HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիներին կտրվեն բացառիկ պայմաններ սեփական արտադրանքը իրացնելու համար. խորհրդակցություն վարչապետի մոտ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին, գյուղատնտեսության բնագավառի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված աշնանացանի ցանքսի և բերքի իրացման հարցերին: Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ընթացիկ իրավիճակի վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը: Գյուղնախարարի տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքում արդեն 24,500 հա հերկ է կատարվել,  որից 6,700-ի վրա արդեն իրականացվել է ցանքսի աշխատանքներ: այն նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ավելի է շուրջ 2,000 հեկտարով:

Գործադիրի ղեկավարը հորդորել է ժամանակ չկորցնել և առաջիկայում սպասվող եղանակային բարենպաստ պայմաններում հանրապետության թե՛ ցածրադիր, և թե՛ բարձրադիր գոտիներում ակտիվորեն շարունակել հերկի և ցանքսի աշխատանքները: Վարչապետը նշել է նաև, որ ցանքսի հետ միասին անհրաժեշտ է ցանքատարածությունների և դրանց հարակից տարածքներում մոլախոտերի դեմ սրսկման աշխատանքներ իրականացնել՝ հետագայում հակահրդեհային պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ դարձնելու համար:

«Եթե ժամանակին սրսկումներ իրականացնենք, ապա ավելի քիչ ֆինանսական միջոցներ ու ռեսուրսներ կծախսվեն հակահրդեհային պայքարի միջոցառումների ժամանակ»,- ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ պետք է համալիր միջոցառումներ կազմակերպել նաև մկների և մկնանման կրծողների դեմ պայքարում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գարնանացան աշխատանքները խթանելու նպատակով վերջին տարիներին սև ցելի համար կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությանը: Այդ կապակցությամբ՝ վարչապետ Հարությունյանը նշել է, որ հաջորդ տարվանից ավելի արդյունավետ միջոց է ներդրվելու, և սև ցելի փոխարեն կառավարությունն այսուհետ խրախուսելու է ցանքաշրջանառությունը:

«Բացի սև ցելի արդեն կատարված աշխատանքներից, այլևս այդ նպատակով ֆինանսավորում չենք կատարելու: Իսկ ցանքաշրջանառության համար, որպես գարնանացան մշակաբույսեր, հողամշակներին առաջարկվելու է հնդկացորեն, արևածաղիկ, ինչպես նաև՝ անասնակեր որոշ մշակաբույսեր, որոնց վեգետացիոն շրջանը կարճ է, և անջրդի պայմաններում կարելի է լավ բերք ստանալ»,- ասել է վարչապետ Հարությունյանը:

Ա. Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը հանդես է գալիս ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ, որը նպաստելու է գյուղացու արտադրանքի իրացմանը: «Ստեփանակերտի կենտրորնական շուկայում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի միջոցներով վարձակալել ենք տաղավարներ, որոնք անվճար հիմունքներով տրամադրվելու են շրջաններին: Այդ տաղավարներում իրենց արտադրած ապրանքները վաճառելու համար՝ գյուղացիներին ապահովելու ենք նաև տրանսպորտով, գիշերակացի և անհրաժեշտ այլ պայմաններով: Իսկ մսի իրացման հարցում նրանց տեղում կօգնեն Հիմնադրամի կողմից վճարվող մսագործները»,- տեղեկացրել է գործադիրի ղեկավարը:

Վերջում վարչապետը, խորհրդակցության մասնակիցների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի կենտրորնական շուկա, տեղում ծանոթացել տաղավարների պայմաններին:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Յարգելի՛ խմբագրութիւն «Հետք»-ի, Թիւերը հայեցի գրելու հարցը դժբախտաբար չի լուծուիր Ձեր թերթին մէջ: Այս յօդուծի մէջ երեւցող երեք թիւերն ալ պէտք է գրուէին միջակէտով՝ 24.5000---6.700---2.000: Իսկ դուք գրած էք ստորակէտով: Ստորկակէտով կը գրուին տասնորդական կոտորակները՝ 1,7---4,21---18, 04 եւ այլն: Խնդրեմ, ճիշդ գրեցէք, որպէսզի ընթերցող հայն ալ ճիշդ սորվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter