HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի «թաքնված» թափոնակուտակիչը

Խորհրդային տարիներին Վանաձորի «Պրոմեթեյ» քիմիական գործարանի (այժմ` «Վանաձոր – Քիմպրոմ» ՓԲԸ) ամոնիակի արտադրության ընթացքում առաջացած թափոնները կուտակվում էին քաղաքի ծայրամասում կառուցված թափոնակուտակիչում:

1988-ի երկրաշարժից հետո գործարանը դադարեցրեց արտադրությունը, 23 տարի է՝ մոռացության է մատնվել նաեւ թափոնակուտակիչը: Այն տեղակայված է Վանաձորի 3-րդ մաս թաղամասի «Կոնգոյի» գերեզմանոցների վերեւի լեռնալանջերին հարող տարածքում: Վանաձորի Օրհուս կենտրոնի հետ համատեղ «Հետքը» որոշեց պարզել, թե ինչ վիճակում է թափոնակուտակիչը:

Թափոնակուտակիչի ջրամեկուսացման դրենաժային համակարգի խողովակների մեծ մասը չկար, իսկ դա նշանակում է, որ լեռներից հոսող ջրերը լցվում են թափոնակուտակիչ եւ, խառնվելով թունավոր նյութերին, արտահոսում: Կառույցը ցանկապատված չէ: Դրա վտանգավորության մասին զգուշացնող ցուցանակներ չկան:

Թափոնակուտակիչ ավազանից շուրջ 300 մ վերեւ կառուցված գոմերը հաստատում են, որ բնակիչները տարածքում անասնապահությամբ են զբաղվում: Վերջիններիս կովերն անարգել մուտք ունեն թափոնակուտակիչի տարածք: Գոմաղբը եւ կոյուղաջրերն ուղղակի թափվում են թափոնակուտակիչ ավազան:

Վանաձորի քաղաքապետարանում մեզ ասացին, որ իրենք տեղեկություններ չունեն թափոնակուտակիչի մասին եւ խորհուրդ տվեցին դիմել Լոռու մարզպետարանի բնապահպանության վարչություն: Այստեղ էլ ընդամենը տեղյակ էին թափոնակուտակիչի տեղակայման վայրի մասին եւ տեղեկություն ստանալու համար առաջարկեցին դիմել ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային վարչության պետ Հրաչյա Անտոնյանը, ով նույնպես տեղյակ չէր թափոնակուտակիչի վիճակից, ասաց. «Թող ձյունը հալվի, գնանք թափոնակուտակիչի վիճակը տեղում տեսնենք՝ ինչ կա, ինչ չկա, ինչ չափի ա ու նոր վտանգների մասին կխոսենք»:

Պրն Անտոնյանը, սակայն, հայտնեց, որ Վանաձորի «Պրոմեթեյ» քիմիական գործարանը խորհրդային տարիներին նույն տարածքում ունեցել է թափոններով գերբեռնված մեկ այլ թափոնակուտակիչ, որը ժամանակին ենթարկվել է ռեկուլտիվացիայի, իսկ 1988 թ. երկրաշարժից հետո վանաձորցիները ռեկուլտիվացված այդ թափոնակուտակիչի վրա ժամանակավոր տնակներ են դրել ու այգիներ տնկել: Մեր հարցումներից պարզվեց, որ պտղատու այգիների ծառերի պտուղների տոքսիկ տարրերի հետազոտություն երբեւէ չի կատարվել:

 Թափունակուտակիչի մասին որոշ տեղեկություններ հաջողվեց ստանալ «Վանաձոր – Քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի նոր տեխնոլոգիաների գծով տեղակալ Ֆեդոր Աբաջեւից:

Թափոնակուտակիչն այսօր «Քիմպրոմի» հաշվեկշռո՞ւմ է:

Այո, այն պատկանում է «Վանաձոր – Քիմպրոմին»: Առաջին հերթին ասեմ, որ այդ թափոնակուտակիչ ավազանը աշխատել է միայն այն ժամանակ, երբ մենք արտադրում էինք մելամին: Դա եղել է մինչեւ 1988 թ. երկրաշարժը: Դրանից հետո մելամին չի արտադրվել, այդ պատճառով էլ թափոնակուտակիչը չի օգտագործվել եւ հիմա փոքր-ինչ լքված վիճակում է: Հենց որ սկսենք արտադրել, այսինքն՝ երբ արտադրության հետեւանքով մեզ մոտ թափոններ լինեն, այդ ժամանակ, իհարկե, մենք կզբաղվենք թափոնակուտակիչի վերակառուցմամբ: Այսօրվա դրությամբ այդ ավազանում, որը թափոններով լցված է իր նախագծային տարողության ընդամենը 30%-ի չափով, քիմիական թափոնների ջրային մնացորդների գոլորշիացումից հետո մնում է կավամասը, որն էլ փաստացի հանդիսանում է այդ թափոնակուտակիչի տարողությունը:

Այս օրերին մենք թափոնակուտակիչի վտանգները կանխատեսելու համար բավականին հաճախակի թաղված նյութերի անալիզներ ենք անցկացնում: Անալիզների արդյունքներով ամեն ինչ դեռ նորմայի մեջ է: Ավելին, մենք անցկացրել ենք համեմատական անալիզներ թափոնակուտակիչից եւ ավազանից հոսող ջրերում, որոնք հետո գետակի միջոցով թափվում են գետը: Տարբերությունը նշանակալից է: Այսինքն՝ թափոնակուտակիչից հոսում է ավելի մաքուր ջուր, քան ավազանից: Դա բացատրվում է զուգարաններից եւ գոմերից ավազան լցվող մյուս թափոններով:

Թափոնակուտակիչի ջրահեռացման դրենաժային համակարգում խողովակների գրեթե մեծ մասը չկա, թափոնակուտակիչը շրջակա միջավայրից մեկուսացված չէ: Ինչո՞վ եք բացատրում նման վիճակը: Այնտեղ ռեկուլտիվացիա արվե՞լ է:

Պետք է շնորհակալություն ասել մեր ազգաբնակչությանը, որ նրանք վերցնում են այն ամենը, ինչ ընկած է ոտքերի տակ: Այսինքն՝ էլեմենտար ձեւով այնտեղից այդ խողովակները գողացել են: Ինչ վերաբերում է ռեկուլտիվացիային, թափոնակուտակիչի նախագծով ռեկուլտիվացիա չի նախատեսված: Ռեկուլտիվացիա նշանակում է գրունտների ավելացում, հողածածկում եւ այլն, որը նախատեսված չէ:

Այդ թափոնակուտակիչի իմաստն այն է, որ ինչ լցվում է այնտեղ, փակվում է: Վերջ: Սա նշանակում է՝ թափոնը լցնելուց հետո այն ծածկել, մինչեւ թափոնակուտակիչը լցվի ամբողջությամբ` իր 100% տարողությամբ: Առայժմ այդտեղ լցված է 30% տարողություն: Իսկ եթե մենք սկսենք աշխատել եւ արտադրել, այդ թափոնակուտակիչը մեզ կբավականացնի դեռ 20 տարի:

Դուք թափոնակուտակիչում չե՞ք նախատեսում վերակառուցման աշխատանքներ:

Որպեսզի մենք խոսենք թափոնակուտակիչի ամբողջական վերակառուցման նախագծի մասին, անհրաժեշտ կլինեն կապիտալ շատ խոշոր ներդրումներ: Այսօրվա դրությամբ մեր կոմբինատը գործնականում գրեթե չի աշխատում, իսկ մենք ի վիճակի չենք ֆինանսական միջոցներ գտնել:

Քիմիական ի՞նչ նյութեր են լցված թափոնակուտակիչի մեջ, եւ որպես մասնագետ` ի՞նչ վտանգներ եք տեսնում:

Այնտեղ վտանգներ չեմ տեսնում: Նախ՝ ինչ են այնտեղ լցնում: Լցվում են հիմնականում ազոտ եւ ազոտական հեղուկ միացություններ: Ազոտը մեր կողմից կօգտագործվի որպես միայն պարարտանյութ: Թափոնակուտակիչում բնապահպանական, առավել եւս կատաստրոֆիկ վթարային վտանգներ չեն կարող լինել:

Ասում եք՝ վտանգներ չկան, բայց մի քանի րոպե թափոնակուտակիչի մոտ կանգնելուց հետո մենք սկսեցինք ուժեղ գլխացավ եւ գլխապտույտ ունենալ:

Գիտեք, հնարավոր է Ձեր գլխացավին նպաստել է բարձրությունը, ես ասացի, որ այնտեղ 20 տարուց ավելի թափոններ չեն լցվել, հիմա այնտեղ ամեն ինչ հանգած է, բայց կարող է գլխացավ առաջանալ նաեւ ազոտի գոլորշիացումից: Թափոնակուտակիչի հիմնական պարունակությունը ազոտ եւ ազոտական միացություններ են:

Թափոնակուտակիչի հարեւանությամբ գտնվող տարածքներում բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Չե՞ք կարծում, որ ոչ այնքան հեռվում գտնվող գոմերի անասունները կարող են ազատ ելումուտ անել եւ արածել բաց թափոնակուտակիչի տարածքում:

Այնտեղ անասուններն ազատ մտնում են ներս: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կովը ընկել է թափոնակուտակիչ, նրան միանգամից չեն հանել, կտրուկ բարձրացել է ամոնիակի թափոնը, կովն անմիջապես սատկել է եւ առաջացել է կովի արագ նեխման պրոցես:

Դուք նույնիսկ ի վիճակի չե՞ք թափոնակուտակիչը մեկուսացնելու համար ցանկապատել:

Դեռ ոչ:

Մեր տեղեկություններով՝ այդ տարածքում եղել է մեկ այլ ռեկուլտիվացված թափոնակուտակիչ, որի վրա երկրաշարժից հետո բնակիչները տնակներ են տեղադրել եւ այգիներ տնկել: Տեղյա՞կ եք այդ մասին:

Ես այդ մասին տեղյակ չեմ, գուցե այդ ժամանակ ես այստեղ չեմ աշխատել:

Եթե դուք համարում եք, որ այս պահի դրությամբ թափոնակուտակիչը վտանգավոր չէ, ինչո՞ւ եք կարեւորում նրա կապիտալ վերակառուցումը:

Նախ՝ անհրաժեշտ է դրենաժային այդ խողովակները վերականգնել, հարկավոր է շրջափակել եւ փակել թափոնակուտակիչի ամբարտակը, որպեսզի հետագայում այնտեղ, երբ մենք թափոններ լցնենք, ճեղքեր չառաջանան, եւ թափոնները չհոսեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter