HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ընտրություններից հետո կգնա՞ Ադրբեջանը պատերազմական սադրանքի

Հայաստանի հարևան երկու երկրներում` Թուրքիայում և Ադրբեջանում նոյեմբերի 1-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարան գործող իշխանությունը ներկայացնող ուժերը: Անկախ նրանից` ինչպես են արձանագրվել հայտարարված արդյունքները, մեկ բան արդեն իսկ պարզ է. երկու դեպքում էլ շարունակվելու է մինչև այժմ վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունը: Թե՛ այդ երկրների հասարակությունների և թե՛ տարածաշրջանի երկրների համար ամենաէականն այն է, որ գործ են ունենալու իրենց ռազմավարական ու մարտավարական առաջնահերթություններում կանխատեսելի իշխանությունների և քաղաքական կուրսի հետ: Այս իրողությունն էական է` հատկապես ղարաբաղյան հիմնահարցի շրջանակներում հետագա ընթացքների ու զարգացումների որոշակիացման իմաստով:

Ակնհայտ է, որ չնայած Ադրբեջանում կայացած միանգամայն կանխատեսելի խայտառակ ընտրություններին, այդ երկրի ընդդիմությունը լուրջ քաղաքական ռեզոնանսներ հարուցելու պոտենցիալ չունի` առավելևս այն պարագայում, երբ ընտրություններին հետևող ռուս դիտորդներն արդեն հայտարարել են, թե քվեարկությունն ամբողջությամբ համապատասխանել է օրենսդրությանը և ժողովրդավարության չափանիշներին: Ռուսաստանը դրանով ոչ միայն լեգիտիմացնում է Ալիևի ռեժիմի վերարտադրումը, այլև կանաչ լույս վառում ընտրությունների արդյունքների վիճարկմանն ուղղված հնարավոր զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու ալիևյան ռեժիմի գործողությունների առջև: Սա Արբեջանին Արևմուտքի հնարավոր ճնշումներից, հնարավոր պատժամիջոցներից պաշտպանելու միջոցով Բաքվի նկատմամբ քաղաքական ազդեցությունը մեծացնելու միջոց է: Բայց այս հանգամանքը երաշխավորում է Ալիևի բռնատիրության խորացմամբ հանդերձ Ադրբեջանի ներքին կայունությունը, որը նոր մեկնարկային պայմաններ է ստեղծելու Բաքվի համար` կենտրոնանալու ԼՂ հիմնահարցի վրա:

Բաքվում այլևս չեն թաքցնում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը, եթե Ռուսաստանը դրա դիմաց «վճարի» ԼՂ հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելով, այսինքն` ստատուս քվոն Ադրբեջանի օգտին փոխելով: Այս հանգամանքը կարող է լրջորեն ազդել կարգավորման բանակցային պրոցեսի վրա` ստեղծելով հակամարտությունը ռազմական փուլ տեղափոխելու իրատեսական հեռանկար: Խնդիրն այն է, որ եթե Մոսկվայի և Բաքվի միջև դրա հետ կապված պայմանավորվածություն կա, ապա նման օպերացիան հնարավոր է իրականացնել միայն Հայաստանի վրա ռազմաճակատում ճնշում գործադրելու, այսինքն՝ ՌԴ թույլտվությամբ Ադրբեջանի կողմից պատերազմի իմիտացիա ստեղծելու և Ռուսաստանին ուղղակի միջամտության և նոր սահմաններ գծելու առիթ տալու միջոցով: Իրավիճակի սրման հնարավորության մասին վկայում են ևս մի քանի իրողություններ:

  1. Եվրոպական կառույցների և մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան, ինչպես նաև այդ երկրի ընդդիմադիր հիմնական ուժերի կողմից ադրբեջանական ընտրությունների բոյկոտն ի սկզբանե ոչ լեգիտիմ է դարձնում ընտրությունների արդյունքները: Այս հանգամանքը ներքին ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության աղետալի վիճակի առումով Բաքվի հանդեպ արտաքին ճնշումների խորացման հիմքեր են ստեղծում: Եթե Ալիևի վարչակարգի համար այդ ճնշումները չափից դուրս զգալի լինեն, ամենայն հավանականությամբ, նա գործի կդնի սահմանային լարվածության մեծացման մեթոդը` միջազգային հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից ԼՂ կոնֆլիկտի վրա տեղափոխելու միջոցով:     
  2. Նախորդ երկու օրերին, այսինքն՝ Ադրբեջանում քվեարկության նախօրեին և բուն քվեարկությանը օրը, ադրբեջանական բանակը, ըստ ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրության, հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ` յուրաքանչյուր օր միջինը 100 անգամ: Մինչդեռ դրան նախորդող օրերին գրեթե դադարել էին հայկական դիրքերն ականանետների ու նռնականետների միջոցով արկակոծելու դեպքերը, իսկ հրաձգությունը կրճատվել էր գրեթե կիսով չափ: Սա վկայում է ընտրությունների թոհուբոհից հետո իրավիճակը կրկին լարելու՝ ադրբեջանական կողմի նախատրամադրվածության մասին: Նման սցենարի նախադեպը կա: Այս տարվա հունիսին Բաքվում կայացած եվրոպական խաղերին նախորդող օրերին և սահմանի ողջ երկայնքով գրեթե բացարձակ խաղաղ իրավիճակ էր: Սակայն խաղերի ավարտից անմիջապես հետո Բաքուն լոկալ պատերազմների շարք սկսեց հեռահար հրետանու կիրառմամբ, ինչի հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ ունեցան:
  3. Իրավիճակի սրման նախադրյալներ է ստեղծում Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը, ինչը հանգեցնելու է այդ երկրում ներքաղաքական իրավիճակի կայունացման: Սա թույլ է տալու ավելի կենտրոնանալ արտաքին հարցերի վրա: Հարավային Կովկասում Իրանի ակտիվացման հեռանկարը ստիպելու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային, այս տարածաշրջանում ավելի նախաձեռնող լինել` հաստատվելիք նոր ստատուս քվոն առավելապես իրենց շահերի վրա կառուցելու իմաստով: Վրաստանն արդեն սկսել է իրանական գազն իր տարածքով եվրոպական շուկաներ հասցնելու նախագծի շուրջ ակտիվ բանակցային գործընթաց Երևանի և առաջիկայում նաև Թեհրանի հետ, որը բացարձակապես չի կարող բավարարել ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ իրանական գազի արտահանման տրանզիտի դերին ամենաշատը հավակնող Թուրքիային: Մանավանդ որ վրացական այդ նախագծի կենսագործման արդյունքը լինելու է Երևանի և Վրաստանի տարածաշրջանային դերի մեծացումը: Այդ պլանները խափանելու լավագույն տաբերակը ռազմական պրովոկացիաներով պատերազմի սպառնալիքը մշտարթուն պահելն է:
  4. Նախորդ շաբաթ տարածաշրջանում էին գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` նախապատրաստելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն այս տարվա ընթացքում: Համանախագահների` այցի արդյունքներն ամփոփող հայտայտարության մեջ, սակայն, այդ հանդիպման մասին որևէ հավելյալ կոնկրետացում չարվեց, այսինքն՝ պարզ չդարձավ, թե որտեղ և կոնկրետ երբ է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ըստ ամենայնի, համանախագահների այցն այս առումով, թերևս, արդյունք չի ունեցել, և չի բացառվում, որ նախագահների հանդիպումն այս տարի չկայանա Ադրբեջանի դեմարշի պատճառով: Որ հանդիպման հետաձգման պատասխանատուն Բաքուն է, խոսում է երկու հանգամանք: Նախ` հոկտեմբերի սկզբին Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ հոբելյանական նստաշրջանին` հիմնականում այն պատճառով, որ Նյու Յորքում նախատեսված էր նրա հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Եթե Բաքուն բանակցությունները տապալելու մարտավարությամբ չառաջնորդվեր, ոչինչ չէր խանգարում Ալիևին մեկնելու ԱՄՆ: Երկրորդ` ԼՂՀ-ի հետ շփման գծում սահմանը համանախագահների կողմից հատելու և Ադրբեջան անցնելու ժամանակ նախորդ շաբաթ հնչել էին կրակոցներ, ինչը բացահայտ պրովոկացիա էր ադրբեջանական կողմից: Դրանք կրակոցներ էին ոչ թե անձամբ համանախագահների դեմ, այլ նրանց առաքելության: Բաքուն ուղղակի դեմարշ իրականացրեց ՄԽ համանախագահների և նրանց տարածաշրջանային այցի նպատակների նկատմամբ: Որ սա դեմաշ էր, վկայում է նաև այն փաստը, որ կրակոցները փաստացի հնչեցին սահմանային միջադեպերի բացահայտման և վերահսկողության մեխանիզմներ կիրառելու` ՄԽ համանախագահների կողմից արված առաջարկներից հետո: Դրանք, ի դեպ, Նյու Յորքում պաշտոնապես մերժվել էին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կողմից` այն պատճառաբանությամբ, թե նման մեխանիզմների կիրառումը փաստացի նշանակելու է առկա ստատուս քվոյի վերահաստատում: Բացի դրանից` ՄԽ համանախագահները արտգործնախարարների նյույորքյան հանդիպումից հետո արված համատեղ հայտարարությամբ ևս ամրագրեցին, որ այդ մեխանիզմների ներդրմանը խոչընդոտում է Ադրբեջանը:

Հետևաբար, եզրակացությունը պարզ է. եթե հակամարտող կողմերից մեկը չի ցանկանում նման մեխանիզմներ ներդնել, չի ցանկանում շարունակել խաղաղ բանակցությունները՝ թե՛ հակառակ կողմի և թե՛ միջնորդների առջև անդադար մաքսիմալիստական պահանջներ դնելով, ոչ միայն իր վրա է վերցնում իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը, այլև հաստատում է, որ գնում է ռազմական արկածախնդրության ճանապարհով և դրան լիարժեքորեն դիմելու համար ընդամենը աշխարհաքաղաքական հարմար դրության կամ առիթի է սպասում:

Որքան էլ թվում է, թե Բաքվի այս շանտաժային քաղաքականությունը մերժելի է միջազգային հանրության համար, այնուամենայնիվ, տակտիկական առումով իրեն դեռևս արդարացնում է: Երևանում ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, թե զարմանում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մերժում են նախորդ տարի Շվեյցարիայի կողմից արված` նախագահների բանակցություններին զուգահեռ «համակարգված բանակցություններ» անցկացնելու առաջարկը: «Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնց շուրջ կողմերը համաձայնություն ունեն: Ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ այս համակարգված բանակցությունների, ձևաչափի ուղղությամբ, և թե ովքեր պետք է լինեն այդ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ուորլիքը: Չնայած այս հայտարարությունը Հայաստանում բավարար ուշադրության չարժանացավ, սակայն իրականում դա հայտարարություն էր առ այն, որ հենց Հայաստանն է մեղավոր ավելի ընդլայնված ձևաչափով բանակցություններ չծավալելու, հետևաբար ընդհանրապես բանակցային պրոցեսը ձախողելու հարցում:

Բանն այն է, որ իրականում «համակարգված» բանակցությունների առաջարկն իսկապես արվել է նախորդ տարի, բայց դա ոչ թե Շվեյցարիայի, այլ Ադրբեջանի առաջարկն է եղել: Դրա իմաստն այն էր, որ կողմերը պետք է ոչ թե շարունակեն բանակցությունները հակամարության հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, այլ միանգամից անցնեն խաղաղության մեծ ու համապարփակ պայմանագրի մշակմանը` դրա համար ստեղծելով աշխատանքային խումբ կամ խմբեր: Ի դեպ,  անցած տարի գրեթե այս ժամանակահատվածում տարածաշրջան այցելած Ուորլիքը չէր թաքցրել իր հիացմունքն այդ առաջարկի կապակցությամբ և Երևանում ակտիվորեն տիրաժավորում էր այն: Երևանն այն ժամանակ մերժեց այս տարբերակը: Առանց հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու կամ որ նույնն է` առանց ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմների հստակեցման` խաղաղության համաձայնագրի մշակմանն անցնելը նշանակում է քննարկել մնացած բոլոր հարցերը` այդ թվում փախաստականների վերադարձի, շփման գոտում խաղաղարար ուժերի տեղակայման, Ադրբեջանին տարածքներ հանձնելու ընթացակարգի հարցերը, բացի ԼՂ կարգավիճակից:

Ուորլիքը, փաստորեն, կրկին շրջանառության մեջ դնելով այս առաջարկը` փորձում է Հայաստանին մեղավոր դարձնել բանակցությունների փաստացի տապալման հարցում, քանի որ, ըստ էության, Բաքվի վրա ազդելու որևէ ցանկություն կամ կարողություն չունեն: Այլ կերպ ասած` Ուորլիքը փորձում է հասկացնել, որ պատերազմից խուսափելու տարբերակը Հայաստանի համար Ադրբեջանի ցանկությունները հերթով բավարարելն է: Մինչդեռ այն, որ Ադրբեջանն առաջնորդվում է «ամեն ինչ, կամ ամեն ինչ» աբսուրդային տրամաբանությամբ, նրան բացարձակապես չի մտահոգում` իբրև պատերազմի վերսկսման սպառնալիք: Նման կեցվածքով ՄԽ համանախագահները փաստացի անուղղակի խրախուսում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունն ու շփման գծում իրավիճակը պայթյունավտանգ դարձնելուն ուղղված հետևողական քաղաքականությունը:

Այնպես որ, եթե անգամ մինչև դեկտեմբերի վերջ հնարավոր լինի կազմակերպել նախագահների պլանավորված հանդիպումը, դրա հետ մեծ սպասելիքներ կապել հնարավոր չէ: Խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի ձեռքերը մեծ հաշվով ազատվում են: Եվ, ինչպես կարելի է հասկանալ, դրանք շղթայելու միակ հույսը մնալու է հայկական բանակի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter