HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նախկին տնօրենը կնիքը չի հանձնում

Շիրակի մարզի Հողմիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը 4 ամիս է` չի կարողանում անցնել իր պարտականությունների կատարմանը: Արդեն նախկին տնօրեն Արմենուհի Աղեկյանը հրաժարվում է հանձնել դպրոցի կնիքն ու պաշտոնական փաստաթղթերը:

«Ինձ հետ պայմանագիրը 3 տարով է կնքվել: Դրա մեջ չկա այնպիսի մի կետ, որ եթե ինչ-որ մեկը դատարանի վճռով վերականգնվի տնօրենի պաշտոնում, ես պիտի աշխատանքից ազատվեմ»,- ասում է Ա. Աղեկյանը:

Ռ. Խաչատրյանը Հողմիկի դպրոցի տնօրեն է նշանակվել 2004թ.: Մինչ այդ նույն պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ 1970-89թթ.: Անցյալ տարվա մարտին Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հրամանով նա ազատվել է աշխատանքից: Հրամանն անվավեր ճանաչելու հայցով Ռ. Խաչատրյանը դիմել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան: Հիմնվելով մարզի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկուցագրի վրա` դատարանը հայցը մերժել է:

«Այդ զեկուցագրի տակ ես իմ ստորագրությամբ նշել էի, որ բերված փաստերն իրականությանը չեն համապատասխանում: Սակայն այդ առնչությամբ բացատրություններ եւ հիմնավորումներ տալու հնարավորություն չեմ ունեցել»,- տեղեկացնում է Ռ. Խաչատրյանը:

Արդեն Վերաքննիչ դատարանում Ռ. Խաչատրյանի հայցը բավարարվել է, որն էլ իր հերթին Վճռաբեկ դատարանում բողոքարկել է մարզպետը: Բայց բողոքը շուտով վերադարձվել է անհիմն լինելու եւ օրենքի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: Ուստի, մարզպետը 2006թ. նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել Ա. Աղեկյանին ազատել, իսկ Ռ. Խաչատրյանին վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնում:

Ռ. Խաչատրյանը պատմում է, որ դրանից մի քանի օր անց ինքը գյուղապետի հետ գնացել է դպրոց, բայց Ա. Աղեկյանը դիրքերը չի զիջել: Այս մասին, մարզի Կրթության վարչությունից բացի, Ռ. Խաչատրյանը տեղյակ է պահել նաեւ մարզպետին, մարզի դատախազությանը եւ Դատական ակտերի հարկադիր կատարողներին (ԴԱՀԿ):

«Հարկադիրներն ասում են` մենք մեր գործն արել ենք. դիմել ենք մարզպետին, որ որոշում կայացնի: Այնինչ մարզպետը դրանից առաջ էր որոշումը կայացրել,- նշում է Ռ. Խաչատրյանն ու շարունակում,- ասում են` եթե կնիքը չի տալիս, դիմեք դատարան այն բռնագանձելու պահանջով: Հիմա ի՞նչ, ամեն մի փաստաթուղթը բռնագանձելու պահանջով պիտի դիմեմ դատարա՞ն: Չէ՞ որ դատարանն արդեն վճիռը կայացրել է»:

«Մենք մի քանի անգամ փորձել ենք ընդունման-հանձնման գործընթացն իրականացնել, բայց մանկավարժական կոլեկտիվը դեմ է: Դպրոցի 16 ուսուցիչներից 15-ը ստորագրել են, թե Ռ. Խաչատրյանի հետ ոչ մի դեպքում չեն աշխատի, քանի որ լավ ծանոթ են խախտումներով աշխատելու նրա ոճին,- ասում է մարզի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը եւ հավելում,-պրն Խաչատրյանը մեզ սկզբում համոզում էր, թե մանկավարժներից միայն մի քանիսն են իրեն դեմ: Բայց մի քանի օր առաջ մենք դարձյալ դպրոցում էինք, եւ անձամբ Ռ. Խաչատրյանի ներկայությամբ բոլորն էլ ասացին, որ դեմ են նրան, եւ իրենց նկատմամբ որեւէ ճնշում չի գործածվել»:

Ռ. Խաչատրյանն էլ մանրամասնում է, որ մինչ 2004թ.-ին իր տնօրեն նշանակվելը, այդ պաշտոնը զբաղեցրել է Արմենուհի Աղեկյանի սկեսրայրը, ում հետ ուսուցիչների զգալի մասն ունեցել է արյունակցական-բարեկամական կապ: Եվ դեռ այն ժամանակ նույն այդ բարեկամ-ուսուցիչների ընդդիմանալու պատճառով ընդունման-հանձնման գործընթացը ձգձգվել է մոտ 2 ամիս:

«Հիմա նույն պատմությունն է. հիմնական ընդդիմացողներն այդ 8 ուսուցիչներն են: Մնացած 7 ուսուցիչներից 3-ը ընդհանրապես պատասխան չեն տալիս, թե ինչու են ինձ դեմ: Մյուսները բերում են անհեթեթ պատճառաբանություններ: Իսկ ստորագրողներից մեկն էլ նոր է ընդունվել աշխատանքի եւ հետս չի էլ աշխատել»,- պարզաբանում է Ռ. Խաչատրյանն ու պնդում, որ ուսուցիչները գտնվում են տարբեր ազդեցությունների, ճնշումների տակ:

«Գիտեք, ինձ աշխատանքից ազատելը Կրթության վարչությունը հիմնավորում էր նաեւ նրանով, որ ուսուցիչը մատյանը լրացրել էր տառասխալով: Եթե տնօրենին հեռացնելու համար սա կարող է պատճառ լինել, ապա դժվար չի ենթադրել, թե ուսուցչի հեռացումը վարչության համար իրենից ինչ խնդիր է ներկայացնում: Ու սա ուսուցիչները շատ լավ գիտակցում են եւ գործում համապատասխան»,- իր ասածը հիմնավորում է Ռ. Խաչատրյանը:

Ըստ նրա` գյուղացիների ներկայությամբ որոշ ուսուցիչներ կամաչեն ստել, անհիմն պատճառաբանություններ ներկայացնել: Ուստի, ինքը Վ. Ասլանյանին առաջարկել է հրավիրել ընդհանուր համայնքի ժողով: Սակայն առաջարկը մերժվել է «համայնքը դպրոցի գործառույթների հետ կապ չունի» հիմնավորմամբ:

«Բայց չէ՞ որ դպրոցը համայնքինն է»,- ասում է Ռ. Խաչատրյանը եւ ընդգծում, որ իրեն աշխատանքից ազատելու համար գյուղապետն ու 58 ծնողներ բողոքել են` նամակ գրելով վարչապետին:

«Առաջին անգամ եմ այդ մասին լսում: Եթե նման բան նույնիսկ եղել է, վստահ եմ` ստորագրողների երեխաները մեր դպրոցի աշակերտները չեն: Հետո հաշվի պետք է առնել նաեւ այն, որ պարոն Խաչատրյանը Հողմիկ գյուղից է, իսկ ես` ոչ»,- ասում է Արմենուհի Աղեկյանը: Նրա խոսքերով` հարցը կնիքը հանձնել-չհանձնելու մեջ չէ. «Գերխնդիրն այն է, որ մանկավարժները չեն ուզում Ռ. Խաչատրյանի հետ աշխատել: Եվ, ի տարբերություն նրա, ես ոչ թե նշանակված, այլ ընտրված տնօրեն եմ: Ուսուցչական կոլեկտիվի կողմից միաձայն ընտրվելուց հետո է միայն մարզպետը նշանակել ինձ այս պաշտոնում: Ու մանկավարժների առջեւ ես պարտավորություններ ունեմ, չեմ կարող ոտնահարել նրանց իրավունքները»,- նշում է Ա. Աղեկյանը եւ ընդգծում, որ իր քայլերը ճիշտ են, եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական տեսանկյունից:

Կրթության բաժնի պետ Վ. Ասլանյանն էլ շեշտում է, որ դատարանի վճռի եւ մարզպետի որոշման իրականացման հարցում ամենաշահագրգիռ կողմն իրենք են: Սակայն այս դեպքում, ըստ նրա, դպրոցում կխաթարվի կրթական գործընթացը, եւ առաջին հերթին կտուժեն 120 աշակերտները: «Բացի այդ, այժմյան տնօրենը Ռ. Խաչատրյանի կողմից կատարված խախտումներ, զեղծարարություններ է հայտնաբերել եւ նյութերը հանձնել է դատախազություն: Ինչքանով գիտենք, քրեական գործ է հարուցվում, եւ գործը մտնելու է դատարան»,- ասում է նա:

Ա. Աղեկյանը վերոհիշյալ խախտումների մասին գերադասեց լռել. «Ես պարոն Խաչատրյանի նկատմամբ անձնական ոչինչ չունեմ: Ուղղակի ի պաշտոնե պարտավոր էի դա անել: Թող համապատասխան մարմինները գնահատականներ տան»: Իսկ թե ինչո՞ւ է Ա. Աղեկյանը աշխատանքից ազատվելուց հետո միայն այդ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին, վերջինս մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Ես նոր էի աշխատում, պիտի ծանոթանայի նյութերին, հասկանայի անելիքներս, իսկ դա ժամանակ է պահանջում»:

«Ինձ ուզում են մեղադրել ինչ-որ մարդկանց աշխատավարձը, թե աշխատավարձի կեսը վերցնելու մեջ, այն դեպքում, երբ ես 2005թ.-ին 240 000 դրամ բյուջեի տնտեսում եմ կատարել, մարել եմ նախորդ տնօրենից ժառանգած դպրոցի ունեցած 500 000 դրամի պարտքը,- ասում է Ռ. Խաչատրյանը եւ հավելում,-այդ մարդիկ, որոնց գումարն, իբր թե, վերցրել եմ, հասարակ գյուղացիներ են ու ոչ մի բողոք չեն ունեցել: Եթե նման բան լիներ, ժամանակին կդիմեին: Հիմա նրանց քառակի, հնգակի անգամ հարցաքննելով` փորձում են հակասություններ գտնել եւ գործին որակ հաղորդել: Բայց հո մենակ քրեական գործ հարուցելո՞վ չի. այդ ամենը պետք է ապացուցվի, չէ՞»:

Ռ. Խաչատրյանը տեղեկացնում է, որ դիմել է նաեւ Գլխավոր դատախազություն: «Հետաքրքիրն այն է, որ դիմումս մակագրվել է իմ քրեական գործով քննությունս վարող քննիչին: Ես նրան հարցնում եմ` հանցագործություն չի՞, որ դատարանի ուժի մեջ մտած վճիռը չի կատարվում, ասում է` հանցակազմ չեմ տեսնում: Էլ ի՞նչ ասեմ»,- հարցնում է Ռ. Խաչատրյանը: Ըստ նրա` ամեն գնով, նույնիսկ բարոյապես իրեն ճնշելու միջոցով ուզում են իրեն հեռու պահել դպրոցից. «Բայց ես չեմ հանձնվելու, հասնելու եմ նրան, որ էս անօրենություններին վերջ դրվի»,- շեշտում է Ռ. Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter