
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկում՝ Սևանում
Արփինե Մինասյան
Սահմանադարական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հոկտեմբերի 30-ին Սեւանում անցկացված հանրային քննարկմանը ներկա էր 20 մարդ:
Բանախոսները սահմանադրական փոփոխությունների եւ առաջիկա հանրաքվեի վերաբերյալ ներկայացրին իրենց դիտարկումները:
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այն համոզմանն է, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա: Ըստ նրա` գործող սահմանադրության որոշ դրույթներ այդպես էլ կիրառություն չստացան, հետեւաբար օբյեկտիվ դիտարկում չկար դրա փոփոխման վերաբերյալ:
«Ես որեւէ իրավական հիմք չեմ տեսնում այն փոխելու համար, որովհետեւ այս սահմանադրությունը երբեք չառաջացրեց կառավարման ճգնաժամեր: Ինչ վերաբերում է դրա գործարկմանը, կառավարողների կամքի խնդիրն էր` ինչպես պետք է այդ նորմերն աշխատեին: Նաեւ փաստարկված հիմնավորումներ չբերվեցին, թե ինչքանով անհրաժեշտություն կար այն փոխելու: Խրախուսելի չէ երկրի մայր օրենքը 10 տարին մեկ փոխել, այն համապատասխանեցնել ինչ-որ ուժերի, կուսակցության շահերին»,-տեսակետ հայտնեց իրավապաշտպանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով`սահմանադրական փոփոխությունները երկրում ոչ միայն առաջընթաց չեն ապահովի, այլ նաեւ խորը ճգնաժամ կառաջացնեն:
Վերջիններիս դիտարկմամբ` երկրի մայր օրենքում մոտ 250 լրացում եւ փոփոխություն կա, որը տանում է ընտրական գործընթացներին հանրության մասնակցության նվազեցմանը: Մարդիկ այլեւս երկրի նախագահ, պատգամավոր չեն ընտրի: Հայաստանի նախագահին կընտրի Ազգային ժողովը: Նույն պատկերն է լինելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորելիս: Նախագծի 181 հոդվածի համաձայն` ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Իսկ ինչպիսի փոփոխություն կաող է լինել ընտրական օրենսգրքում, բանախոսները տարակուսանք հայտնեցին` միայն նշելով, որ համայնքի ղեկավարներն էլ գուցե նշանակովի լինեն: Սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում ժողովրդավարության տարրերը բացակայում են:
«Ոչ»-ի կողմնակից գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ եթե սահմանադրական փոփոխությունն անցնի, նոր խնդիրներ են ի հայտ գալու: Մարդիկ պիտի կողմնորոշվեն կուսակցությունների ընտրության առումով, որը երկրում ստեղծված մենաշնորհը կջարդի:
«Հայաստանում կուսակցություններն այսօր լավ ավանդույթներ չունեն: Աշոտ Նավասարդյանից հետո ՀՀԿ-ն դարձել է պատեհապաշտ մարդկանց հավաքածու, մյուս կուսակցությունների դերը փոքրացել է»,-ասաց Վ․Մարտիրոսյանը:
Ա․Սաքունցի խոսքով` անգամ դատական իշխանության երաշխիքներն ապահովված չեն, որովհետեւ նոր նախագծով Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրելու է ԱԺ-ն:
«Ամեն ինչ պտտվելու է այդ կայուն մեծամասնության շուրջ: Նոր նախագծով նախատեսված է ընդամենը մեկ ընտրություն` Ազգային ժողովի: Մենք ընդամենը արձանագրում ենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետից առաջ փոխվում է Սահմանադրությունը եւ նախագահական ընտրություններ չեն լինելու, ուրիշ այլ նպատակ չենք տեսնում, որ դրված լինի այս փոփոխությունների հիմքում»,-ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Ներկաները եւս իրենց մտահոգությունները հայտնեցին սահմանադրական փոփոխությունների շուրջ: Նրանց հետաքրքրում էր, թե ինչ է տեղի ունենալու հանրաքվեից` դեկտեմբերի 6-ից հետո: Բանախոսները նշեցին, որ հանրաքվեից հետո կյանքը չի վերջանա, նոր իրավիճակ կստեղծվի երկրում: Սահմանադրական փոփոխությունները, որոնք, ըստ նրանց, իշխանության շարունակականության համար են, ճգնաժամ են առաջացնելու, որոշ ժամանակով տանելու են փակուղի:
Հերիքնազ Տիգրանյանի դիտարկմամբ` մայր օրենքի փոփոխությունը կհանգեցնի օրենսդարական ամբողջական դաշտի վերանայմանը:
«Սա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո ունենալու ենք օրենսդրական վակում, մինչեւ կկարողանանք այդ խառնաշփոթի մեջ ե’ւ միջազգային պայմանագրերի համապատասխանությունը, ե’ւ ընթացիկ օրենքների սահմանադրության համապատասխանությունը ստուգել: Իրավական դաշտում անարոշություն կտիրի»,-ասաց նա:
Մարզային քննարկումները նախաձեռնել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի օժանդակությամբ:
Մեկնաբանել