HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճեմարանի ընդունելության կարգը և չափանիշները

(«Հոգևոր ճեմարանի առաքելությունը» շարքից)

Սկիզբը

Աշխարհի որևէ կրթական հաստատություն մուտք գործելու համար հարկավոր է բավարարել գործող ընդունելության կարգը և հանձնել համապատասխան քննություններ: Հոգևոր կրթական հաստատությունները, այդ իմաստով, ունեն որոշակի առանձնահատկություն, ինչը պայմանավորված է այդ հաստատությունների առաքելությամբ և նկարագրով: Տարբեր հոգևոր դպրանոցներ ունեն իրենց ընդունելության չափանիշները, որոնք հիմնականում նման են իրար: Տարբերությունն այն է, որ ընդունելության տարիքը մի տեղ կարող է լինել 18 տարեկանը, իսկ մեկ ուրիշ տեղ` 12 տարեկանը: Վերջինս պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշ դպրեվանքերում, ինչպես նշում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բիքֆայայի դպրեվանքի տեսուչ Հ. Թորգոմ վարդապետ Տոնոյանը, «ուսումնական շրջանը երկու բաժիններ ունի. առաջինը ժառանգավորաց բաժինն է, որտեղ ուսանողները սովորում են գիտական, լեզվական նյութեր, հայոց պատմություն եւ Հայաստանի աշխարհագրություն: Երկրորդ բաժինը կոչվում է ընծայարան, որտեղ դպրեվանքի ուսանողները սովորում են աստվածաբանական նյութեր, անցնում են հայերենագիտական, պատմական դասընթացներ, սովորում են հասարակագիտական-եկեղեցագիտական նյութեր և 22-ից 25 առարկաներ են սովորում այդ բաժնում»: Ուսումնական երկշերտ կառուցվածք ունի նաև Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանն ու Ընծայարանը:

Ինչ խոսք, չափազանց դժվար է վաղ տարիքում կտրվել ընտանեկան գուրգուրանքից, որոշ դեպքերում` անցնելով հազարավոր կիլոմետրեր` մեկնել արտերկիր` հոգևոր կրթություն ստանալու նպատակով: Տեղաբնակների համար ևս դյուրին չէ ընտանիքից հեռու նոր միջավայրում կրոնական ուսում ունենալ: Դեռահասության շրջանում պատանին դեռ պատրաստ չէ շրջապատի նման շեշտակի փոխոխության: Իրականության նկատմամբ ունեցած աղոտ պատկերացումները, հոգևոր անկայունությունը, կյանքի փորձի պակասը, անձի կազմավորման թերհասությունը հաճախ ստիպում են ինքնահաստատման շեմին գտնվող տղաներին չհարմարվել ճեմարանի նիստուկացին, ովքեր հետագայում կանգնում եմ հոգեբանական լուրջ բարդոյթների առաջ` իրենցում զգալով կոտրվածություն, ճնշվածություն և հիասթափություն:

Ճիշտ կլիներ, որ ապագա դիմորդները լավապես տեղեկացված լինեին ճեմարանի առօրյայից, ուսման մակարդակից, հոգևոր ուղղվածությունից, որպեսզի առիթ չունենան կանգնելու փաստի առաջ` կա՛մ ինքնակամ հեռանալու, կա՛մ շարունակելու իրենց կամքին հակառակ: Երկու դեպքում էլ այն թողնելու է իր հետևանքները: Խոսքն այն ուսանողների մասին է, ովքեր ճեմարան են ընդունվել կոչումով, գիտակցությամբ և վճռականությամբ: Իսկ ովքեր ճեմարանը դիտում են «եկամտաբեր» ասպարեզ, առանց հոգսի ձրի կրթություն ձեռք բերելու հնարավորություն, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, այդպիսինների համար շատ նպաստավոր է «պղտոր ջրում լողալը», մանավանդ եթե վարժված են մակաբույծ կյանքին:

Ճեմարանի ընդունելության համար, սովորաբար, պահանջվում է հանձնել քննություններ հայոց լեզու  (գրավոր, հարցարան), հայ գրականություն (բանավոր), հայոց պատմություն (բանավոր), օտար լեզու (անգլերեն` ստուգարք) և երաժշտություն (երգեցողություն, լսողական ընդունակություն, ռիթմի զգացողություն) առարկաներից: Ուրախալի է, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի տեսչության տարիներին վերականգնվեցին երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի ժամանակներից ձևավորված ճանաչողական բնույթի զրույցները, որոնք ծավալվում են հետևյալ թեմաների շուրջ` Սուրբ Գրքի իմացություն, Հայ եկեղեցու պատմության մասին գիտելիքներ, եկեղեցական փորձառություն, ինքնաարտահայտվելու կարողություն:

Ճեմարան կարող են ընդունվել  Հայաստանի և այլ երկրների մինչև 21 տարեկան հայազգի քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն և Հայ եկեղեցու զավակ են: Ընդունելության ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել դիմում` ճեմարանի տեսչի անունով, միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական, բնութագիր` դպրոցի տնօրենից, զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը), բժշկական վավերացման տեղեկանք (086 ձև), երկու լուսանկար`  3x4 չափի, անձնագրի պատճեն, ինքնակենսագրություն, երաշխավորագիր` թեմի առաջնորդից կամ շրջանի հոգևոր հովվից, տեղեկանք բնակավայրից և մկրտության վկայական:

Այստեղ ուզում ենք կենտրոնանալ եկեղեցական փորձառության վրա, որի շուրջ զրույց է ծավալվում ճեմարանի դիմորդի հետ: Գաղտնիք չէ, որ հետխորհրդային կամ, այսպես կոչված, անկախության շրջանի սերունդը առանձնապես չի փայլում իր քրիստոնեական դաստիարակությամբ: Եթե հաշվի առնենք, որ հանրակրթական դպրոցներում ևս աճող երիտասարդությանը չեն ավանդվում բարեկրթության, մարդկային փոխհարաբերություններում վարվեցողության և հոգևոր արժեհամակարգի ծանոթության անհրաժեշտ դասեր, ապա ընդհանուր պատկերն ավելի քան հստակ է լինում: Ընտանիքներում մեծ մասամբ տիրում է նույն անհավատ մթնոլորտը, ինչի արդյունքում պատանիների մի ստվար զանգված շարունակում է հեռու մնալ քրիստոնեական արժեքներից:

Բնականաբար, այսպիսի միջավայրում մեծացող տղաները եկեղեցական փորձառությունից գաղափար անգամ չեն կարող կազմել: Դիմորդների դեպքում եկեղեցական փորձառությունը ենթադրում է, որ նրանք պետք է առնվազն շապիկ հագնեն եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ` տեղի հոգևորականի արտոնությամբ, որպեսզի իրենց մասնակցությունը բերեն ամենօրյա ժամերգություններին և կիրակնօրյա Սուրբ Պատարագի խորհրդին: Հարկ եղած դեպքում` քահանան նրանց կարող է ներգրավել նաև մյուս ծիսակատարություններում` առիթ տալով հմտանալու եկեղեցական երաժշտության, ծեսի և հովվական ծառայության մեջ: Ենթադրվում է, որ ճեմարանի ընդունելության ժամանակ դիմորդը պետք է անցած լինի այս ճանապարհով, որպեսզի թեմի առաջնորդը կամ շրջանի հոգևոր հովիվը կարողանա երաշխավորագիր տրամադրել ճեմարան մուտք գործելու համար:

Եկեղեցական փորձառությունը, սակայն, միանշանակ չի կարելի պահանջել ճեմարանի բոլոր դիմորդներից: Վստահաբար, կլինեն անձեր, ովքեր նախքան ճեմարան դիմելը ունեցած չեն լինի եկեղեցական փորձառություն, բայց կունենան եկեղեցական կոչում: Քրիստոսի առաքյալները պարզ ձկնորսներ էին, չունեին կրոնական գիտելիքներ կամ եկեղեցական փորձառություն, բայց ունեցան ավետարանչության կոչում և անվերապահորեն հետևեցին Հիսուսի ձայնին. «Ով իր հորը և կամ մորը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։
Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ (Մատթ. 10:37-38)… Ով որ ամոթ համարի ինձ և իմ խոսքերը այս շնացող և մեղավոր ազգի մեջ, մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով (Մարկ. 8:38)»: 

Երբեմն պատահում է նաև հակառակը: Այն տղաները, ովքեր նախքան ճեմարան ընդունվելը որևէ եկեղեցում շապիկ են հագել, այլ խոսքով` ունեն, այսպես ասած, եկեղեցական փորձառություն, ավելի շփացած և անլուրջ են լինում` հենց տեղի հոգևորականի թողտվությամբ և մեղքով: Էլ չեմ խոսում այն եզակի դեպքերի մասին, երբ ճեմարանի դիմորդ է եղել քահանայի որդի, սակայն բնավ չի զգացրել, որ ինքը ծնվել և մեծացել է քահանայի ընտանիքում: Հայտնի են դեպքեր, երբ ճեմարան ընդունվելուց քիչ տարիներ անց հիշյալ կրթօջախից հեռացվող սաների թվում եղել են նաև քահանաների զավակներ: Սա ևս մեկ անգամ վկայում է «ծանոթ»-ով ճեմարան ընդունվելու վնասակարության մասին: Մյուս կողմից, եթե ճեմարանի սաների թվում կգտնվեն նաև քահանաների որդիներ, ապա առավել ևս պետք է պարկեշտ և վայելուչ դրսևորեն իրենց` օրինակ լինելով մյուսներին և բարձր պահելով իրենց քահանա հայրերի պատիվը:

Անկախ ճեմարանի դիմորդների ով լինելուց, անկախ նրանց սոցիալական վիճակից, հետապնդած նախասիրություններից և նրանց հետ ունեցած ազգակցական-մտերմական կապերից` ճեմարան կարող են մուտք գործել բացառապես արժանավորները` համաձայն ընդունելության քննությունների ժամանակ իրենց ցուցաբերած գիտելիքների, անձի բարոյական նկարագրի որակական հատկանիշների և եկեղեցական սպասավորության համար առթած կոչման: Քննական հանձնախումբը, առանց աչառության և խղճահարության, հարկ է առավելագույն խոհեմություն և զգոնություն դրսևորի` ճակատագրական սխալներից խուսափելու համար: Այս պարագայում, դիմորդի ձայնային տվյալների վրա կարիք չկա սևեռվելու: Ճեմարանի դիմորդը կարող է չունենալ երաժշտական փայլուն ընդունակություններ, լսողությունը նվազ լինի, ձայնը հղկված չլինի, սակայն ունենա եկեղեցականի համար անհրաժեշտ այլ ձիրքեր և մտավոր ունակություններ, նկարագրի բարձր ցուցանիշ, անկեղծ հավատք ու նվիրվածություն, որին անպայմանորեն պետք է ընդառաջել:

Քիչ է պատահում, որ դիմորդը պատահաբար ընդունվի ճեմարան և ուսումնառության ընթացքում դեպի լավը փոխվի: Սա կարելի կլիներ, եթե ճեմարանի ուսանողների հետ հետևողականորեն աշխատանք տարվեր` նրանց հոգևոր դաստիարակություն տալով: Տեսչական կազմի և ոչ մի անդամ, ներառյալ վերակացուները, չեն կարող այնքան վստահություն շահել ուսանողների մոտ, որ նրանք բացեն իրենց սիրտը և թույլ տան, որ դիմացի պատասխանատու անձը ուղղության հրավիրի իրենց, մանավանդ որ պատասխանատուները հիմնականում իրենք էլ կարիք ունեն հոգևոր պատրաստության ու հասունության: Անընդհատ վախեցնելով և սովորույթի ուժով պատժելով ևս խնդիրները ոչ միայն մնում են առկախ, այլև գնալով բարդանում և վերածվում են «գորդյան հանգույցի»:

Եթե ճեմարանում իսկապես ապահովվի հոգևոր մթնոլորտ, ապա նույնիսկ այն ուսանողները, որոնք պատահաբար, առանց «եկեղեցական փորձառության» են ընդունվել` ավելի շատ վարժված լինելով «դրսի» կյանքին ու փողոցային բարքերին, ապա ճեմարանում տեսնելով հոգևոր կյանք ու եղբայրական օգնություն` մեծ հավանականությամբ իրենք նույնպես դարձի կգան, և չի բացառվում, որ ապագային մինչև անգամ լավ հոգևորականներ լինեն: Ընդհակառակը` աշխարհիկ մթնոլորտի առկայության դեպքում մնացյալ սաները, որոնք կոչումով և գիտակցությամբ էին ընդունվել ճեմարան, աստիճանաբար հոգեզրկվում և կերպարանափոխվում են, իսկ առավել սկզբունքային ու հաստատակամ նկարագրով ուսանողները, չհանդուրժելով շրջապատի գաղջ մթնոլորտը, զանազան պատրվակներով ինքնակամորեն լքում են ճեմարանականի շարքերը:

Ճեմարանականների հոգևոր կրթության ապահովման տեսակետից դիմորդներին և ուսանողներին մեծապես հանձնարարելի է Ալֆոնսո դե Լիգուորիի հեղինակած և Մխիթարյան միաբանության հայրերից Սահակ վարդապետ Ճեմճեմյանի հայացրած «Նորընծային հոգեւոր գիրքը» ձեռնարկը, որը գրված է հայրական սիրով և ծնողական հոգատարությամբ` տպագրված 1992 թվականին Վենետիկի Սբ. Ղազար հայոց կղզում: Սրա կողքին հոգեշահ կլինի ընթերցել Խորեն պատրիարք Աշըգյանի «Կենցաղ եկեղեցականաց» և Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարան» գրքերը: Իրենցից մեծ արժեք են ներկայացնում նաև Սբ. Ներսես Շնորհալի կաթողիկոսի «Թուղթ ընհանրական», ինչպես նաև Վարդան վարդապետ Այգեկցու «Խրատ քահանաներին և ամբողջ ժողովրդին» երկասիրությունները:

Լիահույս ենք, որ տարեցտարի պիտի բարեկարգվի ճեմարանը` իր ներքին և արտաքին կողմերով, որոնց վառ ապացույցը կլինի այնքա՜ն սպասված ճշմարիտ հոգևորականների հունձքը, որոնք արժանապես կլինեն «մշակք առանց ամօթոյ»: Ճեմարան ընդունվել ցանկացող յուրաքանչյուր դիմորդ քաջ պետք է գիտենա, թե ինքը ինչո՛ւ և ո՛ւր է դիմում ընդունվելու և արդյո՞ք ինքը համապատասխանում է այդ հաստատության կանոններին, պահանջներին ու պայմաններին: Ճեմարան չեն ընդունվում ո՛չ անվճար կրթություն ստանալու, ո՛չ բանակից փախուստ տալու, ո՛չ կարիերա ապահովելու, ո՛չ պաշտոններ հավակնելու, ո՛չ արտերկիր փոխադրվելու, ո՛չ էլ, պարզապես, վեղար կրելու համար: Ճեմարան ընդունվում են հոգևորական դառնալու հեռանկարով, իսկ դա նշանակում է հավատքի սխրագործություն, անձնվեր ծառայություն և հոգիների փրկության համար խաչակրություն, մի խոսքով` նմանվել և հետևել ճշմարիտ և հավիտենական Քահանայապետին` Հիսուս Քրիստոսին:

Հ. Եղիա Խաչատրյան                                                                     (Շար. Ե.)

Գևորգյան ճեմարանի նախկին փոխտեսուչ

Լուսանկարը` youtube.com կայքի։ 

Մեկնաբանություններ (2)

Ռադիկ Ավետյան
Պարո'ն Գալուստ, չարաչար սխալվում եք, ես դեռ ճեմարանական չեմ, բայց պատրաստվում եմ ընդունվել և սովորել , մի' ասեք այնպիսի բաներ վորոնց պատասխանը չեք կարող տալ, ճեմարանն է որ ՀԱՅ ԱԶԳԻՆ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ
Galust (bayc voch Sahakyan)
Գևորգյան ճեմարանում հստակ չգիտեմ, թե ինչ են սովորեցնում, բայց ավարտելուց հետո ուսանողները մի տեսակ կա՛մ ագահ են դառնում, կա՛մ ուղեղից բանջարեղեն: Հիմնականում այդպես է: Վիրավորելու ցանկություն չունեմ. ինչ կա այդ էլ ասում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter