահագրգռություն են ցուցաբերում համագործակցել Հայաստանի հետ, ինչն արդեն իսկ ուղերձ է պարունակում, (3) քրդական պետության ստեղծումով ճեղքվում է պանթյուրքական շղթան, և ավելի մեծ անջրպետ կառաջանա Նախիջևանի տարածքով Թուրքիա-Ադրբեջան ցամաքային կապի համար, (4) վերջապես, քրդական պետության բանակի հզորությունն ու հարուցած սպառնալիքները համեմատելի չեն լինի թուրքական բանակի հետ, քանզի այն երկարաժամկետ կայացման խնդիր կունենա՝ ի տարբերություն Թուրքիայի ներկայիս կայացած բանակի:

«Ինչքան ՀՀ-ի շրջապատում մանր ու շատ պետություններ լինեն, որքան այդ պետություններն ունենան հակասություններ, այնքան ՀՀ անվտանգության միջավայրը հեշտ կառավարելի կլինի»,-ձևակերպեց Պապյանը: Ըստ նրա՝ Երևանը պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի զարգացումներին, քանի որ աշխարհն արագ է փոփոխվում, և արդեն իսկ Հայաստանի հարևանությամբ քրդական պետություն ստեղծելու նախադրյալներ և ծրագրեր կան:

Այդպիսով, ամփոփման մեջ Արա Պապյանն առաջարկեց գործակցել Հայաստանին սահմանակից Թուրքիայի և Ադրբեջանի պետականազուրկ համայնքների հետ, որոնք պայքարում են բռնատիրության դեմ՝ համոզմունք հայտնելով, որ դա մեծ հնարավորություններ է բացում ՀՀ անվտանգության շահերի իրացման դաշտում:

Քննարկման հարց ու պատասխան ձևաչափի ավարտից հետո ելույթ ունեցան կլոր սեղանի մյուս բանախոսները:

Արևելագետ Վարդան Ոսկանյանն իր ելությում նշեց, որ մեզ մոտ շատ հաճախ ճիշտ չեն դրվում խնդիրները: Ոսկանյանն անհրաժեշտ համարեց հստակ և ճիշտ ելակետի ընտրությունը, առաջին հերթին՝ հստակեցնել այդ սուբյեկտների համար գործածվող եզրաբանությունը՝ պետականազուրկ ժողովուրդնե՞ր, թե՞ հանրույթներ՝ մերժելով այդ խմբերի համար ազգային փոքրամասնություն եզրույթի օգտագործումը, ինչին համակարծիք էր նաև բանախոս  Արա Պապյանը: Ապա նա կարևորեց, որ նախևառաջ պետք է ճշտել, թե ինչ քանակությամբ պոտենցիալ դաշնակիցներ ունենք ադրբեջանական և թուրքական հասարակությունների մեջ` աշխատելով այդ հասարակությունների բոլոր խմբերի հետ` սկսած մի քանի հարյուր հոգուց բաղկացած հանրույթներից մինչև մի քանի միլիոնանոց ազգային փոքրամասնությունները:

Ընդ որում, Ոսկանյանի համոզմամբ, ամենևին կապ չունի, թե այդ հանրույթները և ժողովուրդներն ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ. բոլորի հետ պետք է համապատասխան աշխատանք տարվի, ինչը շեշտվել էր նաև Պապյանի գլխավոր զեկույցում: Ոսկանյանը նշեց, որ պետք է դիտարկել այդ երկրների հետ կապված բոլոր սցենարները, այդ թվում նաև` անհավանական թվացող: Այդուհանդերձ, Ոսկանյանը նկատեց, որ այդ խմբերի հետ սխալ աշխատելու փոխարեն ավելի լավ է չվնասել թե՛ նրանց, թե՛ ընդհանուր գործը. «Երբեմն ինչ-որ գործընթացի մեջ մտնելը պետք է բազմակողմանի ուսումնասիրել, որպեսզի մեր գործողություններով չվնասենք: Հետևաբար, այս պարագայում շատ ավելի նախընտրելի է տանկ գնելը, քան գործողությունների դիմելը, որոնց հետևանքներին մենք տեղյակ չենք»,-իր դիրքորոշումը ձևակերպեց Ոսկանյանը:

Նման դիրքորոշումը պաշտպանեց նաև «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության» ներկայացուցիչ Արմինե Ադիբեկյանը, ով առաջին հերթին կողմ է արված աշխատանքի սխալները վերհանելուն՝ դրանք չկրկնելու համար: Նա իր ելույթում նշեց, որ մենք երբեմն թալիշներին օգնելու փոխարեն ավելի ենք վնասում նրանց: Նրա կարծիքով` պետք չէ Հայաստանում գործող թալիշական հեռուստատեսությամբ անընդհատ զբաղվել թալիշ լիդերներից մեկի PR-ով, ինչն անվստահության մթնոլորտ է առաջացնում թալիշական հասարակության մյուս հատվածների մոտ:

Թերևս նման եզրահանգման Ադիբեկյանը եկել է՝ դիտակելով Ադրբեջանում ապրող էթնիկ խմբերի ներսում պառակտումը, երբ արտաքին քարոզչական ներգործությունը մի խմբին ավելի է մղում դեպի ավելի կարծր իշխանամետ դիրքորոշման, իսկ մյուս խմբին դարձնում է թիրախ Ադրբեջանի բռնապետական վարչակարգի համար: Նա առավել կողմ է ոչ հրապարակային դաշտում գործելուն և օգուտ չի տեսնում նրանից, երբ բնիկ հանրույթների ներկայացուցիչների հետապնդումների փաստն ընդամենը դառնում է միջազգային ու իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության հարց: Ադիբեկյանը կարծում է, որ այդ խմբերի աշխատանքի հիմնական բովանդակությունը պետք է լինի ոչ թե նրանց հայամետ դարձնելը (ինչը շատ առումներով բարդ է ու նույնիսկ անհնար), այլ օգնելը, որ նրանք գիտակցեն իրենց ինքնությունը: Վերջապես, Ադիբեկյանը համարում է, որ ներկայիս Ադրբեջանում առավել պայթյունավտանգ է ոչ այնքան ազգային ինքնության հողի վրա կոնֆլիկտը, այլ կրոնական կողի վրա շիա-սուննի հակադրությունը:

«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գևորգյանը ներկայացրեց իրենց 2,5 տարվա գործունեությունը` նշելով, որ փորձել են բարձրացնել թալիշների ազգային ինքնագիտակցության մակարդակը` չվնասելով Ադրբեջանում բնակվող թալիշներին: Նա նաև ընդգծեց, որ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանի գործունեության շնորհիվ իրենք նպաստել են թալիշների մոտ հայերի նկատմամբ բարենպաստ տրամադրություններ ձևավորվելուն: Այդուհանդերձ, նա համարում է, որ երկխոսության մեջ պետք է ճիշտ ընտրվի գործընկերը՝ խուսափելով սխալ շրջանակների հետ աշխատելուց:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում կարևորեց ոչ միայն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, այլև հենց բուն՝ դեռևս ձևավորման փուլում գտնվող ադրբեջանական ազգի հետ տարվող աշխատանքը: Մասնավորապես, նա ելակետ ընտրեց այն, որ ադրբեջանական ազգի կայացման գործընթացում մասնակցող սուբ-էթնոսներից որոշները սերտ արյունակցական և մշակութային ընդհանրություններ ունեն հայերի հետ, և դա լավ հենք կարող է հանդիսանալ ադրբեջանցիների այդ հատվածների մոտ հայերի հանդեպ բարիդրացիական, ոչ թշնամական վերաբերմունք ձևավորելու համար, ինչն ապագայում կարող է տարածվել նաև ադրբեջանական ամբողջ էթնոսի վրա՝ պայմաններ ստեղծելով երկու ժողովուրդների միջև ապագա խաղաղ գոյակցության համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին, ապա Հայաստանը պետք է միայն օգնի նրանց ինքնության և մշակույթի զարգացմանը` օգտագործելով նաև համացանցի և սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունները, բայց ոչ երբեք միջամտի նրանց քաղաքական դիրքորոշումների ձևավորման հարցում և տարբեր ներքին քաղաքական ուժերի, խմբավորումների, հոսանքների փոխհարաբերություններին:

Խուրշուդյանը նույնպես պաշտպանեց կովկասյան խմբի հետ աշխատելու անհրաժեշտությունը, ինչը մատնանշել էր Պապյանը, դրա հիմքերից մեկը համարելով նաև գենետիկական նշանակալի ընդհանրությունները հայերի ու չեչենների, լեզգիների ու այլոց միջև: Նա համարեց, որ դա ազգամիջյան և մշակութային կամուրջներ հաստատելու ոչ պակաս կարևոր հենք է՝ վերհիշելով, թե ինչպես խորհրդային ժամանակաշրջանում չեչենական պատմագիտության մի ճյուղ զարգացնում էր ուրարտական հենքով կովկասյան ժողովուրդների ու հայերի ընդհանրության դիսկուրսը, ինչն այժմ շարունակություն չի ստանում: Եվ, ընդհանրապես, Պապյանի մատնանշած երկու ուղղություններով էլ Խուրշուդյանը կարևորում է նաև դրական միֆերի ստեղծումը, որոնք  ոչ պակաս չափով են ունակ կառավարելու մեր անվտանգության միջավայրն ու այնտեղ փաստացի գործող թե՛ պետականազուրկ և թե՛ դոմինանտ դերակատարներին, նրանց հետ մեր հարաբերությունները:  Անհրաժեշտ է փոխել մեր վերաբերմունքը իսլամի հանդեպ, որը գերակշռում է մեր շրջապատում և աշխատել կրոնական փոխադարձ հանդուրժողականության ավելացման ուղղությամբ: Խուրշուդյանը համոզված է, որ պետականազուրկ հանրույթների հետ աշխատելու աղբյուրներ կարելի է գտնել՝ ոչ ամենևին ինչ-ինչ սպառազինություններ պակաս գնելու հաշվին, այլ՝ կոռուպցիան կրճատելու, բյուջեի արդյունավետ ծախսումների և տնտեսության արդյունավետությունն ավելացնելու պարագայում:

Աջից՝ Լաուրա Բաղդասարյանը, Արա Պապյանը. Ստեփան Սաֆարյանը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը խոշոր հաշվով հոռետես է, որ ներկայումս հնարավոր է Ադրբեջանում ապրող հանրույթների ու խմբերի հետ երկխոսել: Նա համոզված է, որ, եթե դա հնարավոր էր տասը տարի առաջ, ապա այժմ գրեթե անհնար է հարաբերվել բռնապետական ռեժիմի խստացման ու հետապնդումների պատճառով: Բաղդասարյանն առանցքային է համարում նախ հստակ նպատակների առաջադրումը, ինչպես նաև տեսլականի ուրվագծումը, թե ինչ կստանանք մենք այդ աշխատանքից:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ, չնայած Թուրքիայում ազգային փոքրամասնությունների և, հատկապես, քրդերի նկատմամբ իշխանությունների վարած խտրական և թշնամական քաղաքականությանը` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության մեջ կան շատ քուրդ պատգամավորներ, և դեռ վաղ է խոսել Թուրքիայի տարածքում քրդական պետության առաջացման մասին: Նա հնչեցրեց մի շարք մտահոգող հարցեր ՝ արդյո՞ք գիտենք, թե ինչքան են իշխող կուսակցության մեջ համակիր քրդերը պատմական Հայաստանի տարածքում, որքա՞ն են իշխող կուսակցության ֆրակցիայի անդամ քրդերը, ովքե՞ր են այդ տարածքում իշխող կուսակցության ներկայացուցիչները և տարածքային կազմակերպության ղեկավարները, և այդ համատեքստում որքա՞նն են աջակցում միասնական Քրդստան ստեղծելու պահանջին, և անկախ Քրդստանի դեպքում ինչպե՞ս է որոշվելու ադրբեջանցիների ճակատագիրը, ինչպե՞ս է լուծվելու ադրբեջանական գործոնը:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ նշեց, որ ՀՀ-ը պետություն է միջազգային հարաբերությունների համակարգում և ունի անվտանգության մասին իր պատկերացումները, մարտահրավերները, և այս իմաստով այս պետականազուրկ սուբյեկտների դերը չափազանցնել պետք չէ: Նա հնչեցրեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները կարևոր են պետականազուրկ հանրույթների հետ աշխատելու նպատակահարմարության տեսանկյունից՝ այն միջավայրը որտեղ գտնվում է ՀՀ-ը, փոփոխվո՞ւմ է, թե՞ ոչ, այդ փոփոխությունների ընկալումը մեր կողմից բավարա՞ր է, թե՞ ոչ, այդ փոփոխություններում այս սուբյեկտները որոշակի դեր ունե՞ն, թե՞ ոչ: Նրա հավաստմամբ՝ եթե հարցին մոտենանք քաղաքականության կամ քաղաքական դիսկուրսի տեսանկյունից, ապա ՀՀ-ը հարցի նկատմամբ պետք է ցուցաբերի բավականին կոնսերվատիվ մոտեցում, որովհետև, այնուամենայնիվ, գործ ունենք բավականին դժվար պետությունների հետ: Նրա կարծիքով՝ այն դիսկուրսը, որը դեռևս Հայաստանում ձևավորված չէ, կարիք ունի նախ դինամիզմի, ապա շատ մեծ ճկունության: Նա առավել ակտուալ է համարում Հայաստանին քաղաքականության սուբյեկտ պահելը, որպեսզի այն հետամտի իր քաղաքականությունը, այլ ոչ թե լինի ռուսական քաղաքականության ֆորպոստ, ինչի իմունիտետն ունենք, ընկալումը՝ ոչ:

Քննարկման ընթացքում ելույթներ ունեցան նաև ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը, քաղաքագետ Թորոս Ալեքսանյանը, փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետներ Աշոտ Եղիազարյանը և ուրիշներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter