Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն արդարացնում է մոնոպոլիաները
Լիլիթ Թադևոսյան
ՀՀ տնտեսության վիճակը 24 տարվա ընթացքում երբեք չի եղել բարվոք և ցավոք շարունակում է մնալ ոչ բարվոք: Այդ մասին այսօր 4-րդ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը:
Իսկ պատճառներն ըստ Արմեն Դարբինյանի դրանք են, որ մենք այնուամենայնիվ գտնվում ենք շատ ծանր գեոքաղաքական իրավիճակում և փորձում ենք տնտեսություն կառուցել շատ ծանր գեոքաղաքական պայմաններում:
«Հիմնական պատճառը սա է, որովհետև ազատական տնտեսության մոդելը, որը մենք փորձեցինք կիրառել 90-ականների սկզբներին բնականաբար չաշխատեց: Չաշխատեց հենց այս ծանր պատերազմական, հետպատերազմական իրավիճակում: Այնպես որ հիմնական խնդիրը դա է, պետք է փորձել լուծել գեոքաղաքական կոնտեքստը և բարելավել իրավիճակն այնտեղ: Հարևանների հետ պետք է գտնել կոնսենսուսային լուծումներ»,- ասաց Արմեն Դարբինյանը:
Հարցին, թե ինչպես կգնահատի Համաշխարհային բանկի զեկույցում տեղ գտած այն հատվածը, որտեղ նշված է, որ Հայաստանի տնտեսությունն ամենամոնոպոլացվածն է նախկին ԽՍՀՄ երկրների մեջ և Արևելան Եվրոպայի երկրների մեջ, Արմեն Դարբինյանն ասաց, որ Համաշխարհային բանկի գնահատականի հետ կարելի է և՛ համաձայնել, և՛ ոչ:
«Ինչ է նշանակում մոնոպոլացված, եթե նկատի ունենք, ենթադրենք առևտրի, ո՛չ արդյունաբերական, ո՛չ տեխնոլոգիական զարգացում չենթադրող ոլորտներ, ապա միգուցե այո, բայց այն ոլորտները, որոնք զարգացում են ենթադրում, և հիմնվում են տեխնոլոգիական, տեխնիկական պրոգրեսի վրա, գիտելիքի վրա, գիտելիքահենք տնտեսության վրա, այդտեղ մոնոպոլ վիճակ չկա և չի էլ կարող լինել: Այսինքն՝ մենք պիտի զարկ տանք այնպիսի ոլորտներին, որոնք ենթադրում են տեխնիկական զարգացում»,- ասաց Արմեն Դարբինյանը:
Խոսելով նաև առևտրի ոլորտի մենաշնորհի մասին՝ Արմեն Դարբինյանն ասաց.
«Եթե մենք շարունակելու ենք հիմվել չարչիության վրա, բերենք , վաճառենք էժանով բերենք թանկով ծախենք և այլն՝ սա մեր ուղին չէ: Դրա համար ինձ առևտրի ոլորտն այդքան շատ հետաքրքիր չէ: Մանր առևտրի համար կարծում եմ հնարավորություններ թողնված են, այլապես չէին լինի մեր այս շուկաները՝ խայտառաակ անկազմակերպ, որոնք այսպես ասած դեպի ասիական զարգացում տանող ճանապարհ է: Մենք պետք է լինենք արտադրող արտահանող երկիր, ներմուծողների վրա ինչու եք այդքան շատ ուշադրություն դարձնում: Հիմա հնարավոր չէ բենզինը կամ դիզվառելիքը ներմուծել ավելի պակաս, քան 25 000 տոննայանոց տանկերով և դա շատ մարդու գլխի բան չէ»,- ասաց Արմեն Դարբինյանը:
Վերջինս նշեց, որ օրինակ վառելիքի ներկրումը ուզես, թե չուզես պետք է մոնոպոլացված լինի, քանի որ այլ ձև չկա ու չի կարող լինել Հայաստանում, քանի որ մենք փակված երկիր ենք և ծավալները սպասարկելու համար, դրանք ունեն իսկապես ռազմավարական նշանակություն, դրանք «պետականախառը» բիզնեսներ են, որովհետև պետության համար բացառիկ կարևոր նշանակություն ունեցող ոլորտներ են՝ վառելիքը և հացը:
«Ասենք թե 300 000 տոննա հաց ենք ներկրում, եթե չներկրեցինք կամ պակաս ներկրեցինք ժողովուրդը սոված կմնա չէ, այսինքն դա մասնավոր բիզնեսի խնդիրը չէ, դա պետական խնդիր է և պետությանը, եթե հարմար է աշխատել մեկի հետ, ուրեմն պետությանը հարմար է աշխատել մեկի հետ»,- նշեց նախկին վարչապետը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել