ՈՉ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին
Լիլիթ Թադևոսյան
Այսօր Ազատության հրապարակում, չնայած անընդհատ տեղացող անձրևին, «ՈՉ»-ի ճակատը կազմակերպել էր հանրահավաք, որի ժամանակ ելույթ ունեցան «ՈՉ»-ի ճակատում ընգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանն իր ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանը փոխում է Սահմանադրությունը` Հայաստանում հաստատելու համար հենց հակասահմանադրական կարգ, և սա է ամբողջ փոփոխությունների իմաստը:
Այնուհետև «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանն իր վերարտադրության նպատակով ուզում է ծուղակը գցել ժողովրդին և նոր Սահմանադրության միջոցով կայունացնել ու վերջնականորեն ամրագրել այս տարիների ընթացքում ձևավորված միակուսակցական քրեապետության ռեժիմը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր ելույթում ասաց, որ մինչև հիմա իշխանությունը փոքրիշատե փորձում էր ձևականորեն գոնե պահել ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործման մեխանիզմները, բայց հիմա դա էլ իրեն թույլ չի տալիս, որովհետև իրենք ևս իրենց մեջ խնդիր ունեն:
«Իրենք ևս հասկանում են, թե ինչ ծանր իրավիճակի են հասցրել երկիրը, ուստի դա է պատճառը, որ գնում են նմանատիպ այլևս բացահայտ քայլերի: Մենք «Չեք անցկացնիի» երիտասարդների հետ, մեր երիտասարդ գործընկերների հետ համատեղ աշխատում ենք, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» իրար հետ աշխատում են, որպեսզի հանձնաժողովներում հնարավորինս կարողանանք ապահովել ընդդիմադիր ներկայությունը: Բայց, ցավոք սրտի, բազմաթիվ մեխանիզմներ, որոնք գումարվել են մինչև հիմա և ապահովել են իրենց ընտրակեղծարարության մեքենան, նաև գումարվել է մեկը, դրա համար ես, իհարկե, ամեն ջանք գործադրելու եմ, որպեսզի մեր տեղամասերում հնարավորինս ապահովված լինի, բայց ինչպես ասում էր Լևոն Զուրաբյանը երեկ Ազգային ժողովում` 4000 ռեմբո գտնելը մի փոքր դժվար է: Դրա համար մենք կարծում ենք, որ միասին պետք է միասնական գործողություններ սկսենք դեկտեմբերի 1-ից: Դեկտեմբերի 1-ից սկսելը չի նշանակում, որ մենք միայն դեկտեմբերի 1-ին ենք պատկերացնում, դեկտեմբերի 1-ից սկսում ենք և գնում ենք այնքան ժամանակ, մինչև տեղի ունենա իշխանափոխության գործընթացը : Դա կարող է ներառել նաև ամսի 6-ը: Դա կարող է 6-ից հետո տեղի ունենալ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ աշխարհում բոլոր տեղերում մի օրով իշխանափոխություն չի եղել, ոչ էլ նույնիսկ 2 տասնամյակի ընթացքում, մարդիկ դարերով են պայքարել իրենց ազատության համար, բայց մեզ հնարավորություն է ընձեռվել, որ մենք այս անգամ ավելի կարճ ժամանակահատվածում այդ ազատությունը վերագտնենք:
«Ինչպես 1988-ին միասնական ելանք պայքարի, այս անգամ էլ եթե մենք կարողանանք փոքրիշատե միասնականություն ապահովել, միանշանակ հաջողելու ենք: Մի՛ նայեք ուժային կառույցներին, իրենք մեր քաղաքացիներն են, մեր կենսակերպով են ապրում, իրենք մեր կողքին են լինելու: Ընդամենը մեզանից մեկ բան է պահանջվում՝ վստահություն մեր ուժերի նկատմամբ և այդ դեպքում իսկապես ո՛չ հանցավոր ռեժիմին, ո՛չ նոր Սահմանադրությանը»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
Իսկ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, որ Սահմանադրության փոփոխություն չկա, դա մոգոնել են իշխանության վերարտադրման համար:
«Կազմակերպչական առումով, իսկապես, շատ մեծ ու ծանր գործ կա անելու, որը ես տեսնում եմ, մի քանի անգամ անցած ամսվա ընթացքում խոսել եմ, հարկավոր է, որ կազմակերպվի իսկապես Սերժ Սարգսյանի սահմանադրական մուտիլովկայի ձախողման հանձնախումբ, շտաբ, համազգային վերահսկման մարմին, եթե կուզեք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
ՀԺԿ անդամ Ստեփան Մինասյանն էլ իր ելույթում ասաց, որ զավեշտը հասնում է այնտեղ, որ այս իշխանությունները այս սահմանադրական փոփոխությունները բացատրելու համար հայեցակարգ են մշակել և այդ հայեցակարգում ասում են, որ քանի որ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը տարիներ շարունակ չի գործել, նաև դա է պատճառը, որ ցանկանում են փոփոխել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ իրենք բոլորը հավաքվել են այստեղ շատ պարզ պատճառով` հարկավոր է ամեն ինչ անել՝ Սերժ Սարգսյանից պրծնել:
«Ուրեմն, դեկտեմբերի վեցին կա հնարավորություն, որպեսզի մենք ոչ ասենք, ազգովի կանգնենք ասենք` դու էլ, քո Սահմանադրությունն էլ, մեզ պետք չեք: Սա է պարզ ճշմարտությունը և երկար համոզելու, բացատրելու կարիք չկա: Ուր որ եղել ենք, ժողովուրդը շատ լավ է հասկանում, շատ լավ գիտի` ինչ է տեղի ունենում: Բոլորը գիտեն, որ այստեղ Սահմանադրության խնդիր չկա, այստեղ իրավական խնդիր չկա: Կամ սրան կողմ ես, կամ սրան դեմ ես: Հիմա մյուսը` էդ խնդիրը անելու համար Սերժ Սարգսյանը ՆԳՆ- ով, ԿԳԲ-ով, ձեզանիից շատ լավ գիտի, որ Հայաստանում չկա մարդ, որ իրեն աջակցի: Հո մերոնք գիժ չեն, հո խելառ չեն, հո խելապակաս չեն, որ գան էս ձևի, էս ռեժիմին աջակցեն: Բոլորն էլ գիտեն, որ ինքը միացնելու է կեղծիքի ռեժիմը: Երեկվա օրենքի քննարկումը, պարզ չէ՞, հինգ հարյուր հազար քարտ են բերել, որ առանց գրանցելու ուզում են քվեարկել, ինքը ուրիշ ճանապարհ կարծում եք ունի՞: Ինքը չի՞ հասկանում, որ որևէ գյուղում, որևէ հիմնարկում, որևէ դպրոցում Սերժ Սարգսյանին աջակցող չկա: Ամբողջ աշխարհը գիտի, ինքը գիտի, բոլորը գիտեն: Բայց որպեսզի էդ անհամաձայնությունը ինքը դարձնի համաձայնություն, կեղծելու է: Ուրեմն սա շատ լավ հնարավորություն է ժողովրդի հաղթական, միասնական կամքը ցույց տալ և Սերժ Սարգսյանից ազատվել»,- ասաց Արամ Մանուկյանը:
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ ամբողջովին համաձայն է Արամ Մանուկյնաի հետ, որ ՀՀ-ում գրեթե քաղաքացի չկա, որ այո է ասելու:
«Նույնիսկ այն մարդկանց, ում բռնաճնշումների միջոցով տանելու են ընտրատեղամաս, այդ մարդիկ ոչ են քվեարկելու»,- ասաց Արմեն Գրիգորյանը:
Վերջում ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ դեկտեմբերի վեցին նշանակված է սահմանադրական հանրաքվե, որի նպատակը բոլորին արդեն պարզ է` Սերժ Սարգսյանն ընդամենը ուզում է երկարացնել իր իշխանությունը:
Զուրաբյանը նաև ասաց, որ կա մեկ հարց, որի պատասխանը մարդիկ ուզում են ստանալ` արդյոք իրենք կկարողանան դեկտեմբերի 6-ին հասնել հաղթանակի: Ինչպես պնդում են բազմաթիվ թերահավատներ և արադարացիորեն պնդում են, որ Հայաստանում կառուցված է կեղծարար մի մեքենա, որը ապահովում է իշխանության հաղթանակը ցանկացած ընտրությունում և ցանկացած հանրաքվեի ժամանակ, այդ նույն թերահավատներն ասում են, որ պայքարն իմաստ չունի:
«Նման բան ասողները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ ՀՀ-ում տեղծվել է նոր իրավիճակ, նրանք չեն հասկանում, թե ինչպիսի բարդ խնդրի առաջ է կանգնած Սերժ Սարգսյանի ռեժիմը, նրանց թվում է, թե այո-ի թիմը շատ մեծ է, և առաջին հայացքից իսկապես թվում է, թե շատ մեծ է: Այնտեղ է Սերժ Սարգսյանն իր հանրապետական թիմով, այնտեղ են այն քաղաքական ուժերը, ովքեր արդեն պայմանավորվել են, որ հանրաքվեի ժամանակ այո-ն պաշտպանելու դիմաց նույն ընտրակեղծարարների ձեռքով նրանք կստանան ինչ-որ մի տոկոս՝ հաղթահարելով 2017 թվականին ԱԺ ընտրությունների ժամանակ 5 տոկոսանոց շեմը: Այստեղ են նաև նրանք, ովքեր ձևականորեն ոչ ասելով նոր Սահանադրությանը` ժողովրդին համոզում են, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարն անիմաստ է, և իրենց միակ առաքելությունն են համարում ժողովրդի մեջ հուսահատություն, թերահավատություն տարածելով՝ օգնել իշխանությանը, կոտրել ժողովրդի դիմադրությունը: Եվ ահա թվում է, թե Սերժ Սարգսյանի այո-ի ճամբարը բավականին մեծ է, իրականությունը, սակայն, լրիվ այլ է»,- ասաց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ հենց ռեժիմի ներսում կա լրջագույն պրոբլեմ: Զուրաբյանի խոսքերով՝ իշխանություները հասկանում են, որ այս ամենը Սերժ Սարգսյանն անում է իր անձնական իշխանության ամրապնդման համար և չունեն նրան օգնելու որևէ շահագրգռվածություն»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Հաջոր հանրահավաքը տեղի կունենա նոյեմեբերի 20-ին:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
[gallery id=526]
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել