
Գագիկ Խաչատրյան. «Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում խոշոր խախտումներ չեն հայտնաբերվել»
Լիլիթ Թադևոսյան
Այսօր ԱԺ-ում 2016թ. բյուջեի քննարկման ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ԲՀԿ- նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Գագիկ Խաչատրյանն ասաց, որ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են, և առանձնակի մեծ չափերի խախտումներ չեն հայտնաբերվել, մնացել է ստուգել «Արարատի ցեմենտի գործարանը»:
Հարցին, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ սուտ տեղեկութուններ է տվել, և հիմա խախտումներ չեն արձանագրվել, քանի որ քաղաքական համերաշխություն է հաստատվել, նախարարը պատասխանեց, որ միայն ստուգումներ անելու հանձնարարական է եղել:
«Սերժ Սարգսյանը չի արձանագրել, այլ ասել է՝ պետք է ճշտել, և մենք համապատասխան հանձնարարություն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել, ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմինները քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- ասաց նախարարը:
Խոսելով կոռուպցիայի մասին՝ ֆինանսների նախարարն ասաց. «Մենք այսօր պատերազմող երկիր ենք, դժվար խնդիրներ կան, նաեւ կոռուպցիան: Բայց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում փոփոխություններ կան»:
Այն հարցին, թե ինչպես են Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ներգրավված անձինք պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե հենց իրենք են կոռումպացված, նախարարը պատասխանեց. «Իհարկե, կարող են հնչել նման հարցադրումներ, հիմա դուք նայեք՝ ով է պայքարում, ով՝ ոչ»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել