HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպման սկզբում ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորված ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: Նախագահն առաջարկել է մինչ բանակցությունները մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:

Սերժ Սարգսյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական բազմաբնույթ օրակարգն ու երկկողմ ռազմավարական գործընկերությունն ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ հետագա քայլերը և այդ ամենում երկու երկրների օրենսդիր մարմինների դերը: Նրանք այդ համատեքստում բարձր են գնահատել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը:

Զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև փոխգործակցությունը, որին, նրանց համոզմամբ, նպաստում են պարբերաբար անցկացվող միջտարածաշրջանային համաժողովները: Սերժ Սարգսյանը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյի մասնակցությունը Երևանում վաղն անցկացվելիք Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողովին, որը համընկել է նրա պաշտոնական այցի ժամկետի հետ: Համաժողովը, Ս․Սարգսյանի համոզմամբ, կարևոր հարթակ է հայ-ռուսական օրակարգի արդիական հարցերի քննարկման, արդյունավետ մեխանիզմների մշակման և ապակենտրոնացված համագործակցության նոր հեռանկարային ուղղությունների նախանշման համար: Հանրապետության Նախագահը կարևորել է նաև երևանյան համաժողովին երիտասարդական կազմակերպությունների մասնակցությունը, որոնք տարիներ հետո հայ-ռուսական հարաբերություններն առաջ մղող ուժն են լինելու:

Հանդիպման ժամանակ երկու երկրների խորհրդարանականների միջև ակտիվ զարգացող փոխգործակցության համատեքստում կարևորվել է միջազգային խորհրդարանական հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Սերժ Սարգսյանը և Վալենտինա Մատվիենկոն մտքեր են փոխանակել նաև միջազգային արդի խնդիրների շուրջ, անդրադարձել տարածաշրջանի մարտահրավերներին, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter