Նոր Հաճնի ոստիկանության շենքի դիմաց փոքրիկ այգի է եղել, որը վերջին մի քանի օրում վերածվել է շինհրապարակի. կտրվել են հաստաբուն դեկորատիվ և պտղատու տասից ավելի ծառեր: Մեր այցելության ժամանակ բնակիչները վախվորած էին, նրանք չէին ցանկանում խոսել այգու և կտրված ծառերի մասին: Նոր Հաճնի հնաբնակներից Գեղեցիկ Երեմյանը միակն էր, ով բարձրաձայնում էր ապօրինի հատումների մասին, իսկ այդ ժամանակ համաքաղաքացիների մեկ այլ խումբ ծառերի բներն էր տեղավորում մեքենան՝ ձմեռվա վառելիքը հոգալու նպատակով:
Գեղեցիկ Երեմյանին այսօր արդեն հասցրել են սպառնալ. Անահիտ Փանյան անունով կինը և իր տղան ներկայացել են որպես տարածքի սեփականատերեր և ասել, որ չփորձի իրենց պատերազմ հայտարարել. «Ասաց՝ մենք վերևում էլ ծանոթ ունենք, ներքևում էլ, մեզ հանկարծ պատերազմ չհայտարարես»,- պատմում է Գեղեցիկը:
Նա այսօր այցելել է նաև Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին, հարցրել, թե ինչ իրավունքով է վերացնում քաղաքի կանաչ տարածքները: Վերջինս Գեղեցիկ Երեմյանին պատասխանել է. «Որտեղ ծառ կար որ»: Ըստ քաղաքում պտտվող խոսակցությունների՝ այդ տարածքում պատրաստվում են սուպերմարկետ կառուցել: Մեր այցելության պահին ջրագծերը քանդված էին՝ դրանք փոխելու նպատակով:
Օրվա աշխատանքային ժամին «Հետքը» փորձեց կապ հաստատել քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի հետ, սակայն քաղաքապետարանից հայտնեցին, որ վերջինս խորհրդակցության է: Մենք դեռևս կանդրադառնանք այս տարածքի սեփականատերերին և քաղաքապետի՝ կանաչ տարածքներում հողհատկացման որոշումներին:
Հիշեցնենք, որ Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը ԲՀԿ կուսակցության անդամ էր, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ կուսակցությունը թողնելուց հետո, այս տարվա մարտին նա լքել է կուսակցությունը։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել